ՌՈՆԱԼԴԻՆՅՈՆ ԸՆԴԴԵՄ ՄԵՍԻԻ
Աջակցիր «Ա1+»-ին«Օլիմպիադա-2008»-ում ուշադրության կենտրոնում կլինի ֆուտբոլի մրցաշարը, որը մեկնարկելու է վաղը՝ օգոստոսի 7-ին: Իհարկե, այն չի կարելի է համեմատել աշխարհի առաջնության հետ, սակայն օլիմպիական խաղերում նվաճած մեդալը եւս շատ ֆուտբոլիստների երազանքն է:
Մասնակից 16 հավաքականները բաժանվել են 4 խմբերի: Յուրքանչյուր հավաքական հայտավորել է 18-ական ֆուտբոլիստ, որոնցից միայն 3-ը կարող են լինել 23 տարեկանից մեծ: Ֆավորիտներից պետք է առանձնացնել բրազիլացիներին, որոնք Պեկին են ժամանել ոսկե մեդալների հետեւից: «Շատերը մտածում են, որ մեզ համար Օլիմպիադան այդքան կարեւոր չէ, որքան Աշխարհի գավաթը,- ասել է Բրազիլիայի հավաքականի գլխավոր մարզաիչ Կառլոս Դունգան,- բայց մենք Բրազիլիան ենք: Ամեն անգամ դուրս գալով խաղադաշտ, մտածում ենք միայն հաղթանակի մասին: Բրազիլիան բազմաթիվ տիտղոսներ է նվաճել, սակայն օլիմպիական խաղերում դեռեւս չի հաղթել եւ մենք ցանկանում ենք վերջապես հաղթել այս մրցաշարում»:
Բրազիլացիները մի քանի անգամ մոտ են եղել հաջողությանը, սակայն «Լոս-Անջելես-84»-ում, «Սեուլ-88»-ում եւ «Ատլանտա -96»-ում բավարարվել են արծաթե մեդալներով:
Բրազիլայի հավաքականի կազմում Պեկին են ժամանել այնպիսի հայտնի ֆուտբոլիստներ ինչպիսիք են Ռոնալդինյոն («Միլան»), Դիեգոն («Վերդեր»), Պատոն («Միլան»), Անդերսոնը («Մանչեսթեր Յունայթեդ»), Լուկասը («Լիվերպուլ»), Ռաֆինյան («Շալկե-04»), Մարսելոն («Ռեալ»), Սոբիսը («Բետիս»), Ժոն («Մանչեսթեր Սիթի»): Հանուն օլիմպիական խաղերի Ռոնալդինյոն «Միլանի» առջեւ պայման դրեց, մինչեւ պայմանագիր կնքելը, այլապես բրազիլացին կհարժարվեր իտալական ակումբի հետ հուլիսին պայմանագիր կնքել, եթե նրան թույլ չտային մեկնել Պեկին:
Ամենեւին թույլ չի նաեւ Արգենտինայի հավաքականը, որը օլիմպիական խաղերի գործող չեմպիոնն է: Արգենտինացիների կազմում են մի շարք հայտնի ֆուտբոլիստներ, այդ թվում «Բարսելոնայի» առանցքային խաղացող Լիոնել Մեսին: Արգենտինացիները օլիմպիական խաղերում արդեն հաղթել են 3 անգամ եւ առաջիկա խաղերում կպայքարեն 4-րդ տիտղոսի համար: Օլիմպիական առաջիկա խաղերում ավելի համեստ հնարավորություններ ունեն եվրոպական հավաքականները: Հարավամերիկյան հզոր հավաքականների հետ ոսկե մեդալի համար կարող են պայքարել միայն Իտալիան եւ Հոլանդիան: Վերջինս 2007թ. Եվրոպայի երիտասարդական առաջնության հաղթող է: Հոլանդիան, լինելով եվրոպական ֆուտբոլի «դարբնոց», վերջին անգամ օլիմպիական խաղերին մասնակցել է հեռավոր 1952թ.: Փորձառու ֆուտբոլիստներից Հոլանդիայի հավաքականում հանդես կգան Ռոյ Մակայը («Էյնդհովեն»), Ջերալդ Սիբոնը («Հերենվեն») եւ Կյու Յալինսը:
Իտալիայի հավաքականում ընդգրկված կլինեն ֆուտբոլիստներ, որոնք Ա սերիայում հանդես գալու մեծ փորձ ունեն: Օրինակ թիմի ավահ Մարկո Մոտան «Տորինոյից» կամ Դոմենիկո Կրիշիտոն «Կիեւոյից»: Եվրոպան առաջիկա խաղերում կներկայացնեն նաեւ Սերբիան եւ Բելգիան, սակայն այս հավաքականները իրենց հնարավորություններով չեն կարող համեմատվել ֆավորիտների հետ:
Օլիմպիադա - 2008
A խումբ
Արգենտինա, Կոտ դ՝Իվուար, Ավստրալիա, Սերբիա
B խումբ
Հոլանդիա, Ճապոնիա, Նիգերիա, ԱՄՆ
C խումբ
Չինաստան, Նոր Զելանդիա, Բրազիլիա, Բելգիա
D խումբ
Հարավային Կորեա, Կամերուն, Հոնդուրաս, Իտալիա