Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԱՐՈՆՅԱՆԻՆ ՀԱՎԱՏՈՒՄ Է 20 ՏՈԿՈՍԸ

Սպորտ

Հայ գրոսմայստեր Լեւոն Արոնյանը կմասնակցի հուլիսի 31-ից օգոստոսի 15-ը Ռուսաստանի Սոչի քաղաքում կայանալիք Գրան Պրի ՖԻԴԵ մրցաշարի 2-րդ փուլին, որը մտնում է չեմպիոնական ընտրական փուլի մեջ: Մրցաշարի մրցանակային հիմնադրամը կազմել է 300 հազար եվրո:

Արոնյանը մրցաշարում կմցրի Վասիլի Իվանչուկի (Ուկրաինա), Թեմուր Ռաջաբովի (Ադրբեջան), Պյոտեր Սվիդլերի (Ռուսաստան), Ալեքսանդր Գրիշչուկի (Ռուսաստան), Սերգեյ Կարյակինի (Ուկրաինա), Գատա Կամսկու (ԱՄՆ), Բորիս Գելֆանդի (Իսրայել), Վուգար Հաշիմովի (Ադրբեջան), Դմիտրի Յակովենկոյի (Ռուսաստան), Իվան Չեպարինովի (Բուլղարիա), Վան Յուեի (Չինաստան), Դավթի Նավարայի (Չեխիա) եւ Մոհամդե Ալ Մոդիյխիի հետ (Քաթար):

Ռուսաստանի շախմատի ֆեդերացիայի պաշտոնական կայքում արդեն սկսվել է հարցում, թե ով կհաղթի Սոչիի մրցաշարում: Մասնակիցները 24%-ը կարծում է, թե Իվանչուկը կգրավի 1-ին հորիզոնականը: 20 %-ի կարծիքով հաղթող կդառնա Արոնյանը:

Ի դեպ, օրերս Պրոֆեսիոնալ շախմատիստների ասոցիացիան հրապարակել է 2007-08թթ. մրցաշրջանի արդյունքներով մոլորակի ուժեղագույն 10 գրոսմայստերների անունները, որտեղ տեղ են գտել նաեւ Լեւոն Արոնյանի եւ Սլովակիան ներկայացնող Սերգեյ Մովսիսյանի անունները:

Արոնյանը եզրափակում է լավագույն եռյակը, իսկ Մովսիսյանը գտնվում է 3-րդ հորիզոնականում:

ԱՄՆ-ի ԿԱԶՄՈՒՄ

ԱՄՆ-ի շախմատի ֆեդերացիան որոշել է տղամարդկանց եւ կանանց հավաքականների կազմը, որոնք այս տարի կմասնակցեն Դրեզդենում կայանալիք Համաշխարհային օլիմպիադային: Տղամարդկանց հավաքականում կրկին ընդգրկված է հայ գրոսմայստեր Վարուժան Հակոբյանը: Կանանց հավաքականում տեղ են գտել Տաթեւ Աբրահամյանը եւ Կատերինա Ռոհոնյանը:

ՎԱՀԱՆՅԱՆԸ ԲԵԼԳԻԱՅՈՒՄ

Հայ գրոսմայստեր Ռաֆայել Վահանյանը օգոստոսի 23-31-ը կմասնակցի Բելգիայի Անտվերպեն քաղաքում կայանալիք միջազգային մրցաշարին: Վահանյանի մրցակիցները կլինեն չինացի Բու Հիանցզին, ուկրաինացի Միրոշնիչենկո Լահնոն, հոլանդացիներ Վերլեն եւ Թիմանը, հունգարացի Գյիմեշին, գերմանացի Շչեբլերը, բելգիացիներ Միխելիսը եւ Վան դեր Ստրիրը: