Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՄԱՐԶԻՉՆԵՐԸ ՀԱՄԱԿԱՐԾԻՔ ԷԻՆ

Սպորտ

«Փյունիկ» - «Անորտոսիս» Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլի պատասխան խաղի ժամանակ 2 թիմերի գլխավոր մարզիչներն էլ հանդիպմանը մեծ մասին հետեւեցին կանգնած:

Նրանք անընդհատ խորհուրդներ էին տալիս իրենց սաներին, իսկ հյուրերի գլխավոր մարզիչ Թեմուրի Կեցբայան երբեմն բղավոցով իր դժգոհությունն էր արտահայտում, հատկապես պաշտպանների սխալներից հետո:

«Ես կարծում եմ, որ մեր թիմը այս դիմակայության ֆավորիտն էր,- հանդիպումից հետո ասաց Կեցբայան: - Դա հաստատվեց առաջին խաղում, երբ մենք մրցում էինք Կիպրոսում: Մենք գիտեինք, որ Հայաստանում հանդես գալը հեշտ չի լինելու, բայց մենք չարչարվեցինք եւ հասանք ցանկալի արդյունքի, որի համար ուզում եմ շնորհավորել իմ սաներին, որոնք արժանիորեն հաղթեցին եւ դուրս եկան հաջորդ փուլ: Մեր հաջորդ մրցակիցը Ավստրիայի չեմպիոն «Ռապիդն» է: Կփորձենք որքան հնարավոր է լավ նախապատրաստվել այդ հանդիպմանը»:

Թեմուրի Կեցբայան անկեղծորեն խոստովանեց, որ «Ռապիդը» «Փյունիկ» չէ. «Պարզ է, որ «Ռապիդը» ավելի ուժեղ է եւ մեզ հետ խաղում արդեն նրանք կլինեն ֆավորիտ: Ավստրիայի եւ Կիպրոսի ֆուտբոլը եթե համեմատենք, ապա Ավստրիան ավելի բարձր մակարդակի վրա է: «Ռապիդը» հաղթել է Ավստրիայի առաջնությունում, սակայն մեզ հետ հանդիպումներում նրանք խաղով պետք է փորձեն ապացուցել, որ ֆավորիտ են»:

«Փյունիկի» գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը եւս այն կարծիքին է, որ մրցակիցը արժանիորեն հաղթեց. «Ես նախ ուզում եմ շնորհավորել «Անորտոսիսին»: Իրոք արժանի էր այս հաջողությանը: 2 հանդիպումներում էլ ունեին թե տարածքային, թե խաղային առավելություն»:

Մինասյանը իր սաներից պատասխան խաղում ակնկալում էր ավելի լավ խաղ. «Այն, ինչ ես սպասում էի, չստացվեց: Ավելի շուտ ստացվեց 10 րոպե առաջին կեսում եւ 10 րոպե երկրորդ կեսում: Երիտասարդ, հեռանկարային թիմ է, պարզապես նրանք պետք է գիտակցնեն, որ պետք է ավելի շատ աշխատեն: Առանց աշխատանքի իրենց ունեցած տաղանդով ոչնչի չեն հասնի»:

Մեկնաբանելով թիմի առանցքային ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանի փոխարինումը խաղի երկրորդ կեսում` Մինասյանը ասաց. «Նա վնասվածք չուներ, պարզապես փոխարինվեց, քանի որ կանգնած էր տեղում, չէր աշխատում: Երեւի հոգնել էր: Երեւի նկատեցիք, որ նրա փոխարինումից հետո խաղը ավելի արագացավ, ավելի սրվեց»: