ՀԻՆ ԾԱՆՈԹՆԵՐԻ ՆՈՐ ՀԱՆԴԻՊՈՒՄ
Աջակցիր «Ա1+»-ին«Օլիմպիադա -2008»-ում վաղը` օգոստոսի 14-ին, կավարտվի հունա-հռոմեական ոճի ըմբշամարտի մրցաշարը: Հայաստանի ներկայացուցիչներից պայքարի մեջ կմտնեն 84 կգ Դենիս Ֆորովն եւ 120 կգ Յուրի Պատրիկեեւը:
Դենիդ Ֆորովը պայքարը կսկսի 1/16-րդ եզրափակիչից` մրցելով ճապոնացի Շինգո Մատսումոտոյի հետ, որը Ասիայի 2008թ. չեմպիոնն է: Ճապոնացի ըմբիշը նախորդ օլիմպիական խաղերում գրավել է 7-րդ հորիզոնականը: Հաղթանակի դեպքում Ֆորովը դուրս կգա 1/8-րդ եզրափակիչ, որտեղ կմրցի Բրադ Վերինգ (ԱՄՆ) - Արթուր Միխալկեւիչ (Լեհաստան) զույգի հաղթողի հետ: Բրադ Վերինգը 2007թ. աշխարհի առաջնության փոխչեմպիոնն է, իսկ նրա լեհ մրցակիցը 2006թ. Եվրոպայի առաջնության եզրափակիչում հաղթել է հենց Դենիս Ֆորովին եւ դարձել չեմպիոն:
120 կգ քաշայինների պայքարում հանդես եկող Յուրի Պատրիկեեւից սպասելիքները բավական մեծ են: 2008թ. Եվրոպայի չեմպիոն, 2007թ. աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիրը համարվում է այս քաշային կարգում մեդալի ռեալ հավակնորդ: 1/8-րդ եզրափակիչում նա կմրցի Աֆրիկայի 2005 թ., 2007թ. եւ 2008թ. չեմպիոն Յասեր Սակրի հետ (Եգիպտոս): Հաջողության դեպքում Պատրիկեեւը քառորդ եզրափակիչում կհանդիպի Արտսիուխին (Բելառուս) Լոպես (Կուբա) զույգի հաղթողի հետ: Կուբացի Լոպեսը այս քաշային կարգի գլխավոր ֆավորիտն է, 2007թ. աշխարհի առաջնության չեմպիոնը: Ի դեպ, նախորդ տարի հենց Լոպեսից կրած պարտությունից հետո Պատրիկեեւը չկարողացավ աշխարհի առաջնությունում պայքարել ոսկե մեդալի համար:
ՎՐԱՑԻՆԵՐԻ ԱՌԱՋԻՆ ՈՍԿԻՆ
Վրաստանի օլիմպիական հավաքականն իր առաջին ոսկե մեդալը նվաճեց «Օլիմպիադա-2008»-ում: Հունա-հռոմեական ոճի ըմբշամարտում 74կգ քաշայինների պայքարում չեմպիոնի կոչումը նվաճեց Մանուչար Կվիրկելիան: Եզրափակիչում վրացի ըմբիշը 10:0 հաշվով առավելության հասավ Չինաստանի ներկայացուցիչ Յոնգհիանգ Չանգի նկատմամբ: Կվիրկելիան Վրաստանի պատմության մեջ դարձավ օլիմպիական ոսկի նվաճած 11-րդ ըմբիշը: Մինչ այս Մանուչարը 1-ական անգամ դարձել էր աշխարհի եւ Եվրոպայի չեմպիոն:
Վրաստանի օլիմպիական հավաքականը ընթացիկ խաղերում նվաճել է 1-ական ոսկե եւ բրոնզե մեդալներ: Մեդալների քանակով ներկայումս բացահայտ առաջատարը Չինաստանն է, որը արդեն 17 ոսկե մեդալ է նվաճել:
ՍԳՈ ՕՐ ՊԵԿԻՆՈՒՄ
Պեկինում գտնվող «Ռուսաստանի տանը» այսօր ինչպես եւ ողջ Ռուսաստանում սգի օր է, կապված Հարավային Օսեթիայում զոհված անձանց: «Ռուսաստանի տանը» իջեցվել է երկրի դրոշը եւ հետաձգվել են նախատեսված բոլոր զվարճալի միջոցառումները:
ՆԱԴԱԼԸ ՀԱՂԹՈՒՄ Է
«Օլիմպիադա-2008»-ում թենիսի մրցաշարի 3-րդ շրջանում իսպանացի Ռաֆայել Նադալը 6:4, 6:2 հաշվով առավելության է հասել Ռուսաստանի ներկայացուցիչ Իգոր Անդրեեւի նկատմամբ եւ դուրս եկել քառորդ եզրափակիչ, որտեղ կմրցի Յուրգեն Մելցերի հետ: Վերջինս 3-րդ շրջանում 6:2, 6:4 հաշվով պարտության է մատնել Լյու Յենա-Հսանին: Քառորդ եզրափակիչում հանդես գալու հնարավորություն է ստացել նաեւ Նովակ Ջոկովիչը, որը 7:6, 6:3 հաշվով առավելության է հասել Միխայիլ Յուժնիի նկատմամբ: Հավանական է, որ կիսաեզրակիչում Ջոկովիչը կհանդիպի Նադալի հետ, որը Ֆեդերերի հետ միասին համարվում է օլիմպիական խաղերի գլխավոր ֆավորիտը: