2 ՀԱՅ` ՆՈՒՅՆ ՔԱՇԱՅԻՆ ԿԱՐԳՈՒՄ
Աջակցիր «Ա1+»-ին2008թ. ամառային օլիմպիական խաղերի անշուշտ ամենամեծ սպասելիքները կապված են 77կգ քաշային ծանրորդ Գեւորգ Դավթյանի հետ: Եվրոպայի առաջնության կրկնակի հաղթողը միակ հայ մարզիկն է, որ 2007թ. աշխարհի առաջնություններում արծաթե մեդալ է նվաճել:
Եվրոպայի առաջնություններում հատկապես հայ ծանրորդները վերջին տարիներին մեծ թվով մեդալներ են նվաճել, նրանցից մի քանիսը դարձել են չեմպիոն, սակայն աշխարհի առաջնություններում ամենամեծ հաջողությանը հասել է Դավթյանը:
Խոսքը 2007թ. աշխարհի առաջնության մասին է, որտեղ Գեւորգը շատ մոտ էր չեմպիոնի կոչմանը, սակայն ի վերջո 1կգ-ով զիջեց բուլղարացի Իվան Ստոյցովին եւ բավարարվեց արծաթե մեդալով:
Իվան Ստոյցովը, ինչպես եւ մյուս բուլղարդացիները, արգելված խթանիչների օգտագործելու համար որակազրկված են, ուստի Դավթյանի հիմնական մրցակիցներից մեկը դուրս է մնացել պայքարից:
Աշխարհի 2007թ. առաջնությունում Դավթյանը երկամարտում ցույց տվեց 362կգ արդյունք: Նույն արդյունքով Եվրոպայի 2008թ. չեմպիոն է դարձել Ռուսաստանի ներկայացուցիչ Օլեգ Պերեպեչինովը, որի 2004թ. խաղերում 365կգ արդյունքով գրավեց 3-րդ հորիզոնականը: Եվրոպայի այս տարվա առաջնությանը Գեւորգ Դավթյանը չէր մասնակցում` ուժերը խնայելով օլիմպիական խաղերի համար:
77կգ քաշայինների պայքարում մեդալի եւս մեկ ռեալ հավակնորդ է Արա Խաչատրյանը, որը Եվրոպայի վերջին 2 առաջնություններում զբաղեցրել է 2-րդ հորիզոնականը, իսկ աշխարհի 2006թ. առաջնությունում արժանացել բրոնզե մեդալի: Խաչատրյանը երկամարտում 361 կգ արդյունք ցույց տվեց Եվրոպայի այս տարվա առաջնությունում, որը 1կգ-ով քիչ է Գեւորգի արդյունքից:
Մեդալի հավակնորդներ են Պերեպեչինովին, Դավթյանին եւ Խաչատրյանին, սակայն այս քաշային կարգում մասնագետները ֆավորիտ են համարում թուրք Տաներ Սագիրին` 2004թ. Աթենքի օլիմպիական խաղերի հաղթողին, որը երկամարտում ցույց էր տվել 375կգ արդյունք:
Սա նաեւ օլիմպիական ռեկորդ էր, որը թույլ տվեց Սագիրին առաջ անցնել Ղազախստանի ներկայացուցիչ Սերգեյ Ֆիլիմոնովից: Բուլղարիայում ծնված 23-ամյա թուրք ծանրորդը Աշխարհի 2006թթ, Եվրոպայի 2004-05թթ. չեմպիոնն է: Չպետք է մոռանալ նաեւ չինացի Լի Հոնգլիին, որը աշխարհի 2007թ. առաջնությունում երկամարտի 361կգ արդյունքով գրավեց 3-րդ հորիզոնականը:
2006թ. աշխարհի առաջնությունում հաղթելուց հետո Տագեր Սագիրը խոշոր մրցաշարերի չի մասնակցել եւ դժվար է ասել, թե արդյոք ի զորու է կրկնել այն բացառիկ արդյունքը, որը ցույց տվեց օլիմպիական խաղերում: Ամեն դեպքում թե Գեւորգ Դավթյանին, թե Արա Խաչատրյանին հարկ կլինի «գլխից վեր ցատկել»` առաջիկա խաղերում լավ արդյունք հասնելու համար: Ամենեւին էլ զարմանալի չի լինի, եթե մեր 2 ծանրորդներն են լինեն լավագույն եռյակում, պարզապես անհրաժեշտ է, որ նրանք կրկնեն իրենց լավագույն ելույթները` բարելավելով դրանք 1-2 կգ-ով: