Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀԱՅ ՄԱՐԶԻԿՆԵՐԸ ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ԽԱՂԵՐՈՒՄ

Սպորտ

Պեկինում կայանալիք 2008թ. ամառային խաղերը 29-րդն են պատմության մեջ: Հայ մարզիկները ժամանակակից օլիմպիական խաղերին մասնակցում են 1952թ.-ից` 15-րդ խաղերից: Համառոտ ներկայացնում ենք հայ մարզիկների ելույթները օլիմպիական խաղերում:

1952թ. Հելսինկի, Ֆինլանդիա, 2 մարզիկ Այս խաղերում բավական հաջող հանդես եկավ մարմնամարզիկ Հրանտ Շահինյանը, որը միանգամից մեդալի արժանացավ, որոնցից 2-ը` ոսկե: Շահինյանը նախ ԽՍՀՄ հավաքականի կազմում դարձավ օլիմպիական չեմպիոն, ապա հաջողության հասավ նաեւ անհատական պայքարում: Հանդես գալով օղակներում, բազմամարտում, նժույգում եւ զուգափայտում, Հրանտ Շահինյանը դարձավ առաջին հայ մարզիկը, որը օլիմպիական խաղերում ոսկու է արժանանում: Ժամանակակից հնգամարտում հանդես եկավ Իգոր Նովիկովը, որը բավարարվեց 4-րդ հորիզոնականով: 1956թ. Մելբուռն, Ավստրալիա. 3 մարզիկ

Այստեղ փայլեց Հայաստանի 20-րդ դարի լավագույն մարզիկ Ալբերտ Ազարյանը, որը 1 ոսկե մեդալ նվաճեց անհատական պայքարում օղակների վրա, եւս մեկ ոսկու արժանացավ թիմային պայքարում: Ոսկե մեդալի արժանացավ նաեւ բռնցքամարտիկ Վլադիմիր Ենգիբարյանը, որը հանդես էր գալիս 63.5 քաշային կարգում: Իգոր Նովիկովը եւս դարձավ չեմպիոն, սակայն թիմային պայքարում:

1960թ. Հռոմ, Իտալիա, 5 մարզիկ

Մարմնամարզիկ Ալբերտ Ազարյանը կրկին դարձավ չեմպիոն, նվաճելով իր 3-րդ ոսկին օլիմպիական խաղերում: Թիմային պայքարում Ազարյանը արծաթի արժանացավ: Խորհրդային Հայաստանը ներկայացնող Վալենտին Չեռնիկովը այս խաղերում բրոնզի արժանացավ, իսկ Իգոր Նովիկովը թիմային պայքարում նվաճեց արծաթե մեդալ:

1964թ. Տոկիո, Ճապոնիա, 1 մարզիկ

Այս խաղերին մասնակցեց միայն Իգոր Նովիկովը: Ժամանակակից հնգամարտում հանդես եկող այս մարզիկը անհատական պայքարում արծաթե մեդալ նվաճեց, իսկ թիմային պայքարում` ոսկե:

1968թ. Մեխիկո, Մեքսիկա, 1 մարզիկ

Մեքսիկա մեկնեց միայն ազատ ոճային ըմբիշ Նազար Ալբարյանը, որը գրավեց 4-րդ հորիզոնականը 52կգ քաշայինների պայքարում:

1972թ. Մյունխեն, Գերմանիա, 6 մարզիկ

Աթլեթիկայում հանդես եկող Ֆարինա Մելնիկը դարձավ օլիմպիական խաղերում ոսկե մեդալի արժանացած առաջին հայաստանցի մարզուհին: Մյունխենում առաջին անգամ օլիմպիական խաղերին մասնակցեցին նաեւ հայ ֆուտբոլիստները: Արկադի Անդրեասյանը եւ Հովհաննես Զանազանյանը ԽՍՀՄ հավաքականի կազմում դարձան բրոնզե մեդալակիրներ: Սպորտային մարմնամարզությունում Էդվարդ Միքաելյանը թիմային պայքարում արծաթե մեդալ նվաճեց:

1976թ. Մոնրեալ, Կանադա, 4 մարզիկ

78կգ քաշային ծանրամարտիկ Վարդան Միլիտոնյանը դարձավ օլիմպիական խաղերի փոխչեմպիոն` նվաճելով արծաթե մեդալ: Բռնցքամարտիկ Դավիթ Թորոսյանը 51կգ քաշայինների պայքարում արժանացավ բրոնզի:

1980թ. Մոսկվա, ԽՍՀՄ, 11 մարզիկ

82.5 կգ քաշային կարգում ծանրորդ Յուրի Վարդանյանը դարձավ օլիմպիական չեմպիոն` սահմանելով նաեւ նոր ռեկորդ: Ալբերտ Ազարյանի որդին` Էդուարդը, սպորտային մարմնամարզությունում թիմային պայքարում նվաճեց ոսկի: Ջրացատկում Սիլվա Էմիրզյանը նվաճեց արծաթե եւ բրոնզե մեդալ: Ֆուտբոլում Խորեն Հովհաննիսյանը ԽՍՀՄ հավաքականի կազմում դարձավ բրոնզե մեդալակիր: Մականախաղում նման հաջողության հասավ Սոս Հայրապետյանը, իսկ սուսերամարտում` Աշոտ Կարագյանը, որը թիմային պայքարում բացի բրոնզից նաեւ արծաթի արժանացավ:

1984թ. Լոս Անջելես, ԱՄՆ

ԽՍՀՄ հավաքականը այս խաղերը բոյկոտեց, չմասնակցելով միացյալ նահանգներում կայացած մրցումներին: Բնականաբար, օլիմպիական խաղերից դուրս մնացին նաեւ հայ մարզիկները:

1988թ. Սեւուլ, Կորեա, 8 մարզիկ

56կգ քաշային ծանրորդ Օգսեն Միրզոյանը դարձավ օլիմպիական չեմպիոն դարձած 2-րդ հայ ծանրորդը: Հունա-հռոմեական ոճի ըմբիշ Լեւոն Ջուլֆալակյանը, որը ներկայումս Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչն է, 68կգ քաշայինների պայքարում նվաճեց ոսկե մեդալ: Ազատ ոճային Ստեփան Սարգսյանը 62կգ քաշայինների պայքարում դարձավ արծաթե մեդալակիր:

1992թ. Բարսելոնա, Իսպանիա 5 մարզիկ

Փլուզված ԽՍՀՄ-ի մարզիկները այստեղ հանդես եկան որպես ԱՊՀ-ի ներկայացուցիչներ: Հայաստանի մարզիկները պարզապես փայլեցին այս խաղերում: Ծանրամարտում օլիմպիական չեմպիոն դարձավ Իսրայել Միլիտոնյանը: Հունա-հռոմեական ոճում չեմպիոնի կոչման արժանացավ 74կգ քաշային Մնացական Իսկանդարյանը: Հրաձիգ Հրաչյա Պետիկյանը եւս դարձավ ոսկե մեդալակիր: 3 օլիմպիական չեմպիոն մեկ խաղերում. սա բացառիկ արդյունք էր: Ցավալի է միայն, որ այս մարզիկները հանդես չէին գալիս արդեն անկախություն ձեռք բերած Հայաստանի դրոշի ներքո:

1996թ. Ատլանտա, ԱՄՆ, 32 մարզիկ

Առաջին անգամ հայ մարզիկները հանդես էին գալու Հայաստանի դրոշի ներքո: Միացյալ Նահանգներ էին մեկնել միանգամից 32 մարզիկներ, որը ռեկորդային ցուցանիշ է եւ դեռ չի գերազանցվել: Ընդհանուր առմամբ` հայ մարզիկները վատ հանդես չեկան` նվաճելով 1 ոսկե եւ 1 արծաթե մեդալներ:

Հունա-հռոմեական ոճի ըմբիշ Արմեն Նազարյանը 52կգ քաշային կարգում դարձավ օլիմպիական չեմպիոն, իսկ ազատ ոճային Արմեն Մկրտչյանը 48կգ քաշային կարգում արժանացավ արծաթե մեդալի:

2000թ. Սիդնեյ, Ավստրալիա, 25 մարզիկ

Այս խաղերում Հայաստանը ընդամենը 1 բրոնզով բավարարվեց: Ծանրորդ Արսեն Մելիքյանը 77կգ քաշային կարգում գրավեց 3-րդ հորիզոնականը: Բրոնզե մեդալի էր արժանացել նաեւ գերծանր քաշային Աշոտ Դանիելյանը, սակայն հետագայում Աշոտից մեդալը հետ վերցրեցին, քանի որ նա դոպինգ էր օգտագործել: Մեծ էին սպասելիքները ազատ ոճի ըմբիշ Արա Գեւորգյանից, որը 1995, 1997 եւ 1998թ. դարձել էր աշխարհի չեմպիոն: Սակայն օլիմպիական խաղերում Արային չհաջողվեց արժանանալ մեդալի:

2004թ. Աթենք, Հունաստան, 18 մարզիկ

Այս խաղերում հայ մարզիչներին որեւէ մեդալի չհաջողվեց արժանանալ: Հաջողությանը մոտ էին ծանրորդ Գեւորգ Ալեքսանյանը եւ հրաձիգ Նորայր Բախտամյանը, որոնք գրավեցին 4-րդ հորիզոնականը:

2008թ. Պեկին, Չինաստան, 25 մարզիչ

Օգոստոսի 8-ին մեկնարկելիք 29-րդ օլիմպիական խաղերում Հայաստանի պատիվը կպաշտպանեն 25 մարզիչներ, որոնցից 23-ը նման իրավունք են ստացել վարկանիշային մրցաշարերում: