Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՎԱՐԴԱՆՅԱՆԸ ԲՐՈՆԶ ՆՎԱՃԵՑ ՈՒԿՐԱԻՆԱՅԻ ՀԱՄԱՐ

Սպորտ

Ուկրաինայի հավաքականի կազմում ընգրկված 66կգ քաշային հունա-հռոմեական ոճի ըմբիշ Արմեն Վարդանյանը, այսօր Պեկինում բրոնզե մեդալի արժանացավ: Վարդանյանը բրոնզե մեդալի համար պայքարում 11:4 հաշվով պարտության մատնեց բուլղարացի Նիկոլայ Գերգովին: Այս քաշային կարգում ոսկե մեդալի արժանացավ ֆրանսիացի Սթիվ Ժուենոն, որը եզրափակիչ առավելության հասավ Ղրղզստանի ներկայացուցիչ Կանատբեկ Բեգալիեւի նկատմամբ:

26-ամյա գյումրեցի մարզիկը 2008թ. Տամպերեյում կայացած Եվրոպայի առաջնությունում 66կգ քաշայինների պայքարում դարձել էր չեմպիոն: Օլիմպիական խաղերից առաջ Ուկրաինայի հավաքականի մարզիչները որոշել էին Պեկին տանել Ալեքսանդր Խվոշչին, որը 2007թ. աշխարհի առաջնությունում գրավելով 8-րդ հորիզոնականը` ուղեգիր էր նվաճել, սակայն վերջին պահին Վարդանյանը հայտնվեց Ուկրաինայի օլիմպիական հավաքականի կազմում եւ արդարացրեց սպասելիքները:

Արմեն Վարդանյանը 1999թ. Գյումրիից տեղափոխվել է Զապորոժյե եւ սկսել մարզվել ուկրաինական այս քաղաքում: Ստանալով Ուկրաինայի քաղաքացիություն` վերջին 9 տարիներին հանդես է եկել այդ երկրի դրոշի ներքո: 2003թ. դարձել է աշխարհի եւ Եվրոպայի փոխչեմպիոն, իսկ 2008թ. նվաճել է Եվրոպայի չեմպիոնի կոչումը:

ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՌԵԿՈՐԴ

Ծանրամարտի կանանց 69կգ քաշայինների պայքարում ոսկե մեդալի արժանացավ Չինաստանի ներկայացուցիչ Լյու Չունխոնը` սահմանելով նոր համաշխարահային ռեկորդ (286 կգ.): Արծաթե մեդալի արժանացավ Ռուսաստանի ներկայացուցիչ Օկսանա Սլիվենկոն, որը երկամարտում ցույց տվեց ընդամենը 255 կգ արդյունք: Լավագույն եռյակը 240 կգ-ով եզրափակեց Նատալյա Դավիդովնան (Ուկրաինա):

ԱՐԴԵՆ ՀԱՋՈՐԴ ՓՈՒԼՈՒՄ

Կանանց բասկետբոլի Ռուսաստանի հավաքականը ապահովեց իր տեղը քառորդ եզրափակիչում` 71:65 հաշվով հաղթելով Բելառուսի հավաքականին: Տոնելով 3-րդ անընդմեջ հաղթանակը` Ա խմբում ընդգրկված Ռուսաստանը այժմ գլխավորում է մրցաշարային աղյուսակը եւ անկախ մյուս տուրերի արդյունքներից ապահվել է իր տեղը հաջորդ փուլում: Այս խմբի մյուս 3 ուղեգրերին հավակնում են Լատվիայի, Բելառուսի, Ավստրալիայի եւ Կորեայի հավաքականները, իսկ ահա Բրազիլիան 3 պարտություններից հետո գործնականում զրկվել է նման հնարավորությունից:

Բ խմբում մրցակցությունից դուրս է ԱՄՆ-ի հավաքականը, որի հետ միասին պայքարը շարունակելու լավ հնարավորություն ունեն Իսպանիայի, Չինաստանի եւ Չեխիայի հավաքականները:

ՀԱՋՈՂՈՒԹՅԱՆ ԳԱՂՏՆԻՔԸ

Օլիմպիական խաղերի կազմակերպիչները խոստովանել են, որ հաճախ դիմում են կամավորների օգնությանը` դատարկ տրիբունաները լցնելու համար: Նրանց կարծիքով լեփ-լեցուն տրիբունաներն անհրաժեշտ են տոնական մթնոլորտում սպորտային մրցաշարերը անցկացնելու համար:

Դեղին շապիկներով, չինարեն արտահայտություններ վանկարկող, խմբեր կարելի է տեսնել օլիմպիական մարզադաշտերից շատերում: «Մեր կողմից օգտագործվող աջակցության խմբերը կազմված են կամավորներից, որոնք իրենց ներկայությամբ տոնական մթնոլորտ են ստեղծում, դրանով օգնելով մարզիկներին բարելավվել իրենց արդյունքները», - ասել է «Օլիմպիադա-2008»-ի կազմկոմիտեի գործադիր տնօրեն Վան Վեյան: Վերջինս գտնում է, որ դատարկ տրիբունաները կարող են հոգեբանական վատ ազդեցություն ունենալ մարզիկների վրա:

Այս խոստովանությունը բացասական արձագանք է գտել սպորտի սիրահարների շրջանում. խաղերի ընթացքում նրանցից շատերը չեն կարողանում տոմս գնել, քանի որ տոմսերը սպառված են: Հազարավոր մարզասերներ ստիպված են տոմս փնտրել վերավաճառողների շրջանում: