Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԲՐՈՆԶԻ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ԿԱ

Սպորտ

Այսօր Պեկինում ընթացող օլիմպիական խաղերում մեկնարկեց հունա-հռոմեական ոճի ըմբշամարտի մրցաշարը: Հայաստանի ներկայացուցիչներից պայքարի մեջ մտան 55կգ Ռոման Ամոյանը եւ 60 կգ Կարեն Մնացականյանը:

1/8-րդ եզրափակիչում Ռոման Ամոյանը հանդիպեց Ասետ Իմանբաեւի (Ղազախստան) հետ եւ հաղթեց 7:2 հաշվով: Քառորդ եզրափակիչում հայ ըմբիշը մրցեց Վրաստանի ներկայացուցիչ Լաշա Գոգիտաձեի հետ եւ կրկին հաղթեց՝ այս անգամ 7:3 հաշվով: Կիսաեզրափակիչում Ամոյանի մրցակիցը Ադրբեջանը ներկայացնող Ոովշան Բայրամովն էր, որին Ռոմանը պարտվել էր 2007թ. աշխարհի առաջնության առաջին փուլում, Եվրոպայի 2008թ. առաջնության եզրափակիչում: Ցավոք, Ամոյանը այս անգամ եւ պարտություն կրեց՝ զիջելով 3:11 հաշվով: Քիչ անց Ամոյանը մրցամարտ կանցկացնի բրոնզե մեդալի համար:

60կգ Կարեն Մնացականյանը պայքարը թողեց արդեն 1/16-րդ եզրափակիչում՝ պարտվելով ճապոնացի Մակոտո Սասամոտոյին, որը աշխարհի առաջնության փոխչեմպիոնն էր: Հաղթելով Մնացականյանին 1/8-րդ եզրափակիչում` ճապոնացին պարտվեց Բուլղարիայի դրոշի ներքո հանդես եկող Արմեն Նազարյանին, որը 1/16-րդ եզրափակիչում հաղթել էր աշխարհի չեմպիոն Դավիթ Բեդինաձեին:

Օլիմպիական խաղերի կրկնակի չեմպիոն Արմեն Նազարյանը, հաղթելով աշխարհի չեմպիոնին եւ փոխչեմպիոնին, դուրս եկավ քառորդ եզրափակիչում, որտեղ 2:10 հաշվով զիջեց Ադրբեջանի ներկայացուցիչ Վիտալի Ռահիմովին: Վերջինս դուրս է եկել եզրափակիչ, ուստի Նազարյանը դեռ շարունակում է պայքարը բրոնզե մեդալի համար:

Իսկ Ադրբեջանը այսօր արդեն 2 արծաթ է ապահովել 55 կգ եւ 60 կգ քաշայինների պայքարում՝ դուրս գալով եզրափակիչ: Ադրբեջանցիները եզրափակիչներում մրցելու են ռուսների հետ:

ԲԱԽՏԱՄՅԱՆԸ ՁԱԽՈՂՎԵՑ

Հայաստանի օլիմպիական հավաքականում ընգրկված ամենափորձառու մարզիկը՝ հրաձգի Նորայր Բախտամյանը, ավարտեց իր ելույթները «Օլիմպիադա-2008»-ում: Թեեւ Նորայրը մեդալի ռեալ հավականորդ էր համարվում, սակայն նույնիսկ մոտ չէր հաջողությանը:

Այսօր նա հանդես եկավ 50 մ ատրճանակով վարժությունում: Որակավորման փուլում վաստակելով 555 միավոր Բախտամյանը գրավեց ընդամենը 15-րդ հորիզոնականը եւ չկարողացավ դուրս գալ եզրափակիչ, որտեղ գալու իրավունք ստացան 1-ին 8 հորիզոնականները գրաված հրաձիգները:

Օգոստոսի 9-ին Նորայր Բապտամյանը անհաջողության էր մատնվել նաեւ 10 մ օդամղիչ ատրճանակից վարժությունում: 2004թ. օլիմպիական խաղերում Բախտամյանը 2 վարժություններում էլ կարողացել էր դուրս գալ եզրափակիչ՝ գրավելով 4-րդ եւ 7-րդ հորիզոնականները: