ԱՄԵՆԱՇԱՏԸ ՖՈՒՏԲՈԼԸ ՍԻՐՈՒՄ ԵՆ ԿԱՊԱՆՈՒՄ
Աջակցիր «Ա1+»-ինՖուտբոլի Հայաստանի 2008թ. առաջնության 113 հանդիպումներին ներկա է գտնվել ընդամենը 53307 հանդիսական: Եվրոպական առաջնությունների համամեմատ սա բավական ցածր ցուցանիշ է:
«Ա1+»-ի հաշվարկներով` Հայաստանի ավարտված առաջնությունը հանդիսականների առումով վատագույններից էր: Միջինը մեկ հանդիպմանը Հայաստանի առաջնության հանդիպումներին հետեւել է 213 հանդիսական:
Եթե այս թվից հանեք ֆուտբոլիստների հարազատներին, ապա կստացի, որ յուրաքանչյուր հանդիպման առավելագույնը 150 ֆուտբոլասեր է եղել հանդիպմանը: Կան նաեւ թիմեր, որոնց հանդիպումներին որպես կանոն ներկա է եղել 50-100 հանդիսական: Օրինակ` ետնապահ «Կիլիկիայի» հանդիպումներին հանդիսականների քանակը բավական քիչ է եղել: Առաջնության 113 հանդիպումները կայացել են 7 բնակավայրերի 13 մարզադաշտերում:
Ամենաշատ հանդիպում կայացել է Ոսկեհատ գյուղի «Վարդանանք-451» մարզադաշտում, որտեղ ելույթ է ունենում «Ուլիսը»: Մարզադաշտում միջինը ներկա են եղել 158 հանդիսականներ, ինչը վատագույն արդյունքներից մեկն է: Դա պայմանավորված է նրանով, որ Ոսկեհատ հասնելը հեշտ չէ շարքային երկրպագուների համար:
Խաղերի քանակով հաջորդը Կապանի «Լեռնագործ» մարզադաշտն է, որտեղ իր հանդիպումներն է անցկացնում «Գանձասարը»: Վերջինիս մասնակցությամբ հանդիպումներին են առավել շատ երկրպագուներ հավաքվել:
Հայաստանի խոշորագույն` «Հրազդան» մարզադաշտում կայացել են 10 հանդիպումներ: Շուրջ 55 հազար նստատեղ ունեցող մարզադաշտում միջինը 240 հանդիսական է ներկա գտնվել: Այստեղ իրենց հանդիպումներն են անցկացրել «Կիլիկիան» եւ «Բանանցը»: Հայաստանում երկրպագուների ամենամեծ բանակ ունի «Արարատը», սակայն այս թիմի սեփական հարկի տակ հանդիպումներից միջինը ներկա են եղել 285 հանդիսականներ: Այս ցուցանիշով «Արարատը» ընդամենը 6-րդն է առաջնությունում: Դա պայմանավորված է նրանով, որ թիմը սեփական հարկի տակ հանդիպումներից գերակշիռ մասը անցկացրել է Աբովյանի քաղաքային մարզադաշտում: Թեեւ Աբովյանը Երեւանին մոտ քաղաք է, բայց ամեն դեպքում թիմի ոչ բոլոր երկրպագուները կարող էին ամեն անգամ հասնել Քաղաքային մարզադաշտ:
Երկրպագուների ամենակայուն բանակը ունի «Գանձասարը», որը հանդես գալով Կապանում մշտապես հանդես է գալիս տեղացի ֆուտբոլասերների ակտիվ աջակցության ներքո: Կապանցիների սեփական հարկի տակ կայացած 14 հանդիպումներին 20250 հանդիսական է հետեւել: