Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

‎ՖՈՒՏԲՈԼԻՍՏՆԵՐԻՆ ԱՌԱՋԱՐԿՈՒՄ ԵՆ ԳՆԱԼ ԾԻԾԵՌՆԱԿԱԲԵՐԴ

Սպորտ

Հայաստան-Թուրքիա ֆուտբոլային հանդիպման նախօրեին ՀՀ քաղաքացիներին եւ Ֆուտբոլի ազգային հավաքականին Ս.Դ.Հնչակյան Կուսակցությունը զսպվածության կոչ է հղել:

Հայաստան-Թուրքիա ֆուտբոլային հանդիպումը դիտելու նպատակով Հայաստան են ժամանում Թուրքիայի բազմաթիվ քաղաքացիներ:

«Գիտակցելով, որ մեր հայրենիքի եւ Թուրքիայի միջեւ կան բազմաթիվ չլուծված խնդիրներ, որ մեզնից եւ ոչ մեկը չի մոռացել դարասկզբին տեղի ունեցած ոճրագործությունը եւ , դրանից հետո էլ Թուրքիա պետության անհանդուրժող եւ հանցագործ պահվածքը հայերի նկատմամբ, այնուամենայնիվ կոչ ենք անում լավ ընդունելություն ցույց տալ այստեղ գտնվող Թուրքիայի քաղաքացիներին, ոչ մի կերպ չգնալ որեւիցե բախումների եւ վիճաբանությունների, որովհետեւ սա նախ եւ առաջ սպորտ է` ֆուտբոլ, որն, ինչ խոսք, մեզնից անկախ բազմաթիվ պատճառներով, քաղաքականացվել է»,-ասված է կոչում:

«Մենք պարտավոր ենք ողջ աշխարհին եւ հենց նույն Թուրքիային ապացուցել, որ մենք քաղաքակիրթ եւ հյուրասեր ժողովուրդ ենք եւ ի զորու ենք մարզական միջոցառումը տարբերել քաղաքական ցավոտ խնդիրներից: Ինչ վերաբերում է մեր ֆուտբոլի հավաքականին, վստահ ենք, որ մեր տղաները գիտակցում են, որ աշխարհի եւ Հայաստանի ողջ հայության ուշադրությունը սեւեռված է նրանց վրա, որ բոլորս հույսով սպասում ենք այս հանդիպման` մեզ համար հաղթական ավարտին: Խորհուրդ ենք տալիս մեր տղաներին խաղից առաջ գնալ Ծիծեռնակաբերդ եւ Եռաբլուր, ոգեշնչվել մեր նախնյաց եւ Արցախյան ազատամարտի հերոսների անմահ ոգիներով եւ նոր մեկնել հանդիպման: Վստահ ենք մեր հավաքականի հաղթանակին: Այս հաղթանակը լինելու է մեր ողջ ազգի, համայն հայության հաղթանակը: Հայ ժողովուրդը Ձեզ հետ է եւ անհամբեր սպասում է...»,-նշված է ՍԴՀԿ կոչում: