Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ո՞Ր ՎԿԱՅԱԿԱՆԻ ՈՒԺՆ Է ԱՎԵԼԻ

Հասարակություն

Հայ առաքելական եկեղեցու կողմից պսակադրությունից հետո տրվող ամուսնության վկայականը քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալության (ԶԱԳՍ-ի) վկայականի ուժ ունի:

Սակայն, Վարդան քահանա Գափոյանի փոխանցմամբ, եկեղեցին այդ վկայականը հանձնում է նորապսակներին միայն քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալությունում գրանցվելուց հետո:

«ՀՀ-ը ճանաչում է, ՀՀ կառավարության  եւ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու միջեւ ստորագրված համաձայնագրով սահմանված կարգին համապատասխան, Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու` կանոնական ծեսով իրագործած ամուսնություններն ու հռչակած ամուսնալուծությունները»,-ասվում է «ՀՀ եւ Հայաստանյաց առաքելական սուրբ եկեղեցու հարաբերությունների մասին» օրենքի 9-րդ հոդվածում: Այն ընդունվել է 2007թ. փետրվարի 22-ին:

Այնուամենայնիվ օրենսդրությունը զույգերից պահանջում է նախ ամուսնության քաղաքացիական գրանցում, ապա հետո եկեղեցական պսակ, ինչը իր մեջ պարունակում է բազմաթիվ խոցելի տեղեր:

«Եթե օրենքով վերցնենք, մարդը կարող է ամուսնանալ եկեղեցով, մեկ ուրիշ կնոջ հետ էլ` ԶԱԳՍ-ով, ու տվյալ պարագայում պետությունը չի կարող կանոնակարգել, թե որի ուժն է ավելի: Դրա համար հարկավոր են որոշակի օրենսդրական փոփոխություններ»,- «Ա1+»-ին դժգոհեց քահանաներից մեկը:

Ի դեպ, մինչեւ օրս եկեղեցին որեւէ մեկին չի ամուսնալուծել: