Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԴԱՆԻԱՑՈՒ ԱՆՀԱՋՈՂ ՆՈՐԱՄՈՒՏԸ

Սպորտ

Ֆուտբոլի Հայաստանի առաջնության 17-րդ տուրում Երեւանի «Արարատը», 1:0 հաշվով առավելության հասնելով «Բանանցի» նկատմամբ, կրկին դուրս եկավ առաջին հորիզոնականը: Մինչ այս մրցաշարային աղյուսակը գլխավորող «Միկան», Կապանում զիջելով տեղի «Գանձասարին», նահանջեց 2-րդ տեղ:

«Արարատ» - «Բանանց» խաղում իր նորամուտը նշեց «Բանանցի» գլխավոր մարզիչ դանիացի Կիմ Սպիլտսբոելը, որը անցած շաբաթ այս պաշտոնում փոխարինեց բուլղարացի Նեդելչո Մատուշեւին: Վերջինիս գլխավորությամբ «Բանանցը» ձախողվել էր ՈւԵՖԱ-ի գավաթի խաղարկությունում եւ զիջել դիրքերը Հայաստանի առաջնությունում: Դանիացի մասնագետի գլխավորությամբ եւս «Բանանցը» ոչնչով աչքի չընկավ` զիջելով այս խաղում: «Արարատի» կազմում հաղթանակ գնդակը 61-րդ րոպեին խփեց բրազիլացի Ջեֆերսոնը:

«Մենք առավելություն ունեինք այս խաղում, իսկ առաջին կեսում 4-5 ռեալ գոլային պահ ստեղծեցինք, սակայն գրոհի եզրափակիչ փուլում չէինք կարողանում ճիշտ որոշում կայացնել, - հանդիպումից հետո ասաց «Արարատի» գլխավոր մարզիչ Վարուժան Սուքիասյանը, - Լավ հնարավորություններ ունեցան Կարեն Նավոյանը, Ռենատոն եւ Մարկոսը, սակայն նրանց չհաջողվեց դառնալ գոլի հեղինակ: Իսկ «Բանանց» ողջ հանդիպման ընթացքում որեւէ ռեալ պահ չունեցավ: Մենք հաղթեցինք եւ կրկին դուրս եկանք առաջին հորիզոնական, որը պահպանելու համար առաջիկայում մեզ շատ ծանր հանդիպումներ են սպասվում»:

Կապանում «Գանձասարը» շնորհիվ 79-րդ րոպեին Ալեքսանդր Պետրոսյանի խփած գոլի 1:0 հաշվով առավելության հասավ «Միկայի» նկատմամբ: Հաղթելով այս խաղում Սամվել Պետրոսյանի թիմը ամրապնդեց դիրքերը 4-րդ հորիզոնականում եւ եռյակ մտնելու այս թիմի հնարավորությունները ավելի մեծացան:

Անակնկալ գրանցվեց «Ուլիս» - «Կիլիկիա» խաղում, որը ավարտվեց 1:1 հաշվով: «Կիլիկիան» Էդուարդ Մարկարովի գլխավորությամբ արդեն մեկ անգամ չէ, որ կարողացել է միավորներ խլել կարգով իրենից բարձր թիմերի հետ պայքարում: Այս հանդիպումից առաջ եւս ֆավորիտը «Ուլիսն»: Ընթացիկ առաջնությունում այս թիմեր միջեւ կայացած նախորդ երկու հանդիպումներում «Ուլիսը» առավելության էր հասել միեւնույն 3:0 հաշիվներով, բայց այս խաղում Սեւադա Արզումանյանի սաներին հաջողվեց հաղթել:

«Խաղի հաշիվը բացելուց հետո 2-3 անգամ կարող էինք կրկնակապատկել հաշիվը, սակայն ստեղծված հնարավորությունները չօգտագործեցինք, - նշեց «Ուլիսի» գլխավոր մարզիչ Սեւադա Արզումանյանը, - 2-րդ կեսի սկզբնամասում «Կիլիկիային» հաջողվեց հավասարեցնել հաշիվը: Ընդունած գոլից հետո դարպասը գրավելու 3-4 ռեալ պահ ունեցանք, բայց մեկ դարպասաձողն էր օգնության գալիս մրցակցին, մեկ դարպասապահն էր իր բարձրության վրա, մեկ պաշտպաններն էին իրենց անձնուրաց խաղով չեզոքացնում վտանգը»: