«ԲԱՔՎԻ» ՆԱԽԿԻՆ ՖՈՒՏԲՈԼԻՍՏԸ «ՄԻԿԱՅՈՒՄ»
Աջակցիր «Ա1+»-ինՀայաստանի 2008թ. առաջնությունում 2-րդ հորիզոնականում ընթացող «Միկան» շարունակում է համալրել շարքերը: «Միկայի» գլխավոր քարտուղար Արմեն Պետիկյանը «Ա1+»-ին հայտնեց, որ ակումբը մինչեւ տարեվերջ պայմանագիր է կնքել վրացի դարպասապահ Սոսո Գրիշիկաշվիլիի եւ ուկրաինացի հարձակվող Իգոր Կրիվոբոկի հետ:
34-ամյա Սոսո Գրիշիկաշվլին Վրաստանի ամենափորձառու դարպասապահներից մեկն է եւ 20 հանդիպում է անցկացրել նաեւ այս երկրի ազգային հավաքականի կազմում: Կարիերան սկսելով Տելավիի «Կախեթի» թիմում Գրիշիկաշվիլին հետագայում հանդես է եկել Ռուսթավիի «Մետալուրգում», Վլադիկովկազի «Սպարտակում» եւ «Ալանիայում», լատվիական «Վենտսպիլսում», Թբիլիսիի «Դինամոյում» եւ «Թբլիսիում»:
2005-06թթ. մրցաշրջանում վրացի ֆուտբոլիստը հանդես է եկել Ադրբեջանի «Բաքու» թիմում: Այսպիսով Գրիշիկաշվիլին Հայաստանի առաջնությունում կլինի առաջին ֆուտբոլիստը, որը Ադրբեջանի առաջնությունում հանդես գալու փորձ ունի:
Ուկրաինացի Իգոր Կրիվոբոկը եւս բավական փորձառու է: 30-ամյա այս հարձակվողը, որի հասակը 187սմ է, հանդես է եկել Զապորոժյեի «Տորպեդոյում», Կրիվոյ Ռոգի «Կրվբասում», Նիոկալեւի համանուն թիմում: Վերջին տարիներին Կրիվոբոկը հանդես էր գալիս բելառուսական թիմերում: Նրա վերջին ակումբը եղել է բելառուսական «Գրանիտը»:
Հիշեցնենք, որ այս տարի «Միկան» պայմանագիր էր կնքել նաեւ բրազիլացի 2 լեգեոների հետ, ինչպես նաեւ վրացի Զազա Սակոխիայի: Բացի այդ` վերջերս փոխվել էր թիմի գլխավոր մարզիչը: Արկադի Անդրեասյանի փոխարեն «Միկան» այժմ գլխավորում է Իշտվան Սեկեչը, որի գլխավորությամբ թիմը չորեքշաբթի օրը իր առաջին հանդիպումը անցկացրեց` Հայաստանի առաջնության հետաձգված խաղում 1:0 հաշվով հաղթելով «Բանանցին»: