ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳԼԽԱՎՈՐ ՀՈՒՅՍԵՐԸ
Աջակցիր «Ա1+»-ինՕլիմպիական խաղերի մեկնարկից 2 օր առաջ «Ա1+»ը կազմել է Հայաստանի օլիմպիական հավաքականում ընդգրկված մարզիկների «ՏՈՊ-10»-ը:
1.Գեւորգ Դավթյան - ԾԱՆՐԱՄԱՐՏ
Աշխարհի 2007թ. փոխչեմպիոնը, Եվրոպայի 2005-2006թթ. չեմպիոնը առաջիկա օլիմպիական խաղերում Հայաստանի գլխավոր հույսն է: Գեւորգը հանդես է գալիս 77 կգ քաշայինների պայքարում եւ պայքարելու է ոչ թե է լավագույն եռյակում հայտնվելու, այլ ոսկե մեդալի համար:
2.Յուրի Պատրիկեեւ ԸՄԲՇԱՄԱՐՏ
Աշխարհի 2007թ. առաջնության բրոնզե մեդալակիրը, 2008թ. Եվրոպայի առաջնության հաղթողը, հանդես է գալիս հունա-հռոմեական ոճում՝ գերծանր քաշայինների պայքարում: Պատրիկեեւը եւս համարվում է ոչ միայն մրցանակային տեղի, այլեւ ոսկե մեդալի հավակնորդ:
3.Տիգրան Մարտիրոսյան ԾԱՆՐԱՄԱՐՏ
20-ամյա այս ծանրորդը հանդես կգա 69 կգ քաշայիննեի պայքարում: 2008թ. Եվրոպայի չեմպիոնը իր մրցակիցներին զիջում է միայն փորձով, իսկ ահա բարձրացրած կիլոգրամներով նա այս քաշային կարգում լավագույններից մեկն է եւ ոսկե մեդալի ռեալ հավակնորդ:
4. Նորայր Բախտամյան ՀՐԱՁԳՈՒԹՅՈՒՆ
Հայաստանի օլիմպիական հավաքականի ամենափորձառու մարզիկը նախորդ խաղերում գրավեց 4-րդ հորիզոնականը, սակայն կարիերայի մայրամուտում կփորձի վերջապես տիրանալ օլիմպիական մեդալի:
5. Տիգրան Վ. Մարտիրոսյան ԾԱՆՐԱՄԱՐՏ
84կգ քաշային կարգում հանդես եկող Եվրոպայի մեկ այլ չեմպիոնը այս տարի բավական լավ մարզավիճակում է: Տիգրանի համար մեծ հաջողություն կլինի բրոնզե կամ արծաթե մեդալը: Իսկ ոսկին այստեղ իրատեսական չէ, քանի որ բելառուս Ռիբակոն շատ ավելի բարձր ցուցանիշ ունի եւ համարվում է ռեկորդակիր:
6. Ռոման Ամոյան ԸՄԲՇԱՄԱՐՏ Հանդես է գալիս հունա-հռոմեական ոճում՝ 55կգ քաշայինների պայքարում: Ամոյանն Եվրոպայի 2006թ. չեմպիոն է, 2008թ. փոխչեմպիոնը: Ռոմանը 2006թ. հաջողությունից հետո որոշ ժամանակ հայտնվեց ստվերում քանի որ ուսի վիրահատության ենթարկվեց, սակայն այժմ Ամոյանը լավ մարզավիճակում է եւ պատրաստ է պայքարել մեդալի համար:
7. Արա Խաչատրյան ԾԱՆՐԱՄԱՐՏ Ինչպես եւ Գեւորգ Դավթյանը հանդես է գալու 77կգ քաշայինների պայքարում: Արան, թեեւ Եվրոպայի չեմպիոն չի դարձել, սակայն վերջին տարիներին աչքի է ընկնում կայուն ելույթներով եւ իր լավագույն արդյունքները կրկնելու դեպքում կարող է հայտնվել եռյակում:
8. Արմեն Նազարյան ՁՅՈՒԴՈ
Փորձառու այս մարզիկը հանդես կգա 66կգ քաշայինների պայքարում: 2004թ. խաղերում մրցում էր 60 կգ քաշայինների հետ, սակայն այս անգամ կփորձի հաջողության հասնել ավելի ծանր քաշում:
9. Հռիփսիմե Խուրշուդյան ԾԱՆՐԱՄԱՐՏ
Հռիփսիմեն Պեկին է մեկնել Մելինե Դալուզյանի փոխարեն, որն առողջական խնդիրների պատճառով չկարողացավ մասանակցել այս խաղերին: Խուրշուդյանը եւս տիտղոսակիր ծանրորդուհի է, հանդես է գալիս 75կգ քաշայինների պայքարում: Բրոնզե մեդալի ռեալ հավակնորդ է:
10. Մարտին Բերբերյան ԸՄԲՇԱՄԱՐՏ
60կգ քաշային Մարտին Բերբերյանի համար առաջիկա խաղերը 3-րդն են նրա կարիերայում: Ազատ ոճային այս ըմբիշը մասնակցել է նաեւ 2000թ եւ 2004թ. օլիմպիական խաղերին, սակայն արդյունքի հասնել չի հաջողվել: Առաջիկա խաղերին Մարտինը արդեն ունի անհրաժեշտ փորձը մեդալով վերադառնալու համար: