Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԵՎՍ 2-Ը ԸՄԲՇԱՄԱՐՏՈՒՄ

Սպորտ

Վաղը՝ օգոստոսի 13-ին, «Օլիմպիադա-2008»-ի հունա-հռոմական ոճի եւս 2 հայ ըմբիշներ կմտնեն պայքարի մեջ: Ելույթ կունենա 66 կգ Արման Ադիկյանը եւ 74 կգ Արսեն Ջուլֆալակյանը:

Արման Ադիկյանը պայքարի մեջ կմտնեն 1/16-րդ եզրափակիչից, որտեղ կմրցի հունգարացի Տամաշ Լորինցի հետ: Հունգարացի ըմբիշը 2006թ. Եվրոպայի չեմպիոնն է, իսկ 2007թ. աշխարհի առաջնությունում զբաղեցրել է 5-րդ հորիզոնականը: Ադիկյանը եւս 2007թ. Բաքվում կայացած աշխարհի առաջնությունում գրավել էր 5-րդ հորիզոնականը, որը նրա լավագույն արդյունքն է միջազգային ասպարեզներում: Այս զույգի հաղթողը հավանաբար կմրցի ֆրանսիացի Սթիվ Ժունոյի հետ, որի աշխարհի փոխչեմպիոնն է: Ժունոն 1/16-րդ եզրափակիչում հանդիպելու է կուբացի Ալաին Միլիանի հետ: 66 կգ քաշայինների պայքարում հանդես կգա նաեւ Արմեն Վարդանյանը, որը ներկայացնում է Ուկրաինան: Գյումրեցի ըմբիշին Ուկրաինայի հավաքականի մարզիչները վերջին պահին ընդգրկեցին հավաքականում: 2007թ. Եվրոպայի չեմպիոնը 1/8-րդ եզրափակիչում կհանդիպի Ադրբեջանի ներկայացուցիչ Ֆարիդ Մանսուրովին, որը 2007թ. աշխարհի առաջնության հաղթողն է:

74 կգ քաշայինների պայքարում Արսեն Ջուլֆալակյանը իր առաջին մրցամարտը կանցկացնի 1/16-րդ եզրափակիչում: Նրա մրցակիցը կլինի ուկրաինացի Վլադիմիր Շացկիխը: Վերջինս 2006թ. աշխարհի չեմպիոնն է, սակայն 2007թ. առաջնությունում բավական անհաջող հանդես եկավ: Հաղթանակի դեպքում Ջուլֆալակյանի կմրցի Պետեր Բասցի (Հունգարիա) - Դանցլեր (ԱՄՆ) զույգի հաղթողի հետ: Այս զույգի ֆավորիտը հունգարացին է, որը հաղթել է 2008թ. Եվրոպայի առաջնությունում:

21-ամյա Արսեն Ջուլֆալակյանը մեծահասակների մասնակցությամբ միջազգային խոշոր մրցաշարերում առայժմ հաջողության չի հասել:

56-ՐԴ ՏԵՂՈՒՄ

Հայաստանի հավաքականում ընդգրկված միակ լողորդը՝ Միքայել Քոլոյանը, այսօր ազատ ոճի 100մ տարածությունում զբաղեցրեց 56-րդ հորիզոնականը: Քոլոյանը դուրս մնաց հետագա պայքարից, քանի որ կիսաեզրափակիչի ուղեգրի իրավունք էին ստանում միայն առաջին 16 հորիզոնականներում հայտնված մարզիկները:

ԾԱՌՈՒԿԱԵՎԱՆ ՁԱԽՈՂՎԵՑ

Կանանց ծանրամարտի 63կգ քաշայինների ֆավորիտ Սվետլանա Ծառուկաեւան հրում վարժությունում չկարողանալով բարձրացնել 107կգ-անոց ծանրաձողը դուրս մնաց մեդալների համար պայքարից: Այս քաշային կարգում երկամարտի 241կգ արդյունքով չեմպիոնի կոչումը նվաճեց Հյուսիսային Կորեան ներկայացնող Հյոն Սուկ Պակը: 240կգ արդյունքով արծաթե մեդալի արժանացավ Ղազախստանը ներկայացնող Իրինա Նեկրասովան: Լավագույն եռյակը 231կգ արդյունքով եզրափակեց Յինգ Լուն (Տայպեյ):

4-ՐԴ ՓՈՐՁԸ ԱՆՀԱՋՈՂ ԷՐ

Օլիմպիական խաղերի կրկնակի չեմպիոն Արմեն Նազարյանը «Օլիմպիադա-2008»-ից Բուլղարիա կվերադառնա առանց մեդալի: Հայ ըմբիշը, որը հանդես էր գալիս հունա-հռոմեական ոճում 60կգ քաշայինների պայքարում, քառորդ եզրափակիչում զիջելով ադրբեջանցի մարզիկին, պարտվեց նաեւ բրոնզե մեդալի համար պայքարում՝ զիջելով չինացի ըմբիշին: Նազարյանը 1996թ. օլիմպիական խաղերում Հայաստանի դրոշքի ներքո էր նվաճել ոսկե մեդալ, ապա տեղափոխվելով Բուլղարիա «Սիդնեյ-2000»-ում եւս մեկ անգամ դարձել էր օլիմպիական չեմպիոն: 2004թ. խաղերում Նազարյանը արժանացել էր բրոնզե մեդալի: «Պեկին-2008»-ը հայտնի ըմբիշի համար վերջինն էր նրա կարիերայում: