ՀԱՅԱՍՏԱՆԸ ՉՀԱՂԹԱՀԱՐԵՑ ԱՆԳԱՄ ԱՌԱՋԻՆ ԱՐԳԵԼՔԸ
Աջակցիր «Ա1+»-ինԱվարտվեց Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլը, որին մասնակցում էին Եվրոպայի առավել ցածր վարկանիշ ունեցող 28 երկրների չեմպիոնները: Հայաստանի չեմպիոնը վերջին 7 տարիների ընթացքում առաջին անգամ պայքարը թողեց` առաջին փուլի 2 հանդիպումներում էլ պարտություն կրելով:
Հայաստանի չեմպիոնը, մրցելով Կիպրոսի չեմպիոնի հետ, շուրջ 180 րոպե չկարողացավ 1 գնդակ ուղարկել մրցակցի դարպասը, փոխարենը ընդունեց 3-ը ու դեռ մի շարք դրվագներում գնդակը հրաշքով չհայտնվեց «Փյունիկի» դարպասը:
Որակավորման առաջին փուլում ավելի հաջող հանդես եկան մեր հարեւանները` Վրաստանը եւ Ադրբեջանը, որոնց չեմպիոնները պայքարը կշարունակեն 2-րդ փուլում: Վրաստանի չեմպիոն Թբիլիսիի «Դինամոն» հեշտությամբ հաղթահարեց Ֆարերյան կղզիները ներկայացնող «Ռունավիկի» արգելքը` 2 հանդիպումների արդյունքում առավելության հասնելով 3:1 հաշվով:
Ադրբեջանական «Ինտերը» սեփական հարկի տակ 0:0 հաշվով էր ավարտել մակեդոնական «Ռաբոտնիչիի» հետ հանդիպումը, սակայն պատասխան խաղում գրանցվեց 1:1 հաշիվը, որը թույլ տվեց Ադրբեջանի չեմպիոնին հայտնվել 2-րդ փուլում: Նախկին ԽՍՀՄ երկրների ներկայացուցիչներից պայքարը կշարունակեն նաեւ լատվիական «Վենտսպիլսը», լիտվական «Կաունասը», բելառուսական ԲԱՏԵ-ն, մոլդովական «Շերիֆը»: Հայաստանի չեմպիոնի հետ միասին պայքարը թողեցին միայն էստոնական «Լեւադիան» եւ ղազախական «Ակտոբեն»:
Հայկական թիմերը անհաջող են հանդես գալիս նաեւ նախորդ շաբաթ մեկնարկած ՈւԵՖԱ-ի գավաթի խաղարկությունում: «Արարատը» սեփական հարկի տակ 0:1 հաշվով զիջել է շվեյցարական «Բելինցոնային», իսկ «Բանանցը» հյուրընկալվելիս 0:7 հաշվով պարտվել ավստրիական «Զալցբուրգին»:
Այս թիմերը իրենց պատասխան հանդիպումները կանցկացնեն հաջորդ հինգշաթի: Եթե այս հանդիպումներ մեր թիմերին չհաջողվի միավորներ վաստակել, ապա Հայաստանը ՈւԵՖԱ-ի վարկանիշային աղյուսակում ընդհուպ կմոտենա Լյուքսեմբուրգին, Անդորրային, Սան Մարինոյի, Ֆարերներին, որոնք եզրափակում են 53 երկրներից բաղկացած աղյուսակը:
Եվրագավաթների ընթացիկ խաղարկությունում միայն Հայաստանի, Լիխտենշտեյնի, Անդորրայի, Լյուքսեմբուրգի, Մալթայի եւ Սան Մարինոյի թիմերին չի հաջողվել միավոր վաստեկել: