Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՎՐԱՍՏԱՆԻ 3-ՐԴ ՈՍԿԻՆ ՊԵԿԻՆՈՒՄ

Սպորտ

Վրաստանի օլիմպիական հավաքականն այսօր իր 3-րդ ոսկե մեդալը նվաճեց «Օլիմպիադա-2008»-ում: 3-րդ ոսկին Վրաստանի համար նվաճեց 84 կգ քաշային ազատ ոճային ըմբիշ Ռեւազ Մինդորաշվիլին:

Այս քաշային կարգում հանդես էր գալիս նաեւ Հարություն Ենոքյանը, որը քառորդ եզրափակիչում պարտվեց հենց Մինդորաշվիլիին: Ենոքյանը հնարավորություն ստացավ պայքարելու բրոնզե մեդալի համար, սակայն այստեղ զիջեց մեկ այլ վրաց ըմբիշի՝ Գերմանիան ներկայացնող Դավիթ Բիչինաշվիլիին:

Եզրափակիչում Ռուազ Մինդորաշվիլին հանդիպեց Յուսուպ Աբդուսալոմովին (Տաջիկստան): Վրացի ըմբիշը 9:3 հաշվով պարտության մատնեց մրցակցին եւ դարձավ օլիմպիական չեմպիոն: Այս քաշային կարգում բրոնզե մեդալների արժանացան Գեորգի Կետոեւը (Ռուսաստան) եւ Տարաս Դանկոն (Ուկրաինա):

96 կգ քաշայինների պայքարում եզրափակիչ են դուրս էին եկել Թեյմուրազ Տիգիեւը (Ղազախստան) եւ Շիրվանի Մուրադովը (Ռուսաստան): Վերջինս առավելության հասավ 2:0 հաշվով: Այս քաշային կարգում բրոնզե մեդալների արժանացան Կետաք Գազյումովը (Ադրբեջան) եւ Գեորգի Գոգշելիձեն (Վրաստան):

ՕԼԳԱՆ ԱՄԵՆԱԱՐԱԳՆ ԷՐ

Կանանց սպորտային քայլքի 20 կմ տարածությունում չեմպիոնի կոչումը նվաճեց Ռուսաստանի ներկայացուցիչ Օլգա Կանիսկինան, որը ցույց տվեց 1:26:31 արդյունք: 1:27:07 արդյունքով արծաթե մեդալի արժանացավ Կիերստի Տայս Պլատցերը (Նորվեգիա): Լավագույն եռյակը եզրափակեց Էլիս Ռիգադոն (Իտալիա):

ԱՄՆ-Ն ՀԱՂԹԵՑ ՉԻՆԱՍՏԱՆԻՆ

Լողափնյա վոլեյբոլի եզրափակիչում ԱՄՆ-ի Կերրի Ուոլշ - Միստի Մեյ-Տրենոր զույգը 2:0(21:18, 21:18) հաշվով առավելության հասավ Տյան Ցզյա - Վան Ցզե (Չինաստան) զույգի նկատմամբ: Չնայած այս հաղթանակին ԱՄՆ-ի հավաքականը Չինաստանին ոսկե մեդալներով գերազանցելու հնարավորություն գործնականում չունի: Չինաստանը 45 ոսկե մեդալով վստահորեն գլխավորում է մրցաշարային աղյուսակը, իսկ ԱՄՆ-ն 27 ոսկե մեդալով ընթանում է 2-րդ հորիզոնականում:

ԱՆՆՇԱՆ ԱՌԱՎԵԼՈՒԹՅԱՄԲ

Տղամարդկանց լողի 10 կմ տարածությունում չեմպիոնի կոչումը նվաճեց հոլանդացի Մարտեն վան դեր Վեյդենը, որը ցույց տվեց 1:51.51,6 արդյունք: Հոլանդացի լողորդին աննշան տարբերությամբ զիջեց Դեվիդ Դեվիսը (Մեծ Բրիտանիա), որը ցույց տվեց 1:51.53,1 արդյունք: Լավագույն եռյակը եզրափակեց գերմանացի Տոմաս Լուրցը:

Վան դեր Վեյդենի նվաճած ոսկին 5-րդն էր Հոլանդիայի համար: Ընթացիկ օլիմպիական լաղերում հոլանդացի մարզիկները 14 մեդալի են արժանացել եւ ընթանում են 11-րդ հորիզոնականում: