Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ե՞ՐԲ ԿՈՒՆԵՆԱՆՔ ԱՌԱՋԻՆ ՄԵԴԱԼԸ

Սպորտ

2008թ. օլիմպիական խաղերի մեկնարկը ցույց տվեց, որ Չինաստանի ներկայացուցիչները ոսկե մեդալների համար պայքարում չունեն իրենց հավասարը:

Այնպիսի տպավորություն է, որ չինացիներին հետաքրքրում է միայն ոսկին, քանի որ առայժմ նրանք նվաճել են 9 ոսկե, ապա 3 արծաթե եւ 2 բրոնզե մեդալներ: Սա դեռ ընդամենը սկզիբն է, քանի որ օլիմպիական խաղերի հիմնական իրադարձությունները դեռ առջեւում են: Իսկ չինացիները գրեթե բոլոր մարզաձեւերում մեդալի հավականորդ մարզիկներ ունեն: Բացառություն են կազմում մի քանի թիմային եւ անհատական մարզաձեւեր: Թիմայիներից, օրինակ, բասկետբոլը կամ հանդբոլը, անհատականներից՝ ըմբշամարտը եւ բռնքամարտը:

Տպավորիչ է նաեւ Կորեայի արդյունքը. 4 ոսկե եւ 2 արծաթե մեդալ: Անհամեմատ համեստ կազմով ներկայացած կորեացիները առայժմ 2-րդ տեղում են: ԱՄՆ-ի հավաքականը, որը Չինաստանի հետ միասին համարվում է առաջիկա խաղերի գլխավոր ֆավորիտ, արդեն 12 մեդալ է նվաճել, սակայն դրանից միայն 3-ն է ոսկե, ուստի ամերիկացիները դեռ 3-րդ հորիզոնականում են: Ռուսաստանը առայժմ ոսկե մեդալի չի արժանացել: Դա բնական է, քանի որ ոսկու հավակնող ռուս մարզիկները դեռ չեն մտել պայքարի մեջ:

Հայաստանի օլիմպիական հավաքականը առայժմ չի արդարացնում սպասելիքները, թեեւ մեդալի մեր ռեալ հավակնորդները դեռ չեն մտել պայքարի մեջ: 25 մարզիկներից բաղկացած Հայաստանի հավաքականից ներկայումս մեդալների համար պայքարը շարունակում են 22-ը: Պայքարը միանգամից փոխեցին ձյուդոիստները՝ Արմեն Նազարյանը եւ Հովհաննես Դավթյանը: Սպասելիքներ կային այս մարզիկներից եւ հատկապես Նազարյանից, որը 2-րդ անգամ էր մասնակցում օլիմպիական խաղերին, Եվրոպայի առաջնություններում բազմաթիվ մեդալներ էր նվաճել, սակայն Արմենը, առաջին իսկ մրցամարտում պարտվելով, թողեց պայքարը: Դավթյանը եւս անփորձ ձյուդոիստ չէր, սակայն 1/16-րդ եզրափակիչում պարտվելով՝ չկարողավ նույնիսկ լավագույն տասնյակում հայտնվել: Եւս մեկ կորուստ Հայաստանը ունեցավ բռնցքամարտում, որտեղ 64կգ քաշային Էդուարդ Համբարձումյանը պարտվեց հենց առաջին մրցամարտում: Հրաձիգ

Նորայր Բախտամյանն էլ մասմամբ է զիջել դիրքերը: Փորձառու մարզիկը հանդես է գալիս 2 վարժությունում, այսինքն՝ 2 մեդալի հնարավորություն ուներ, որոնցից 1-ը կորցրեց: Խոսքը 10մ օդամղիչ ատրճանակով վարժության մասին է, որում նա չկարողացավ դուրս գալ եզրափակիչ:

Ամեն դեպքում Հայաստանի գլխավոր հույսերը դեռ չեն մտել պայքարի մեջ, խոսքը ծանրորդների եւ ըմբիշների մասին է: Այստեղ արդեն կոնկրետ սպասելիքներ կան, կոնկրետ մարզիկներից: Մասնավորապես վաղը ծանրամարտում հանդես կգա 69կգ քաշային Տիգրան Մարտիրոսյանը: 20-ամյա ծանրորդը այս քաշային կարգում դասվում է ֆավորիտների շարքում: Թե բուքմեյքերները, թե մասնագետները գտնում են, որ Մարտիրոսյանը կլինի լավագույն եռյակում: Այլ հարց է, թե ինչ մեդալ կնվաճի Տիգրանը: Վաղը պայքարի մեջ կմտնեն նաեւ ըմբիշներ Ռոման Ամոյանը (55կգ) եւ Կարեն Մնացականյանը (60կգ): 2-ն էլ ժամանակին դարձել են Եվրոպայի չեմպիոն, սակայն սպասելքիները մեծ են հատկապես Ամոյանից, որը Եվրոպայի վերջին առաջնությունում արծաթե մեդալի արժանացավ:

Ի դեպ, մեր հարեւանները արդեն մեդալներ են նվաճել: Ադրբեջանը այսօր ոսկե մեդալի արժանացավ ձյուդոյում: 73կգ քաշայինների կարգում հաղթող դարձավ Էլնուր Մամադլին: Վրացիները դեռ 1 բրոնզ են նվաճել: