ԳԵՐՄԱՆԱՑԻ ՊԱՐՍԻԿԸ ԿԴԱՏԻ «ՓՅՈՒՆԻԿԻՆ»
Աջակցիր «Ա1+»-ինՄիջազգային բուքմեյքերական ընկերությունները վաղը կայանալիք Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլի «Փյունիկ» - «Անորտոսիս» խաղում նախապատվությունը տալիս են հյուրերին:
Այս թիմերի միջեւ կայացած առաջին խաղում «Անորտոսիսը» սեփական հարկի տակ հաղթել է 1:0 հաշվով: Պատասխան խաղում «Փյունիկին» անհրաժեշտ է հաղթել` պայքարը շարունակելու համար եւ բուքմեյքերները հայկական թիմի հաջողությունը գնահատել են 2.85 գործակցով: «Անորտոսիսի» հաղթանակի համար խաղադրույքներ են ընդունվում 2.35 գործակցով, իսկ ոչ-ոքիի համար սահմանվել է 3.20 գործակից: Այն, որ «Փյունիկը» չի պարտվի այս խաղում սահմանվել է 1.55 գործակից, իսկ «Անորտոսիսի» համար` 1.22:
Եթե «Փյունիկի» հաղթանակի գործակիցը այնքան էլ անհավանական չէ, ապա Հայաստանի չեմպիոնի հաջորդ փուլ դուրս գալուն բուքմեյքերները չեն հավատում եւ դրա համար սահմանել են 4.30 գործակից: «Անորտոսիսի» հաջորդ փուլում հայտնվելու համար սահմանվել է ընդամենը 1.17 գործակից:
Այս խաղում ամենահավանականը համարվում է 1:1 հաշիվը, որի համար սահմանվել է 6.35 գործակից, իսկ «Անորտոսիսի» հաղթանակը 1:0 հաշվով կազմել է 7.00 գործակից: «Փյունիկի» համար ձեռնտու 2:0 հաշվի վրա խաղադրույք է ընդունվում 13.50 գործակցով:
«Փյունիկի» - «Անորտոսիս» հանդիպում կայանալու է վաղը 18:30-ին Աբովյանի քաղաքային մարզադաշտում: Հանդիպումը սպասարկելու է Գերմանիայի մրցավարական բրիգադը, ազգությամբ պարսիկ Բաբակ Ռաֆատիի գլխավորությամբ: Ռաֆատին Գերմանիայի ճանաչված մրցավարներից մեկն է, Բունդեսլիգայում վարել է 34 հանդիպում: