ՔԱՐԱՄՅԱՆՆԵՐԻ ԹԻՄԸ ՀԱՂԹՈՒՄ Է
Աջակցիր «Ա1+»-ինՍեպտեմբերի 6-ին կայանալիք Հայաստան - Թուրքիա 2010թ. աշխարհի առաջնության ընտրական փուլի հանդիպումից առաջ մեր ընտրանու կազմում ընդգրկված լեգեոներները իրենց վերջին հանդիպումներն են անցկացրել եվրոպական ակումբներում:
Ռումինիայի առաջնության 6-րդ տուրում Արման եւ Արտավազդ Քարամյանների «Տիմիշոարան» սեփական հարկի տակ 1:0 հաշվով առավելության հասավ Բուխարեստի «Դինամոյի» նկատմամբ: Արտավազդ Քարամյանը մասնակցեց ողջ հանդիպմանը, իսկ Արմանը դուրս եկավ փոխարինման 79-րդ րոպեին, որից վեց րոպե անց 10 հոգով հանդես եկող «Տիմիշոարան» կարողացավ խփել հաղթական գնդակը: Քարամյանների ակումբը 13 միավորով դուրս եկավ չորրորդ հորիզոնական:
Ուկրաինայի առաջնության 7-րդ տուրում Արարատ Առաքելյանի եւ Սամվել Մելքոնյանի «Մետալուրգը» (Դոնեցկ) ընդհատեց իր հաղթարշավը: 6 անդընդմեջ հաղթանակներից հետո «Մետալուրգը» հյուրընկալվելիս 0:1 հաշվով պարտվեց Կիեւի «Դինամոյին»: Արարատ Առաքելյանը եւ Սամվել Մելքոնյանը հանդիպմանը չեն մասնակցել: Առաքելյանը հայտավորված էր այս հանդիպմանը, սակայն դուրս չեկավ խաղադաշտ, իսկ Սամվել Մելքոնյանը «Մետալուրգի» փոխարինողների կազմում է հանդես եկել, որը 2:5 հաշվով պարտվել է «Դինամոյին»:
Ռուսաստանի առաջնության 20-րդ տուրում մերձմոսկովյան «Խմիկին», որը եզրափակում է մրցաշարային աղյուսակը, սեփական հարկի տակ մրցեց նախավերջին տեղում ընթացող «Շիննիկի» հետ: Ռոման Բերեզովսկու վստահ խաղի շնորհիվ տանտերերը անառիկ պահեցին սեփական դարպասը, սակայն հաջողության հանսել հարձակման գծում «Խիմկիի» ֆուտբոլիստներին չհաջողվեց: Միավորներ կորցնելով նաեւ այս մրցավեճում Բերեզովսկու թիմը հայտնվեց ավելի ծանր իրավիճակում: Թիմը 14 միավորով եզրափակում է մրցաշարային աղյուսակը իր տեղը պահպանելու համար առնվազն երկու տեղով պետք է առաջադիմի:
Դանիայի առաջնության 6-րդ տուրում Ռոբերտ Արզումանյանի «Ռանդերսը» իր առաջին պարտությունը կրեց հյուրընկալվելիս 1:2 հաշվով պարտվելով առաջատարին` «Օդենսեին»: Հայ ֆուտբոլիստի սեփական տուգանայինում թույլ տված խախտման ման համար 11 մետրանոց նշանակվեց «Ռանդերսի» դարպասին, որը տանտերերը հստակ իրացրեցին, իսկ Արզումանյանը նաեւ դեղին քարտի արժանացավ: Ընդմիջմանը Ռոբերտը փոխարինվել է: «Ռանդերսը» ինը միավորով ընթանում է 5-րդ հորիզոնականում:
Բելառուսի առաջնության 21-րդ տուրում «Վիտեբսկը», որի կազմում հանդես են գալիս Ալեքսանդր Թադեւոսյանը եւ Արթուր Ոսկանյանը, հյուրընկալեց «Գոմելին», որտեղ հանդես են գալիս Արա Հակոբյանը, Աղվան Մկրտչյանը եւ Արմեն Տիգրանյանը: Հանդիպումը ավարտվեց 1:1 հաշվով: «Վիտեբսկը» 35 միավորով ընթանում է վեցերորդ հորիզոնականում, իսկ «Գոմելը» 20 միավորով 13-րդ տեղում է: