ԳԵՅԸ ՊԱՏՐԱՍՏ ԿԼԻՆԻ ՕԼԻՄՊԻԱԴԱՅԻՆ
Աջակցիր «Ա1+»-ին100 մ տարածությունում վազքի աշխարհի չեմպիոն Թայսոն Գեյը ամբողջովին պատրաստ կլինի օլիմպիական խաղերի մեկնարկին: Մարզիկի մարզիչը` Ջոն Դրամոնդը, հայտարարել է, որ վերջերս Գեյի ստացած վնասվածքը չի խանգարի նրան լավ արդյունքի հասնել առաջիկա խաղերում. «Երբ Թայսոնը մոտենա մեկնարկին, նա 100 տոկոսով պատրաստ կլինի: Ոչինչ չի կարող խանգարել նրան լավագույն արդյունքը ցույց տալու համար»:
Ամերիկացի վազորդը վնասվածք էր ստացել հուլիսին կայացած մրցաշարերից մեկում, երբ հանդես էր գալիս 200 մ տարածությունում: «Օլիմպիադա-2008»-ում Գեյը հանդես կգա միայն 100 մ տարածությունում:
Հունիսին ԱՄՆ-ի առաջնությունում, որը նաեւ օլիմպիական խաղերի ընտրական փուլ էր, Թայսոն Գեյը, 100 մ տարածությունը վազելով 9.68 վայրկյանում, սահմանեց համաշխարհային ռեկորդ: Սակայն այս արդյունքը չարձանագրվեց որպես նոր ռեկորդ, քանի որ մրցումները ընթանում էին քամու ուղեկցությամբ եւ մասնագետները գտան, թե կլիման օգնել է Գեյին ավելի արագ վազել:
ՌՈՒՍՆԵՐԻՆ ԿԱՐՈՂ ԵՆ ԽԱՆԳԱՐԵԼ
Ռուսաստանի օլիմպիական կոմիտեի նախագահ Լեոնդի Տյագաչեւը հայտարարել է, որ ռուս մարզիկները կարող են չինացիներից ավելի հաջող հանդես գալ առաջիկա օլիմպիական խաղերում. «Մեր նպատակը հետեւյալն է` հաղթել գոնե 1 մեդալ ավելի, քան` Չինաստանը: Ես հավատում եմ, որ դա հնարավոր է: Ռուսաստանը կզարմացնի իր վերաբերմունքով, մաքրությամբ, գեղեցկությամբ եւ արդյունքով: Ընդհանուր առմամբ գտնում եմ, որ մեր թիմը հիանալի արդյունք կցուցադրի եւ կնվաճի մոտ 80 մեդալ»:
Միաժամանակ Տյագաչեւը նշել է, որ նպատակին հասնելու համար կարող են խանգարող հանգամանքներ լինել. «Մեզ կարող է խանգարել ոչ օբյեկտիվ մրցավարությունը այնպիսի մարզաձեւերում ինչպիսի ենք բոքսը, ըմբշամարտը, մարմնամարզությունը: Այստեղ մենք շատ ուժեղ հավաքականներ ունենք, ուստի մրցավարները ավելի խիստ են նայելու մեր մարզիկներին»:
ԲՐԱԶԻԼԱԿԱՆ ԿՈՐՈՒՍՏ
«Օլիմպիադա-2008»-ում ծովափնյա վոլեյբոլի գլխավոր ֆավորիտ Բրազիլիայի կանանց հավաքականը ծանր կորուստ է ունեցել: Վնասվածքի պատճառով չի կարողանա խաղերին մասնակցել Ժուլիանա դա Սիլվան:
«Սա շատ ծանր որոշում էր ինձ համար, քանի որ ստիպված էի հրաժարվել իմ երազանքից: Անարդարացի կլիներ, եթե ես Պեկինում հանդես գայի վնասվածքով եւ չցուցադրեի այն խաղը, որին սպասում էին մեր երկրպագուները», - ասել է Ժուլիանան, որը իր տեղը հավաքականում զիջել է փորձառու Աննա Պաուլային: Վերջինս հանդես կգա Լարիսա Ֆրանկայի հետ:
ՄԵՍԻԻ ՀԱՐՑԸ ԱՆՈՐՈՇ Է
Լոզանի սպորտային արբիտրաժային դատարանը բավարարել է կատալոնական «Բարսելոնայի» հայցը` թույլ չտալով արգենտինացի Լիոնել Մեսիին Արգենտինայի հավաքականի կազմում մասնակցել «Օլիմպիադա-2008»-ին: «Բարսելոնան» դեմ էր արտահայտվել, որ իր առանցքային խաղացողը մեկնի Պեկին, քանի որ օլիմպիական խաղերը ՖԻՖԱ-ի պաշտոնական օրացույցում ընգրկված չեն:
«Մենք բավարարված ենք դատարանի որոշմամբ: Այժմ մենք հանգիստ կորոշենք, թե արդյոք նպատակահարմար ենք գտնում Մեսիին թողնել Արգենտինայի հավաքականում, թե` ոչ», - ասել է «Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան: