Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԿԱ ՄԵԿ ՖԱՎՈՐԻՏ

Սպորտ

Առաջիկա օլիմպիական խաղերում մեծ հետաքրքրություն է առաջացնում նաեւ բասկետբոլի մրցաշարը, որին մասնակցելու են մոլորակի ուժեղագույն 12 հավաքականները:

Եթե ֆուտբոլում կամ հանդբոլում ընդգծված ֆավորիտ չկա, ապա բասկետբոլում քչերն են կասկածում, որ կհաղթեն ամերիկացիները: Քրիս Բոշ, Կոբի Բրայանտ, Կառլոս Բուզեր, Ջեյմս Լեբրոն, Ջեյսոն Կիդ, Կրիս Պոլ, Թեյշոուն Պրին, Դերոն Ուիլյամս, Դուեն Ուեյդ, Դուայդ Հորվարդ, Կարմելո Էնտոնի. բոլոր այս աստղերը ընգրկված են 1 հավաքականի կազմում, եւ դա ԱՄՆ-ի հավաքականն է, որը նախորդ խաղերում բավարարվեց միայն բրոնզե մեդալներով:

Ի դեպ, «Աթենք-2004»-ում ԱՄՆ-ի կազմում եւս կային մի շարք հայտնի բասկետբոլիստներ, որոնք չկարողացան հասնել ցանկալի արդյունքի: Վերջին տարիներին ամերիկացիները չեն փայլում նաեւ աշխարհի առաջնություններում: Անհաջողությունների շարքը ընդհատելու համար առաջիկա խաղերը լավ առիթ են, որոնց ԱՄՆ-ի հավաքականը ամենայն լրջությամբ է նախապատրաստել` հավաքագրելով գրեթե բոլոր ուժեղագույններին: Կոբի Բրայանտի եւ Ջեյմս Լեբրոնի պես մեգաաստղերը որոշիչ դեր կարող են ունենալ «Օլիմպիադա-2008»-ում: Բացի այդ, ԱՄՆ-ի հավաքականին կարող են աջակցել Չինաստանում մեծ թիվ կազմող ամերիկյան բասկետբոլի սիրահարները, այսինքն` ԱՄՆ-ի հավաքականի համար աջակցությունը առաջիկա խաղերում ապահովված է: Նման իրավիճակում մյուս հավաքականները ակամայից 2-րդ պլան են մղվել: Այնուամենայնիվ Իսպանիայի, Արգենտինայի, Լիտվայի, Հունաստանի եւ Ռուսաստանի հավաքականները կփորձեն պայքարել բարձր հորիզոնականների համար: Մասնավորապես աշխարհի չեմպիոն Իսպանիան համալրված է եվրոպական ուժեղագույն ակումբների բասկետբոլիստներով, որոնց կողքին է նաեւ Պաո Կասոլը «Լոս Անջելես Լեյքերսից»: Նախորդ օլիմպիական խաղերի չեմպիոն Արգենտինան բավական լուրջ թիմ է: Արգենտինացիների կազմում ընդգրկված են խաղացողները թե Եվրոպայից են, թե NBA-ից: Հիշեցնենք նաեւ, որ Արգենտինան «Աթենք-2004»-ում գլխավոր ֆավորիտը չէր, սակայն կիսաեզրափակիչում 89:81 հաշվով պարտության մատնեց ԱՄՆ-ին եւ դուրս եկավ եզրափակիչ, որտեղ արդեն շոշափելի առավելությամբ հաղթեց Իտալիային:

Իսկ Ռուսաստանի հավաքականը առաջիկա խաղերին կմասնակցի որպես Եվրոպայի գործող չեմպիոն, սակայն ռուսներից ոսկե մեդալներ ակնկալելը իրատեսական չէ: Այս թիմի առաջատար Անդրեյ Կիրիլենկոն, որը հանդես է գալիս ամերիկյան «Յուտա Ջազում», ներկայումս լավ մարզավիճակում չէ: Ռուսների համար մեծ հաջողություն կլինի նույնիսկ բրոնզե մեդալը, որի ռեալ հավականորդներից մեկն է նաեւ Լիտվան: Լիտվացիները ավանդապես ուժեղ են բասկետբոլում եւ վերջին 2 տասնամյակներում որպես կանոն համարվում են մրցանակային տեղի հավակնորդ: 1992թ., 1996թ., 2000թ. օլիմպիական խաղերում Լիտվան նվաճել է բրոնզե մեդալ: Լիտվացիները 3-րդ հորիզոնականում են հայտնվել նաեւ Եվրոպայի 2007թ. առաջնությունում: Ռամունաս Բուտաուտասի գլխավրած թիմի կազմում ներկայումս հանդես են գալիս հիմնականում «եվրոպացի» բասկետբոլիստներ:

«Օլիմպիադա-2008»

A խումբ

Ռուսաստան, Իրան, Լիտվա, Արգենտինա, Ավստրալիա, Խորվաթիա

B խումբ

Գերմանիա, ԱՄՆ, Անգոլա, Իսպանիա, Հունաստան, Չինաստան

Խաղացանկ

9-18 օգոստոսի - խմբային մրցաշար

19-20 օգոստոսի - քառորդ եզրափակիչներ

21-22 օգոստոսի - կիսաեզրափակիչներ

23 օգոստոսի - 3-րդ տեղի համար հանդիպում

24 օգոստոսի - եզրափակիչ