Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«ՄԻԿԱՆ» ՄՈՏԵՑԱՎ «ԱՐԱՐԱՏԻՆ»

Սպորտ

Ֆուտբոլի Հայաստանի առաջնության 7-րդ տուրից հետաձգված «Բանանց» - «Միկա» խաղում 1:0 հաշվով հաջողության հասան «Միկայի» ֆուտբոլիստները: Արկադի Անդրեասյանին փոխարինած Իշտվան Սեկեչի գլխավորությամբ սա «Միկայի» առաջին հաղթանակն էր, բացի այդ ընթացիկ մրցաշրջանում թիմին առաջին անգամ հաջողվեց պարտության մատնել «Բանանցին»:

«Բանանցի» ավագ մարզիչ Աշոտ Բարսեղյանը «Ա1+»-ի հետ զրույցում ասաց, որ հանդիպումը կարող էր այլ հաշվով ավարտվել, եթե իրացվեին գոլային պահերը. «Առաջին կեսում առավելությունը, իրոք, «Միկայի» կողմն էր, որը 30-րդ րոպեին հաշվի մեջ առաջ անցնելով` սկսեց հակագրոհների մարտավարությամբ հանդես գալ:

Իսկ ահա 2-րդ կեսում գնդակին հիմնականում մենք էինք տիրում, ստեղծում վտանգավոր պահեր: Չկարողացանք օգտագործել մեր հնարավորությունները, թեեւ հակագրոհներից մեկի ժամանակ լավ պահ ունեցավ նաեւ «Միկան»»: Աշոտ Բարսեղյանը վստահ է, որ «Բանանցը» դուրս է եկել հոգեբանական այն լուրջ հարվածից, որը թիմը ստացել էր ՈւԵՖԱ-ի գավաթի խաղարկության «Ռեդ Բուլի» հետ խաղում կրած 0:7 հաշվով պարտությունից հետո. «Թիմում պրոֆեսիոնալ տղաներ են: Նրանք գիտակցում են, որ որքան հնարավոր է պետք է արագ մոռանան այդ անհաջողությունը: Եթե անընդհատ հիշեն այդ պարտությունը, ապա առաջ գնալ չեն կարող: Խաղի ընթացքը ցույց տվեց, որ արդեն ամեն ինչ կարգավորվել է: Պետք է հաշվի առնել նաեւ, որ մենք «Միկայի» հետ խաղում հանդես եկանք առանց մեր առաջատար ֆուտբոլիստներ Ռոմիկ Խաչատրյանի եւ Եղիշե Մելիքյանի»:

Ռոմիկ Խաչատրյանը որակազրկված էր, իսկ Եղիշե Մելիքյանը դեռ ապաքինվում է. «Մելիքյանը վնասվածք ուներ, որի համար նրան ակումբը ուղարկել էր հետզոտության Դոնեցկ: Այժմ վերադարձել է, սակայն դեռ 3-4 օր չի կարող մարզվել»:

Պարտվելով «Միկային» ` «Բանանցը» 24 միավորով շարունակում է ընթանալ 4-րդ հորիզոնականում, իսկ ահա «Միկան» 27 միավորով ամրապնդվեց 2-րդ տեղում: Թիմը դեռ եւս մեկ հետաձգված հանդիպում «Փյունիկի» հետ պետք է անցկացնի, որը հաղթանակով ավարտելու դեպքում` կշրջանցի առաջատար «Արարատին»: