ԱՌԱՋԻՆ ԿՈՐՈՒՍՏՆԵՐԸ ՊԵԿԻՆՈՒՄ
Աջակցիր «Ա1+»-ինՀայաստանի օլիմպիական հավաքականի կազմում ընդգրկված մարզիկներից 3-ը այսօր սկսեցին պայքարը 29-րդ ամառային օլիմպիական խաղերում: Առաջինը ասպարեզ դուրս եկավ հրաձիգ Նորայր Բախտամյանը, որը հանդես եկավ 10 մ օդամղիչ ատրճանակի վարաժությունում:
Նախնական փուլում ելույթ էին ունենում 48 մարզիկներ, որոնցից 8-ը պայքարը շարունակելու էին եզրափակիչում: Ցովոք, Բախտամյանն 580 միավորով ընդամենը 12-րդ հորիզոնականը զբաղեցրեց եւ դուրս մնաց եզրափակչից: Նորայրից սպասելիքները անհամեմատ մեծ էին, սակայն Բախտամյանը չկարողացավ ցույց տալ իր ողջ կարողությունները: 580 միավորը բավականին ցածր ցուցանիշ էր նրա համար: Երեւանում անցկացված մարզումների ընթացքում նա անհամեմատ լավ արդյունքի էր հասնում: Ամեն դեպքում Բախտամյանը Պեկինից մեդալով վերադառնալու հնարավորություն դեռ ունի: Նորայրը օգոստոսի 12-ին հանդես է գալու ատրճանակի 50 մ տարածության մրցաշարում:
Այսօր պայքարի մեջ մտավ նաեւ 60կգ քաշային ձյուդոիստ Հովհաննես Դավթյանը: Եվրոպայի 2007թ. փոխչեմպիոնը առաջին փուլում առավելության հասավ կուբացի Յոսմանի Պիկերի նկատմամբ, սակայն հաջորդ փուլում զիջեց Հյուսիսային Կորեան ներկայացնող Կիմ Կյոնգին: Վերջինս չկարողացավ դուրս գալ եզրափակիչ, ուստի Դավթյանը զրկվեց նաեւ բրոնզե մեդալի համար պայքարելու հնարավորությունից:
Վաղը` օգոստոսի 10-ին, 66 կգ քաշային Արմեն Նազարյանը, որը 2-րդ անգամ է մասնակցում օլիմպիական խաղերին, առաջին փուլում ուժերը կչափի Եգիպտոսի ներկայացուցիչ Ամին Էլ Հադի հետ: Նազարյանն եւս այս զույգի ֆավորիտն է: Հաջողության դեպքում Արմենը հաջորդ փուլում կհանդիպի Դանիել Գարսիա Գոնսալես (Անդորրա) - Յորդանիս Արենցիբիա (Կուբա) զույգի հաղթողի հետ:
Այսօր ուրախացրեց միայն բռնցքամարտիկ Անդրանիկ Հակոբյանը, որը հանդես է գալիս 75 կգ քաշայինների պայքարում: Անդրանիկը 14:8 հաշվով առավելության հասավ գանացի Ահմեդ Սարակուի նկատմամբ եւ դուրս եկավ հաջորդ փուլ, որտեղ կհանդիպի Ուզբեկստանի ներկայացուցիչ Էլշոդ Ռասուլովի հետ:
ՉԻՆԱՍՏԱՆԸ ԱՌՋԵՎՈՒՄ Է
Օլիմպիական խաղերում առաջին ոսկե մեդալներն են նվաճել չինացիները: Կազմակերպիչները արդեն 2 ոսկե մեդալ ունեն իրենց ակտիվում: Հրաձգությունում հաջողության է հասել Վեյ Պանգը, իսկ կանանց ծանրամարտում` 48 կգ քաշային Հիեխիա Չենը: Մեկական ոսկե մեդալի են արժանացել Չեխիան եւ Իսպանիան: Մեկական արծաթե մեդալ են նվաճել Ռուսաստանը, Թուրքիան եւ Կորեան: Խորվաթիան, Հյուսիսային Կորեան եւ Տայպեյը բրոնզե մեդալներ են նվաճել: Առայժմ 9 երկրների ներկայացուցիչների է հաջողվել արժանանալ մեդալի: