Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՌԵԿՈՐԴՆԵՐԸ ՉԳԵՐԱԶԱՆՑՎԵՑԻՆ

Սպորտ

Ֆրանսիայի Ամիեն քաղաքում ավարտվեց ծանրամարտի Եվրոպայի պատանեկան առաջնությունը, որում Հայաստանի հավաքականը մի քանի մեդալների արժանացավ:

Արդեն տեղեկացրել էինք, որ 50կգ քաշայինների պայքարում Եվրոպայի փոխչեմպիոն դարձավ Սմբատ Մարգարյանը: Սա լավագույն արդյունքն էր Հայաստանի հավաքականի կազմում, քանի որ մյուս մարզիկները ավելի համեստ արդյունքներով բավարարվեցին: Աղջիկների պայքարում 58կգ քաշային Ալլա Սամվելյանը,երկամարտում ցույց տալով 171կգ արդյունք, արժանացավ բրոնզի: Նույնքան էր բարձրացրել նաեւ 2-րդ տեղը զբաղեցրած Սակալ Էդան Թուրքիայից, սակայն Սամվելյանը անձնական քաշում մի փոքր ծանր էր մրցակցից, ուստի արծաթը զիջեց նրան:

Տղաների 85կգ քաշայինների պայքարում Հայաստանը ներկայացրեց Գագիկ Գրիգորյանը: Պոկում վարժությունում ցույց տալով 133կգ արդյունք` Գագիկը արժանացավ փոքր բրոնզի, սակայն հրում վարժությունում կարողացավ ընդամենը 155կգ բարձրացնել եւ երկամարտում գրավեց 4-րդ հորիզոնականը: 69կգ քաշային Վարդգես Կարապետյանը ընդհանրապես մոտ չէր մեդալին եւ երկամարտի 250կգ արդյունքով գրավեց 7-րդ հորիզոնականը:Անհաջող ելույթ ունեցավ նաեւ 62կգ քաշային Ռոման Հարությունյանը, որը 231կգ արդյունքով հանգրվանեց 8-րդ հորիզոնականում:

Տղաների պայքարում ամենաշատ մեդալ նվաճեցին Ռուսաստանի հավաքականի ներկայացուցիչները, որոնք 15 մեդալի արժանացան, այդ թվում 13 ոսկու: Հայաստանը թիմային պայքարում գրավեց 6-րդ հորիզոնականը: Աղջիկները պայքարում լավագույնը Թուրքիան էր, իսկ Հայաստանը, որը ընդամենը 1 ներկայացուցիչ ուներ, գրավեց 5-րդ հորիզոնականը: Եվրոպայի պատանիների առաջնության ընթացիկ ռեկորդներից մի քանիսը պատկանում են հայ ծանրորդներին: Այդ արդյունքները, որոնց մեր ծանրորդները հասել են նախորդ տարիներին, այս առաջնությունում եւս չգերազանցվեցին: