ՎՐԱՍՏԱՆԸ ԴԵՌ ՊԵԿԻՆՈՒՄ Է
Աջակցիր «Ա1+»-ինՎրաստանի օլիմպիական հավաքականը առայժմ մասնակցում է Պեկինում ընթացող 29-րդ օլիմպիական խաղերին: Ավելի վաղ տեղեկատվություն էր տարածվել, որ վրաց օլիմպիականները որոշել են վերադառնալ Վրաստան եւ լինել իրենց ընտանիքների կողքին: Նման քայլ գնալու դեպքում Վրաստանը 8 տարով կորազրկվեր ՄՕԿ-ի կողմից:
Առայժմ այս տեղակտվությունը չի հաստատվում, քանի որ վրաց մարզիկները շարունակում են իրենց ելույթները «Օլիմպիադա-2008»-ում եւ արդեն 1 բրոնզե մեդալ ունեն իրենց ակտիվում: Վրաստանը մեդալի ռեալ հավակնորդներ ունի հատկապես ըմբշամարտում եւ ձյուդոյում:
Օլիմպիական լրահոս
ԹԵՆԻՍ
Օլիմպիական խաղերում մեկնարկել է թենիսի մրցաշարը, որի առաջին փուլում ֆավորիտները վստահ հաղթանակներ են տոնել: Աշխարհի թիվ 1 թենիսիստ Ռոջեր Ֆեդերերը 6:4, 6:2 հաշվով առավելության է հասել Ռուսաստանի ներկայացուցիչ Դմիտրի Թուրսունովի նկատմամբ: Արգենտինան ներկայացնող Դավիթ Նալբանդյանը 6:2, 6:1 հաշվով պարտության մատնեց չինացի Շաոկսյուան Չժանին:
Հաջորդ փուլի ուղեգիր են նվաճել նաեւ Անդրեասա Սեպին (Իտալիա), Տոմաշ Բերդիխը (Չեխիա), Ժիլ Սիմոնը (Ֆրանսիա), Գիլերմո Կանյասը (Արգենտինա), Ջեյմս Բլեյքը (ԱՄՆ), Նիկոլայ Դավիդենկոն (Ռուսաստան), Պոլ Անրի Մաթյեն (Ֆրանսիա), Քեվին Անդերսոնը (ՀԱՀ), Նիկոլաս Կիֆերը (Գերմանիա), Ֆեռնանդո Գոնսալեսը (Չիլի), Մարին Չիլիչը (Խորվաթիա), Օլիվյե Ռոխուսը (Բելգիա), Նիկոլաս Մասուն (Չիլի), Վիկտոր Հանեսկուն (Ռումինիա), Միխայիլ Յուժնին (Ռուսաստան), Թոմաս Յոհանսոնը (Շվեդիա), Ստանիսլավ Վավրինկան (Շվեյցարիա), Լլեյթոն Հյուիթը (Ավստրալիա), Ռաֆայել Նադալը (Իսպանիա):
ԾԱՆՐԱՄԱՐՏ
Կանանց 53կգ քաշայինների պայքարում ոսկե մեդալի արժանացավ Թայլանդը ներկայացնող, օլիմպիական խաղերի մասնակից մարզիկներից ամենաերկար ազգանունն ունեցող՝ Յապոենրատանատարկունը, որը երկամարտում ցույց տվեց 221կգ արդյունք: Արծաթե մեդալի արժանացավ կորեացի Յինհին Յունը, իսկ բրոնզը բաժին հասավ Բելառուսը ներկայացնող Նաստասիա Նովիկավան:
Տղամարդկանց պայքարում առաջինը պայքարի մեջ մտան 56կգ քաշայինները: Բոլոր մեդալներն էլ նվաճեցին ասիացիները: Երկամարտի 292կգ արդյունքով ոսկե մեդալի արժանացավ չինացի Քինքուան Լոնգը: Վիետնամը ներկայացնող Ան Հոանգը 290կգ արդյունքով գրավեց 2-րդ հորիզոնականը, իսկ լավագույն եռյակը 288կգ -ով եզրափակեց Ինդոնեզիայի ներկայացուցիչ Էկո Իրավանը:
ՁՅՈՒԴՈ
66կգ քաշայինների պայքարում չեմպիոնի կոչումը նվաճեց ճապոնացի Մասատո Ուչիշիբան, որը եզրափակիչում հաղթեց Ֆրանսիայի ներկայացուցիչ Բենջամին Դարբելետին: Այս քաշային կարգում հանդես եկող Արմեն Նազարյանը պարտվել էր հենց առաջին փուլում:
ՄԵԴԱԼՆԵՐ
Չինաստանի ներկայացուցիչներն արդեն 7 ոսկե մեդալ են նվաճել եւ թիմային պայքարում ընթանում են առաջին հորիզոնականում: Չինացիները նաեւ 3 արծաթ ունեն իրենց ակտիվում: ԱՄՆ-ն 3 ոսկու է արժանացել, 4 արծաթի եւ 5 բրոնզի: Առայժմ օլիմպիական չեմպիոն չունեն ռուսները, որոնք 3 արծաթ եւ 2 բրոնզ են նվաճել: Մեդալ նվաճել են 28 երկրների մարզիկներ: