ԱՌԱՋԻՆ ՄԵԴԱԼԸ ՖՐԱՆՍԻԱՅՈՒՄ
Աջակցիր «Ա1+»-ինՖրանսիայի Ամիեն քաղաքում մեկնարկել է ծանրամարտի Եվրոպայի պատանեկան առաջնությունը, որին մասնակցում է նաեւ Հայաստանի հավաքականը:
Առաջինը ասպարեզ է դուրս եկել 50կգ քաշային Սմբատ Մարգարյանը: Այս քաշային կարգում ոսկե մեդալի համար պայքարը ընթացել է հայ ծանրորդի եւ թուրք Ալգուլ Իսմետի միջեւ:
Պոկում վարժությունում Սմբատը բարձրացրել է 88կգ, իսկ Իսմետը` 92 կգ եւ գրավել առաջին հորիզոնականը: Հրում վարժությունում Մարգարյանը գլխավերեւում պահել է 113կգ` 1 կգ-ով զիջելով թուրք մարզիկին: Երկամարտում ցույց տալով 201 կգ արդյունք Սմբատ Մարգարյանը դարձել է Եվրոպայի փոխչեմպիոն, իսկ թուրք ըմբիշը 206կգ արդյունքով դարձել է չեմպիոն եւ սահմանել Եվրոպայի նոր ռեկորդ: Այս քաշային կարգի մյուս մասնակիցները ավելի համեստ արդյունքներ են ցույց տվել:
Տղաների պայքարում հաջորդը պայքարի մեջ կմտնի 62կգ քաշային Ռոման Հարությունյանը: 69կգ քաշայինների պայքարում հանդես կգա Վարդգես Կարապետյանը, 77կգ-ում` Արեն Ներսեսյանը, 85-ում` Գագիկ Գրիգորյանը:
Աղջիկների պայքարում հանդես կգա միայն 58կգ քաշային Ալլա Սամվելյանը:
Եվրոպայի պատանիների առաջնության ընթացիկ ռեկորդներից մի քանիսը պատկանում են հայ ծանրորդներին:
69կգ քաշայինների պայքարում Տիգրան Մարտիրոսյանը պոկում վարժությունում 2005թ. ցույց տված 142կգ արդյունքը մինչ օրս չի գերազանցվել: 77կգ քաշայինների պայքարում Աղվան Մելիքյանին է պատկանում հրում վարժության ռեկորդը 182կգ-ով, եւ երկամարտի ռեկորդը 328կգ արդյունքով: Եվ վերջապես 94կգ-ից բարձր քաշայինների պայքարում Ռուբեն Ալեքսանյանի ցույց տված արդյունքները թե հրում, թե պոկում վարժություններում, բնականաբար նաեւ երկամարտում, մինչ այժմ չեն գերազանցվել: