ԱՂՎԱՆԻՆ ՀՐԱՎԻՐՈՒՄ ԵՆ ՀՈՒՆԱՍՏԱՆ
Աջակցիր «Ա1+»-ինՀայաստանի հավաքականի ֆուտբոլիստ Աղվան Մկրտչյանը կարող է հայտնվել հունական ՊԱՕԿ հանրահայտ թիմում:
Ներկայումս բելառուսական «Գոմելում» հանդես եկող ֆուտբոլիստը խնդրել է ակումբի ղեկավարությանը տրանսֆերի հանել իրեն:
Բելառուսի առաջնության առաջին շրջանը ավարտվել է, եւ այժմ թիմերում կադրային մի շարք փոփոխություններ են տեղի ունենում:
Աղվան Մկրտչյանը «Գոմելում» հայտնեց այս տարվա սկզբին եւ շատ շուտով դարձավ Բելառուսի փոխչեմպիոնի հիմնական կազմի խաղացող:
Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստը հունիսի 1-ին մասնակցեց Հունաստան Հայաստան ընկերական հանդիպմանը, որը ավարտվեց 0:0 հաշվով: Այս խաղում Մկրտչյանի խաղը հավանության էր արժանացել ՊԱՕԿ-ի ղեկավարության եւ գլխավոր մարզչի կողմից: Ներկայումս հունական թիմի նախագահն է Հունաստանի հավաքականի նախկին ավագ Թեոդորիս Զագորակիսը, իսկ ակումբը մարզում է Ֆեռնանդո Սանթոսը:
Բելառուսում հանդես եկող հայ մյուս ֆուտբոլիստներից մի քանիսի ապագան եւս մշուշոտ է: Մասնավորապես «Սմարգոնում» հանդես եկող Գալուստ Պետրոսյանը առայժմ ոչնչով աչքի չի ընկնում, իսկ նրա ակումբը ընթանում է 12-րդ հորիզոնականում: Հարձակման գծում հանդես եկող Պետրոսյանը առայժմ ոչ մի գոլ չի խփել այս թիմում, որտեղ առաջին մրցաշրջանն է անցկացնում:
Ընթացիկ առաջնության հայտնությունը դարձած «Վիտեբսկի» կազմում հանդես եկող Արթուր Ոսկանյանը մտադիր էր լքել ակումբի առաջին շրջանի ավարտից հետո: Ոսկանյանի հարաբերությունները լարված էին գլխավոր մարզիչ Կոնոպլյովի հետ, սակայն երեկ հայտնի դարձավ, որ «Վիտեբսկը» հրաժարվել է այս մարզչի ծառայություններից: Այժմ թիմը կգլխավորի Կիեւի «Դինամոյի» եւ Բելառուսի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Ալեքսանդր Խացկեւիչը: Մարզչական փոփոխույթունից հետո Ոսկանյանը որոշել է շարունակել ելույթները «Վիտեբսկում», որտեղ հանդես է գալիս նաեւ Հայաստանի հավաքականի պաշտպան Ալեքսանդր Թադեւոսյանը: