Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԱՐՈՆՅԱՆԸ ՆԱՀԱՆՋԵԼ Է, ԻՍԿ ՀԱԿՈԲՅԱՆԸ` ԱՌԱՋԱԴԻՄԵԼ

Սպորտ


«Chessliverating»-ի տվյալներով` հայ գրոսմայստեր Լեւոն Արոնյանը վերջին ամիսներին ունեցած ելույթների արդյունքում վարկանիշային 2.4 միավորի կորուստ է ունեցել: 2754 վարկանիշային միավորով Արոնյանը այժմ աշխարհի ոչ պաշտոնական վարկանիշային աղյուսակում ընթանում է 7-րդ տեղում:

Վերջին 2 ամիսների ընթացքում Արոնյանը 26 պարտիա է անցկացրել: Լեւոնը հիմնականում հանդես է եկել թիմային պայքարում: Նախ «Միկայի» կազմում մասնակցել է Եվրոպայի ակումբային առաջնությանը, ապա Հայաստանի հավաքականի հետ մասնակցել Համաշխարհային օլիմպիադայում: Անհատական պայքարում Արոնյանը ելույթ է ունեցել Չինաստանի Նանցզին քաղաքում կայացած սուպերմրցաշարում:

Իսկ ահա Վլադիմիր Հակոբյանը լուրջ առաջընթաց է ապրել: Վերջին ամիսների ընթացքում Հակոբյանը 27 պարտիա է անցկացրել եւ իր վարկանիշը ավելացրել 27.7 միավորով:

Այժմ Վլադիմիր աշխարհի ուժեղագույն գրոսմայստերիների շարքում 7-րդ է: Հակոբյանի առաջընթացին մեծապես նպաստել է Դրեզդենում կայացած օլիմպիադայում նրա ունեցած հաջող ելույթները:

Շոշափելի առաջընթաց է ունեցել նաեւ բուլղարացի Վեսելին Տոպալովը, որը իր վարկանիշը արդեն հասցրել է 2809-ի: Հաղթելով Նանցզինում կայացած սուպեր մրցաշարում` Տոպալովը ամրապնդվել է վարկանիշային աղյուսակի առաջին հորիզոնականում:

2-րդ տեղում ընթացող աշխարհի չեմպիոն Վիշվանաթան Անանդը արդեն 19 վարկանիշային միավորով է զիջում Տոպալովին:

Լավագույն եռյակը եզրափակում է Ռուսաստանի ներկայացուցիչ Ալեքսանդր Մորոզեւիչը, որը վերջին շրջանում կայուն խաղ չի ցուցադրում: Վարկանիշային միավորների լուրջ կորուստ է ունեցել ուկրաինացի Վասիլի Իվանչուկը, որը վերջերս հայտնվել է դոպինգային սկանդալային պատմության մեջ:

«Chessliverating»-ի հրապարակած թվերը պաշտոնական տեսք կստանան միայն հունվարի 1-ին, երբ ՖԻԴԵ-ն եւս մեկ անգամ հաշվարկելով գրոսմայստերների ելույթները, ավանդույթի համաձայն կհրապարակի լավագույն 100 շախմատիստների ցուցակը: Մինչ այդ գրոսմայստերներից շատերը հնարավորություն ունենեն որոշակիորեն բարելավել իրենց դիրքերը: