Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԱՆՑՆՈՂ ՇԱԲԱԹԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄԱՐԶԵՐՈՒՄ

Մարզեր


Եթե ժամանակին սեյսմիկ ռիսկի ճիշտ գնահատում լիներ, միգուցե նաեւ խուսափեինք 1988թ.երկրշարժի ծանր հետեւանքներից: 1988-ի աղետը միայն Գյումրիում հողին հավասարեցրեց 22 հազար բնակարան: Անօթեւան մնացին հազարավոր ընտանիքներ: Աղետից օրեր անց միայն պարզվեց, որ իրականում կարող էինք խուսափել անդառնալի ու մեծամասշտաբ վնասներից: 10 բալանոց երկրաշարժին շենքերից շատերը կարող էին դիմակայել, եթե կառուցված լինեին բոլոր չափանիշներին համապատասխան: Երկրաշարժը սթափեցրեց: Ինչեւէ:
2009-ից Գյումրիում մեկնարկում է բնակարանաշինական նոր ծրագիր: Պետբյուջեից հատկացվել է 77 միլիարդ դրամ: Առաջիկա երկու տարվա ընթացքում կկառուցի 2300 բնակարան: 1988-ին 22 հազար բնակարան ավերվել էր, այս 20 տարիների ընթացքում գրեթե նույնքան կառուցվել: 20 տարի տնակում ապրող անօթեւանին հասկանալու համար գոնե մեկ օր պետք է ապրել տնակում: 20 տարի սպասող անօթեւանը պատրաս է սպասել եւս երկու տարի, միայն թե այնքան սպասված բնակարանամուտ տոնի:
Ձորաշենը Գյումրիին կապող ճանապարհը գյուղացիները չեն էլ հիշում՝ վերջին անգամ երբ է բարեկարգ վիճակում եղել, իսկ ճանապարհի փոսներն ուղղակի կարելի է համեմատել խրամատների հետ: Աշոցքի տարածաշրջանի եւ ոչ մի ճանապարհ ընդգրկված չի ճանապարհաշինական եւ ոչ մի ծրագրում: Մարդիկ դժգոհում են, որ ավտոմեքենայով երթեւեկել ընդհանրապես հնարավոր չի:
Իսկ Մսի կոմբինատի թաղամասում մինչ այս շաբաթ գործում էր ընդամենը մեկ լուսակետ, այն էլ ՏԻՄ ընտրությունների շնորհիվ. նախընտրական շրջանում եկան, մեկը կարգի բերեցին եւ վերջ: Այդ մեկ լուսակետն էլ քմահաճույքով էր աշխատում: Իսկ անտուն շներ այս թաղամասում շատ են: Փողոցի մի կողմում փոսեր են, մյուս կողմում աղբ, անցնելն ուղղակի անհնար: Այս շաբաթ գյումրեցիների ահազանգերը տեղ հասան եւ այլեւս գոնե Լալայան փողոցի սկզբնամասից մինչեւ մսի կոմբինատի թաղամասի վերջնամաս բոլոր լուսակետերը վերանորոգված են: Իսկ մինչ այդ խոստումները տրվում էին միայն 2009 թվականին աշխատանքներն իրականացնելու վերաբերյալ:
Մի խումբ գյումրեցիներ իրենց զորակցությունը հայտնեցին Շիրակի թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աճապաղյանին, նրանք հավաստեցին եւս մեկ անգամ, որ սրբազանն իր գործունեության 9 տարիների ընթացքում շատ բան է արել թեմի համար, եւ որ իրենք ամեն ինչ անելու են սրբազանին ուրիշ թեմ ուղարկելուն խոչընդոտելու համար:
Կաթողիկոսը այս շաբաթ լսեց Գյումրիի պատվիրակությանը, որն Էջմիածնում էր ի պաշտպանություն թեմի առաջնորդի: Գարեգին Երկրորդը նրանց հանգստության կոչ արեց: Ամեն դեպքում «Ասպարեզ» ակումբի նախագահ Լեւոն Բարսեղյանը կաթողիկոսին ներկայացրեց իրականացված ստորագրահավաքի պատկերը: Բարսեղյանի գնահատմամբ, խնդիրը հաղթահարված է: Մոտ 40 օր ի պաշտպանություն սրբազանի պայքարող մարդիկ կսպասեն, չեն բողոքի եւ չեն մեկնաբանի տարբեր մարդկանց գործողություններ. եւ եթե հանկարծ սրբազանի կարգավիճակին նորից սպառնալիք լինի, իրենք կշարունակեն ավելի սուր պայքարը:
Մասնավոր տաքսի սպասարկում իրականացնող վարորդներն այս շաբաթ էլ շարունակեցին իրենց բողոքի ակցիան Գյումրիի քաղաքապետարանի մոտ: Նրանց ընդունեց քաղաքապետ Վարդան Ղուկասյանը եւ խոստացավ հետամուտ լինել օրենքի որոշ դրույթների փոփոխման գործին: Վարդան Ղուկասյանը հեռախոսով խոսեց ԱԺ պատգամավոր Սուքիաս Ավետիսյանի հետ, ու պայմանավորվեց մի քանի այլ պատգամավորների հետ Գյումրիում լսումներ կազմակերպել: Եթե այս քայլն էլ իր նպատակի չծառայի, ապա վարորդներն հավաստիացնում են, որ սոցիալական դժգոհությունները ժամանակի հետ կարող են վերաճել քաղաքականի: Նրանք սպառնում են նաեւ տաքսիներով անօրինականորեն հատել հայ-թուրքական սահմանը:
Լոռի Կոմպոզիտորների միության ստեղծման 75 ամյակի կապակցությամբ Վանաձորում հրավիրվել էր համերգ՝ Հայաստանի կոմպոզիտորների եւ երաժշտագետների միության նախաձեռնությամբ եւ մշակույթի նախարարության աջակցությամբ՝ երաժշտական օրեր ծրագրում. նման միջոցառումները միայն համերգային նպատակ չունեն, սա նաեւ խոսակցություն է պրոբլեմների մասին:
Բոլոր մարդիկ հավասար են, եւ ունեն հավասար իրավունքներ, կյանքի պայմաններն են նրանց դարձնում տարբեր: Դեկտեմբերի 3-ը հաշմանդամների միջագային օրն է: Օրվա առթիվ Վանաձորում տեղի ունեցավ կույրերի միավորման Լոռու մարզային մասնաճյուղի նոր վերանորոգված գրասենյակի բացման արարողությունը: Գրասենյակը վերնորոգվել է միավորման անդամների միջոցներով: Իսկ Լոռու մարզպետ Արամ Քոչարյանը գրասենյակին է նվիրել 2 գազի վառարան: Եվ ի նշան երախտագիտության, կույրերի միջոցներով վերանորոգված գրասենյակի բացման պատիվը տրվեց Արամ Քոչարյանին: Գրասենյակում ներկայացված էին խուլ-համրերի աշխատանքները:
«Քարը թվվածին չի արտադրում», «Փոքր ու միջին բիզնեսին աջակցենք». նման մեկնաբանություններով նկարներ էին ներկայացված գեղագիտության ազգային կենտրոնի Վանաձորի գրասենյակում, աշխատանքների հեղինակները կամավորներն էին, ժողովրդավարական նախաձեռնությունների երիտասարդական կենտրոն կազմակերպության աջակիցները եւ մարդիկ, ովքեր մտահոգ են կանաչ Վանաձորի բարի համբավը վերադարձնելու գործում:
Վանաձորի պետական բժշկական քոլեջը տոնեց իր 70 ամյա հոբելյանը: 1938-ին հիմնադրված եւ մինչ օրս բոլոր տնօրենների օրոք տարածաշրջանում հայտնի կրթական հաստատություն, որ փորձում է հետ չմնալ կրթական նոր չափորոշիչներից, շուրջ 1000 ուսանողներ, պարբերար նորացող բաժիններ, հմուտ դասախոսական կազմ՝ համալրված 80-ից ավելի մանկավարժներով: Պատկառելի հոբելյան՝ պատկառելի հյուրերի ներկայությամբ եւ թանկարժեք նվերներով:
«Խաչվող ուղիներ» սոցիալական հասարակական կազմակերպությունը 2008 թվականից իրականացնում է «անվտանգ վարքագիծ արտթերապիայի միջոցով» ծրագիրը: Ծրագրի շրջանակներում հոգեբանական աջակցություն ստացող դեռահասները հոգեթերապիայի մեթոդով աշխատելու ընթացքում սերտորեն համագործակցում են կազմակերպությունում գործող տիկնիկագործության խմբակի հետ: Տիկնիկների միջոցով երեխաները փորձում են լուծումներ գտնել տարբեր հոգեբանական սցենարների, որ առաջարկում են կազմակերպության հոգեբանները:
Ալավերդի Տնտեսական ճգնաժամն արդեն իրեն զգացնել է տալիս Ալավերդու գյուղմթերքների վաճառքով զբաղվող մարդկանց: Համեմատաբար լավ վիճակում գտնվող մարդիկ ավելի ծանր սոցիալական պայմաններում գտնվողներին պարտքով էին ապրանք տալիս՝ հույսով, որ երբեւէ գումարը կստանան: Որոշ վաճառողներ արդեն ապառիկ առեւտրից խուսափում են:
Այս շաբաթ միամյնաց հետ ծանոթացան Ալավերդու քաղաքապետ Արթուր Նալբանդյանն ու Կոբուլեթիի նորանշանակ մարզպետը: Այս ծանոթությունն կունենա բավականին կարեւոր նշանակություն՝ երկու քույր քաղաքների համագործակցության առումով: Աջարիան ունի 10 հազար հայ բնակչություն, Բաթումիում այլեւս ունենք հյուպատոս: Այս հարաբերությունները, ըստ Ալավերդու քաղաքապետի, կզարգացնի Ալավերդում զբասաշրջությունը:
Դեկտեմբերի 1-ը ՁԻԱՀ ի կանխարգելման միջազգային օրն է: Ցավոք,ինչպես ամբողջ Հայաստանում, այնպես էլ Ալավերդում ավելացել են ՄԻԱՎ, ՁԻԱՀ –ով վարակվածների թիվը: Այսօր Ալավերդում 12 վարակակիր կա, իսկ բժիշկ-վեներաբան Սերոբ Նազարեթյանի կարծիքով, այս թիվն ավելի մեծ է, ուղղակի նրանցից շատերը չեն ցանկանում հետազոտվել:
Ալավերդում այսօր գազ օգտագործողների թիվը 7000 է: Թաղամասեր կան, որտեղ գազաֆիկացման ծավալները հասնում են մինչեւ 90 տոկոսի: Փոխարենը պակասել է հեղուկ գաղօգտագործողների թիվը: Սակայն որոշակի դժգոհություններ էլ առաջանում են տարատեսակ մուծումների հետ կապված. շատերը չեն կարողանում բնակարաններում գազ ունենալ տեխնիակական աշխատանքների համար պահանջվող գումարների պատճառով:
Հաշմանդամների միջազգային օրը Ալավերդու թիվ 13 մանկապարտեզի սաները նշեցին բավականին ինքնատիպ. նրանք երթ իրականացրեցին հաշմանդամ երեխաների նկատմամբ հանդուրժողականություն պարունակող կոչերով պաստառներով՝ մանկապարտեզից դեպի Սարահարթի հրապարակ: Հրապարակում նրանք թռուցիկներ բաժանեցին, որոնցում պատմվում էր հաշմանդամների միջազգային օրվա մասին: Երեխաները քաջատեղյակ են, որ որոշակի արատներ ունեցող իրենց ընկերներին պետք է ընդունել եւ վերաբերել որպես հավասարի՝ շրջապատից չմեկուսացնելով նրանց: