Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԱՄԵՆԱԿԱՐԵՎՈՐ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ

Սպորտ

Ֆուտբոլի Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Արթուր Ոսկանյանը, որը հանդես է գալիս բելառուսական «Վիտեբսկ» ակումբում, Թուրքիայի հավաքականի հետ սեպտեմբերին 6-ին կայանալիք հանդիպումը համարում է կարեւորագույններից մեկը հայկական ֆուտբոլի պատմության մեջ:

«Առաջիկա հանդիպումը հավասարազոր է եզրափակիչ հանդիպման, ուստի մենք կներդնենք բոլոր ուժերը հաջողության հասնելու համար», - նշեց Ոսկանյանը:

Հավաքականի փորձառու խաղացողը հույս ունի, որ «Հրազդան» մարզադաշտի տրիբունաներում ազատ նստատեղ սեպտեմբերի 6-ին չի լինի.«Հանդիսականների դերը շատ մեծ է լինելու: Ֆուտբոլասերների աջակցությունը ինչպես երբեք մեզ համար մեծ նշանակություն ունի: Ես լավատես եմ եւ հույս ունեմ, որ ֆուտբոլասերները գոհ կհեռանան մարզադաշտից, ինչպես որ դա եղավ Հայաստան- Թուրքիա երիտասարդական հավաքականների հանդիպանը»:

Հայաստան-Թուրքիա երիտասարդական հավաքականների հանդիպմանը Արթուր Ոսկանյանը ներկա չի գտնվել, սակայն դիտելով հանդիպման կադրերը եւ խոսելով Հայաստանում բնակվող մտերիմների հետ` զգացել է, թե որքան մեծ է ոգեւորությունը.«Մեր ժողովրդի ուրախությունը այդ հաղթանակից հետո շատ մեծ է եղել: Իհարկե, երիտասարդական հավաքականը ազգայինի հետ համեմատելը այնքան էլ տեղին չէ, դրանք տարբեր մակարդակներ են, սակայն մեր տղաները արժանի են գովասանքի այդ փայլուն հաղթանակի համար: Նրանք բացառիկ կամային որակներ ցուցաբերեցին, հաղթելով հանդիպման վերջին րոպեներին: Այդ հաղթանակը հոգեբանական ազգեցություն կունենա նաեւ ազգային հավաքականների հանդիպման վրա»:

Հավաքականի խաղացողը միաժամանակ ընդգծեց, որ ուժեղ մրցակիցների դեմ Հայաստանը կազմակերպված եւ գրագետ ֆուտբոլ է ցուցադրում.«Հայաստանի հավաքականը իր լավագույն հանդիպումները անցկացրել է հենց ուժեղ հավաքականների դեմ պայքարում: Դրա վառ ապացույցը նախորդ տարի Լեհաստանի եւ Պորտուգալիայի դեմ մեր հանդիպումներն են: Ուժեղ մրցակից է նաեւ Թուրքիան, որի կազմում ընդգրկված խաղացողներից շատերը եվրոպական առաջատար ակումբների ֆուտբոլիստներ են»: