«ԲԱՆՏԵՐԸ ԼՑՆԵԼՈՒ ՓՈԽԱՐԵՆ ԲՅՈՒՋԵՆ ԼՑՆԵՆՔ»
Աջակցիր «Ա1+»-ինՎերջին մի քանի ամիսներին Արմավիրում քննարկման հիմնական թեման քաղաքապետ Ռուբեն Խլղաթյանի դեմ` 2008թ մայիսի 5-ին հարուցված քրեական գործն էր: Նոյեմբերի 3-ին Արմավիրի մարզի դատախազ Հակոբ Ղարախանյանը հայտարարեց, որ գործը կարճվում է հանցակազմի բացակայության պատճառով:
Հակոբ Ղարախանյանը մասնագիտական առումով այս քրեական գործը շատ հետաքրքիր է համարում, քանի որ. «Բազմապրոֆիլ եւ բազմաբնույթ փորձաքննություններ էին նշանակվել, եւ սա այն գործը չէր, որ միանգամից լուծում տրվեր առանց մասնագիտական եզրակացությունների»: Քաղաքապետը մեղադրվում էր պաշտոնական դիրքի չարաշահման, շենք շինությունների վաճառքի ու կառուցման ապօրինի թույլտվություն տալու համար: Փորձաքննոււթյան ընթացքում փորձել են պարզել` արդյո՞ք աճուրդ-վաճառքն իրականացվել է օրենքի շրջանակներում եւ շինությունները համապատասխանում են սահմանված նորմերին:
«Նախաքննության արդյունքում` շուկայի եւ մյուս այլ տնտեսվարող սուբյեկտների հետ կապված, որոնք ուղղակիորեն առնչվում էին քաղաքապետի գործունեության հետ, հայտնաբերեցինք խախտումներ: Ատուգումների արդյունքում, որին ներգրավված էին նաեւ հարկային մարմինները, բավական լուրջ գումարներ վերականգնվեցին համայնքային բյուջեում»,- շարունակում է մարզի դատախազը եւ ավելացնում, որ քաղաքաշինության եւ մյուս այլ նորմերի առումով, ըստ փորձագետների եզրակացության, խախտումներ չկային:
«Բնականաբար, հանցակազմը բացակայեց եւ այս հիմքով գործը կարճվեց»,- նշում է Հակոբ Ղարախանյանը: Վերջինիս հավաստմամբ նյութական վնասի վերականգման առումով քննությունը համայնքին լուրջ օգուտներ է տվել, թե ինչքան` դատախազը չի հրապարակում:
Հակոբ Ղարախանյանը հավատացնում է, որ ոչ մի քրեական գործ անհետեւանք չի մնում: Մեղավորները պատժվում են: Պատժի ձեւ է նաեւ մեղավորին ֆինանսական տույժի ենթարկելը:
«Ժողովրդի մոտ քրեական գործը ասոցացվում է կալանքի, ձերբակալության, բանտերի հետ: Սակայն բանտերը լցնելու փոխարեն կարելի է պետությանը, բյուջեին, հանրությանը օգտակար գործողություններ կատարել, կարճ ասած բանտերը լցնելու փոխարեն բյուջեն գումարով լցնենք»,- եզրափակեց Հակոբ Ղարախանյանը: