ՄԵԿՆԱՐԿԵՑԻՆ 29-ՐԴ ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ԽԱՂԵՐԸ
Աջակցիր «Ա1+»-ինԱյսօր, Չինաստանի մայրաքաղաքում Պեկինում մեկնարկեցին 29-րդ ամառային խաղերի մրցումները: Խաղերի բացման պաշտոնական արարողությունը տեղի կունենա օգոստոսի 8-ին «Թռչնի բույն» մարզադաշտում, սակայն այսօրվանից որոշ մարզաձեւերի ներկայացուցիչներ սկսել են պայքարը:
Մասնավորապես պայքարի մեջ են մտել կանանց ֆուտբոլի մասնակից հավաքականները: Քիչ առաջ ավարտվեցին Գերմանիա-Բրազիլիա (0:0), Կանադա - Արգենտինա (2:1), Ճապոնիա - Նոր Զելանդիա (2:2) հանդիպումները: Երեկոյան կմրցեն Չինաստան Շվեդիա, Կորեա - Նրգերիա, ԱՄՆ Նորվեգիա զույգերը: Կանանց պայքարում ֆավորիտ է համարվում աշխարհի չեմպիոն Գերմանիայի հավաքականը, որին հաջորդում են ԱՄՆ-ի եւ Բրազիլիայի հավաքականները:
Վաղը պայքարի մեջ կմտեն տղամարդիկ: Այստեղ ֆավորիտը Բրազիլիայի եւ Արգենտինայի հավաքականներն են: Եվրոպական երկրներից առավել հավական է համարվում Իտալիայի եւ Հոլանդիայի հավաքականների հաջողությունը:
ԴՐՈՇԻ ԴԵՖԻՑԻՏ ՊԵԿԻՆՈՒՄ
Օլիմպիական խաղերի նախաշեմին Չինաստանում ազգային դրոշի դեֆիցիտ է: Չինացիներն արդեն սպառել են վաճառքի հանված բոլոր դրոշները: Օգոստոսի 8-ին մեկնարկելիք խաղերի նկատմամբ հետաքրքրությունը Չինաստանում բավական մեծ է եւ չինացիները ցանկանում են խաղերի ընթացքում որքան հնարավոր ակտիվ լինել, ուստի դրոշների մեծ պահանջարկ է առաջացել: Սպառվել են նաեւ «Օլիմպիադա-2008»-ի խորհրդանշով դրոշները: Չինաստանի քաղաքացիներից շատերը փորձում են ինտերնետով պատվիրել ազգային դրոշներ, սակայն հաճախ անորակ ապրանք են ձեռք բերում: Բացի այդ, գնված դրոշն իսկական կարող է համարվել միայն այն դեպքում, եթե այն պատրաստվել է «Ցզինգուն» պետական դրոշների գործարանում:
ՁԵՌԲԱԿԱԼԵԼ ԵՆ ԲՐԻՏԱՆԱՑԻՆԵՐԻՆ
Չինաստանի ոստիկանությունը Պեկինում ձեռբակալել է 4 բրիտանացիների, որոնք բողոքի ակցիա են կազմակերպել ի պաշտպանություն Տիբեթի անկախության:
Տուրիստական վիազներով Պեկին մեկնած բրիտանացիներն «Ազատեք Տիբեթը» գրությամբ ցուցապաստառը թափահարել են «Օլիմպիադա-2008»-ի գլխավոր մարզադաշտի՝ «Թռչնի բույնի» մոտ: Բողոքի ակցիան տեւել է ընդամենը 12 րոպե, որից հետո բրիտանացիներին ձեռբակալել են: Ձեռբակալվածների թվում է նաեւ 1 կին: Տիբեթի անկախության կողմնակիցները բազմիցս փորձել են ձախողել օլիմպիական խաղերի անցկացումը: Մասնավորապես պատահարներ են տեղի ունեցել օլիմպիական կրակի էստաֆետայի ընթացքում: Ֆրանսիայում, Մեծ Բրիտանիայում եւ ԱՄՆ-ում վազորդներից փորձել են խլել կրակը:
ՄՈՆԻԿԱՆ ՈՐԱԿԱԶՐԿՎԵՑ
Հնդկաստանը «Օլիմպիադա-2008»-ում զրկվեց ծանրամարտում իր միակ ներկայացուցիչից: Կանանց 69կգ քաշայինների պայքարում հանդես եկող Մոնիկա Դեվին հրահանգ է ստացել մնալ տանը եւ չմեկնել Պեկին, քանի որ նրա դոպինգ-տեստը դրական արդյունք է տվել: Ասիական խաղերում մի շարք մեդալների արժանացած Դեվիից Հնդկաստանում մեծ սպասելիքներ ունեին, սակայն նաեւ այլեւ չի կարող օգնել Հնդակստանի օլիմպիական հավաքականին, որի կազմում ընդգրկված են 60 մարզիկներ: