ԸՆԴԴԵՄ ԱՇԽԱՐՀԻ ՓՈԽՉԵՄՊԻՈՆԻ
Աջակցիր «Ա1+»-ին«Օլիմպիադա-2008»-ում վաղը՝ օգոստոսի 12-ին, վաղ առավոտյան պայքարի մեջ կմտնեն հունա-հռոմեական ոճի ըմբիշները: Հայաստանից ներկայացուցիչներից հանդես կգան 55 կգ քաշային Ռոման Ամոյանը եւ 60 կգ Կարեն Մնացականյանը:
Վիճակահանությունը բավական հաջող կարելի է համարել Ռոման Ամոյանի համար, որը 1/8-րդ եզրափակիչում հանդիպելու է Ասետ Իմանբաեւի (Ղազախստան) հետ: Իմանբաեւը միջազգային խոշոր մրցաշարերում ոչնչով աչքի չի ընկել, իսկ ահա Ամոյանը Եվրոպայի 2006թ. չեմպիոնն է, 2005թ., 2008թ. փոխչեմպիոնը: Հաղթանակի դեպքում Ռոմանը կմրցի Լաշա Գոգիտաձե (Վրաստան) Հուաֆենգ Յիաո (Չինաստան) զույգի հաղթողի հետ:
Իսկ Կարեն Մնացականյանին անհամեմատ լուրջ փորձություն է սպասվում: 1/16-րդ եզրափակիչում նրա մրցակիցը կլինի ճապոնացի Մակոտո Սասամոտոն, որը աշխարհի առաջնության փոխչեմպիոնն է: Սասամոտոն 2007թ. սեպտեմբերին Բաքվում կայացած աշխարհի առաջնությունում հասել է մինչեւ եզրափակիչ՝ արժանանալով արծաթե մեդալի: Եւս մեկ անգամ ճապոնացին աշխարհի չեմպիոն է դարձել 2005թ.: Օլիմպիական խաղերին Սասամոտոն մասնակցում է 3-րդ անգամ: Նրա լավագույն արդյունքը եղել է 5-րդ հորիզոնականը 2004թ. Աթենքում կայացած խաղերում:
Կարեն Մնացականյանը 2006թ. Եվրոպայի չեմպիոնն է: Աշխարհի առաջնություններում Մնացականյանի լավագույն ելույթը եւս արծաթե մեդալն է, որին Կարենը արժանացել է 2001թ. Հունաստանում:
Հաջողության դեպքում Կարենը 1/8-րդ եզրափակիչում կհանդիպի Արմեն Նազարյան (Բուլղարիա) - Դավիթ Բեդինաձե (Վրաստան) զույգի հաղթողի հետ: Օլիմպիական խաղերի կրկնակի չեմպիոն Արմեն Նազարյանի մրցակից Դավիթ Բեդինաձեն 2007թ. աշխարհի չեմպիոնն է:
66 կգ Արման Ադիկյանը եւ 74կգ Արսեն Ջուլֆալակյանը պայքարի մեջ կմտնեն օգոստոսի 13-ին, իսկ օգոստոսի 14-ին հանդես կգան 84կգ Դենիս Ֆորովը եւ 120 կգ Յուրի Պատրիկեեւը: