Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՖՐԱՆՍԻԱՅԻ ՀԵՏ ՉԵՆՔ ԿԱՐՈՂ ՀԱՄԵՄԱՏՎԵԼ

Սպորտ

2008թ. օլիմպիական խաղերում Հայաստանը առաջին անգամ կներկայացանեն միանգամից 2 ձյուդոյիստներ: Պայքարի մեջ կմտնեն 60կգ քաշային Հովհաննես Դավթյանը եւ 66կգ Արմեն Նազարյանը:

Հայաստանի ձյուդոյի ֆեդերացիայի նախագահ Ալեքսան Ավետիսյանը գտնում է, որ նախապատրասական փուլում արվել է հնարավորինս ամեն ինչ հաջող մրցելույթների համար. «Ըստ էության` ինչ նախատեսված էր այս 4 տարիներին, փաստորեն կատարվել է` հատկապես վերջին 1 տարում: Այն պահանջները, որոնք մարզիչները ներկայացրել էին, կատարվել է: Որոշ տեխնիկական խնդիրներ կային մարզադահլիճների, մրցագորգերի հետ կապված: Այս բաց լրացրեցին արտասահմանում անցկացրած հավաքների շնորհիվ»:

Հունիսի 31-ին ձյուդոյիստները գլխավոր մարզիչ Գագիկ Աղամալյանի եւ ֆեդերացիայի նախագահ Ալեքսան Ավետիսյանի գլխավորությամբ կմեկնեն Պեկին, որտեղ կշարունակեն նախապատրաստվել օգոստոսի 8-ին մեկնարկելիք խաղերին:

«Ես տղաներից մեծ հույսեր ունեմ: Տեսնենք, թե որքանով կարդարանան սպասելիքները: Շատ կարեւոր է նաեւ հաջող վիճակահանությունը: Նախորդ խաղերին աշխարհի չեմպիոնները առանձին զամբյուղում էին վիճակահանությունից առաջ, իսկ այս անգամ դեռ հայտնի չէ, թե ինչ սկզբունքով է իրականացվելու այն», - նշեց Ալեքսան Ավետիսյանը:

Խոսելով կոնկրետ մարզիկների մասին` ֆեդերացիայի նախագահը ընդգծեց, որ Արմեն Նազարյանի համար սա օլիմպիական 2-րդ խաղերն են. «Չնայած երիտասարդ տարիքին` Արմենը բավականին մեծ փորձ է կուտակել: Եվրոպայի առաջնություններում նա թե բրոնզե, թե արծաթե, թե ոսկե մեդալների է արժանացել: Մինչ այդ էլ 23 տարեկանների Եվրոպայի չեմպիոն էր դարձել: Թե Նազարյանը, թե Դավթյանը կամային բարձր որակներ ունեցող մարզիկներ են»: Ալեքսան Ավետիսյանը գտնում է, որ մեր ձյուդոյիստները առաջին հերթին պետք է հոգեբանորեն պատրաստ լինեն խաղերին. «Չէի ասի, թե օլիմպիական խաղերի եւ Եվրոպայի կամ Աշխարհի առաջնության միջեւ տարբերությունը այդքան մեծ է: Պարզապես օլիմպիական խաղերում լարվածություն կա: Ողջ աշխարհի ուշադրության կենտրոնում այս խաղերն են, ուստի մարզական լարվածությունը շատ մեծ է: Հոգեբանական այս արգելքը հաղթահարելու դեպքում անպայման հաջողություն կլինի»:

Արդեն հայտնի են նաեւ բոլոր այն մարզիկների անունները, որոնք Հովհաննես Դավթյանի եւ Արմեն Նազարյանի հետ միասին պայքարելու են օլիմպիական խաղերում: «Գրեթե բոլորին էլ ճանաչում ենք: Նրանցից շատերի հետ Դավթյանը եւ Նազարյանը մասնակցել են տարբեր ուսումնամարզական հավաքների եւ մրցաշարերի: Ամեն երկիր իր հնարավորությունների սահմաններում է պատրաստվել: Իհարկե, չենք կարող մեր ծախսած գումարները համեմատել օրինակ, Ֆրանսիայի հետ, որի տարեկանմ բյուջեն 60մլն եվրո է: Իսկ մենք ընդամենը 150 հազար եվրո են ծախսում բոլոր տարիքային հավաքականների համար», - ասաց Ալեքսան Ավետիսյանը: