Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՄԵԿ ՎԱՅՐԿՅԱՆՈՒՄ ԱՎԵՐՎԱԾԸ 20 ՏԱՐՈՒՄ ՀԱԶԻՎ ԿԱՌՈՒՑԵՑԻՆ

Մարզեր


Եթե ժամանակին սեյսմիկ ռիսկի ճիշտ գնահատում լիներ, միգուցե նաեւ խուսափեինք 1988թ.երկրշարժի ծանր հետեւանքներից:

1988-ի աղետը միայն Գյումրիում հողին հավասարեցրեց 22 հազար բնակարան: Անօթեւան մնացին հազարավոր ընտանիքներ: Աղետից օրեր անց միայն պարզվեց, որ իրականում կարող էինք խուսափել անդառնալի ու մեծամասշտաբ վնասներից: 10 բալանոց երկրաշարժին շենքերից շատերը կարող էին դիմակայել, եթե կառուցված լինեին բոլոր չափանիշներին համապատասխան:

Երկրաշարժը սթափեցրեց: աղետից անմիջապես հետո մեկնարկած մեծածավալ բնակարանաշինության հիմքում դրվեց գրունտի ուսումնասիրությունը եւ սեյսմակայունությունը: Շինաշխատանքների համար ավելի նպատակային համարվեց քաղաքի ծայրամասը, ավերված քաղաքում բնակարանաշինություն սկսելը տեխնիկապես անհնարին էր, ռիսկային եւ լրացուցիչ ուսումնասիրություններ էր պահանջում:

Աշխատանքների մեծ մասն իրականացրեցին նախկին ԽՍՀՄ տարբեր հանրապետություններից օգնության եկած շինարարները։ Սակայն երկու տարում կորցրածը վերականգնելու` Կենտկոմի ծրագիրը իրականում արդեն անիրագործելի էր.փոխվել էր մի ողջ հասարակարգ:

Արդյունքում մեկ տարում շինարարները լքեցին քաղաքը՝ իրենց հետ տանելով կենտրոնացված տեխնիկայի մի մասը: Մյուս մասն էլ խիստ հանգամանորեն օտարվեց, առանց պատճառաբանությամբ տեղափոխվեց մայրաքաղաք: Արդյունքում մի քանի ամսում փոշիացվեց ու լռեց ամեն ինչ:

1993-1998թթ-ին շինաշխատանքների տեմպերը կտրուկ նվազեցին՝ հասնելով ընդհուպ արգելակման: 2000թ. արդեն բնակարանաշինություն մեկնարկեց պետբյուջեի ֆինանասավորմամբ: Երկու տարում Լինսի ծրագրով կառուցվեց 2531 բնակարան: Կառուցապատումը իրականացվեց խիստ կարճ ժամանակահատվածում: Սակայն այս պարագայում արագություն եւ որակ ասվածը հազիվ թե համատեղելի էին: Առկա էր եւ նախագծային թերություն:

2009-ից մեկնարկում է բնակարանաշինական նոր ծրագիր, նախագծային եւ որակական անթերի աշխատանք խոստանում են: Պետբյուջեից հատկացվել է 77 միլիարդ դրամ: Առաջիկա երկու տարվա ընթացքում կկառուցի 2300 բնակարան: Իսկ մինչ այս նախապատրաստվում է տարածքը ու ապամոնտաժվում ռուս բարեկամների անավարտ թողած կառույցները: Ապամոնտաժման ընթացքում պարզվել է, որ կիսակառույցները հիմքեր չունեն:

1988-ին 22 հազար բնակարան ավերվել էր, այս 20 տարիների ընթացքում գրեթե նույնքան կառուցվել: 20 տարի տնակում ապրող անօթեւանին հասկանալու համար գոնե մեկ օր տնակում պիտի ապրել: 20 տարի սպասող անօթեւանը պատրաս է սպասել եւս երկու տարի, միայն թե այնքան սպասված բնակարանամուտ տոնի: