ԱՆՈՐՈՇ ԻՐԱՎԻՃԱԿ ԱՄՍՏԵՐԴԱՄՈՒՄ
Աջակցիր «Ա1+»-ինՀայաստանի հավաքականի հարձակվող Էդգար Մանուչարյանը շարունակում է մարզվել Ամստերդամի «Այաքսի» երիտասարդ թիմում: Արդեն 2 ամիս է` հայ ֆուտբոլիստի տեղափոխության մասին տարբեր լուրեր են պտտվում, որոնք հաճախ հակասում են իրար:
«Առայժմ ոչինչ հստակ ասել չեմ կարող, հուսով եմ շատ շուտով պարզ կլինի, թե որտեղ եմ շարունակելու կարիերաս», - «Ա1+»-ի հետ զրույցում ասաց Էդգար Մանուչարյանը:
Ամեն դեպքում «Այաքսը» չի ցանկանում վաճառել Մանուչարյանին եւ նրա տեղափոխությունը այլ ակումբ հնարավոր կլինի միայն վարձավճարով: Նշվում էր, որ այդ ակումբը կլինի «Նեյմեգենը», որը պաշտոնապես հերքել է այս տեղեկատվությունը:
Նման անորոշ իրավիճակում Էդգարը չի հուսալքվել եւ շարունակում է մարզումները «Այաքսի» երիտասարդական թիմում, որի կազմում այս օրերին մասնակցում է ընկերական հանդիպումների:
«Այաքսի» նորանշանակ գլխավոր մարզիչ Մարկո Վան Բաստենը կադրային լուրջ փոփոխություններ է կատարում թիմում: Լեգենդար ֆուտբոլիստը միանգամից 8 ֆուտբոլիստի ծառայություններից հրաժարվել է: Նրանց թվում է նաեւ Մանուչարյանը, որից սակայն «Այաքսի» մարզչական շտաբը ժամանակավոր է ցանկանում հրաժարվել` հնարավորություն տալով Էդգարին խաղային պրակտիկա ձեռք բերել ավելի համեստ ակումբում:
Ի դեպ , օրերս «Այաքսում» մարզչական աշխատանքի է անցել անցյալում հայտնի ֆուտբոլիստ Դենիս Բերգկամպը: Մարզչական կուրսերը ավարտելուց հետո Հոլանդիայի հավաքականի նախկին ռմբարկուն «Այաքսում» կմարզի երիտասարդներին եւ կլինի Մարկո Վան Բաստենի օգնականների մեկը: