ԿՈՊՏՈՂ ՎԱՐՈՐԴԻՆ ԿԱՐՈՂ ԵՆ ՀԵՌԱՑՆԵԼ ԱՇԽԱՏԱՆՔԻՑ
Աջակցիր «Ա1+»-ին«Այս ինչ խայտառակություն է, մեր վարորդները ուղեւորների հետ խոսելու եւ մեքենա վարելու նույնիսկ տարրական կուլտուրա չունեն»,- ասաց երթուղային տաքսուց իջած 55 -ամյա տիկին Ամալյան` միաժամանակ ավելացնելով, որ մեր վարորդների հետ պետք է լուրջ աշխատանք տարվի:
Մեր քաղաքացիները ամեն օր նյարդերը քայքայելով են երթեւեկում երթուղային տաքսիով կամ ավտոբուսով, քանի որ լսում են վարորդների տեղի եւ անտեղի հանդիմանությունները: Եթե հանկարծ ուղեւորներից մեկը 1000 դրամանոց թղթադրամ մեկնի վարորդին, վերջինս մեծ աղմուկ է բարձրացնում, եւ ասում, որ նա տաքսի չի նստել: Իսկ առավոտյան ժամերին հատկապես երթուղային տաքսիներում ասեղ գցելու տեղ չի լինում, քանի որ վարորդները կանգնում են յուրաքանչյուր կանգառում եւ ուղեւոր վերցնում: Իսկ եթե ուղեւորներից մեկը հանկարծ շփոթվի եւ ձայն հանի, վարորդը հակադարձում է.«Հո տաքսի չես նստել, եթե ձեռք չի տալիս, իջիր եւ տաքսի նստիր»: Ավտոբուսների վարորդները հաճախ կոպտում են անվճար երթեւեկության իրավունք ունեցողներին, իսկ շատ վարորդներ էլ այնքան բարձր երաժշտություն են միացնում, ինչի արդյունքում վարորդները չեն լսում ուղեւորների տվյալ կանգառում կանգնելու պահանջը, ինչը եւս վիճաբանության առիթ է դառնում:
Մեր փոքրիկ հարցախույզից պարզ դարձավ, որ համարյա բոլոր վարորդները մեքենայում ծխում են, թեեւ դա արգելված է օրենքով:
Իսկ վարորդները որեւէ դասընթաց անցնո՞ւմ են` հանրային փոխադրամիջոցի ղեկին նստելուց առաջ` հարցին` «Երեւան- Տրանս»-ի տնօրեն Կարեն Եդիգարյանն «Ա1+»-ին ասաց. «Մենք հո դպրոց չենք կարող բացել իրենց համար: Ճանապարհային ոստիկանության D կետը հենց դրա համար է, ուղեւոր փոխադրելու թույլտվությունն է դա, իսկ մենք միայն պետք է պայքարենք նման երեւույթների դեմ»:
Պարզվում է` գործում է թեժ գիծ 391653 հեռախոսահամարով, որով մեր համաքաղաքացիները կարող են զանգահարել եւ իրենց բողոքները վարորդների հետ կապված հայտնել այդ հեռախոսահամարով:
«Երեւան- Տրանս»-ի փոխտնօրեն Սուրեն Հակոբյանը նշում է, որ շատ են թեժ գծով զանգահարողները, եւ այդ զանգերի արդյունքում բազմաթիվ վարորդներ են հեռացվել աշխատանքից ու նույնիսկ կազմակերպության տնօրենների նկատմամբ պատժամիջոցներ են կիրառել:
Ի դեպ, ծխելու դեպքում առաջին անգամ նախատեսված է 25 հազար այնուհետեւ 50 հազար դրամ տուգանք: Իսկ քաղաքացուն կոպտելու համար տվյալ վարորդը առաջին անգամ խիստ նախազգուշացում է ստանում, իսկ երկրորդ անգամ հեռացվում է աշխատանքից:
Ինչպես Սուրեն Հակոբյանն է նշում, վարորդը առավոտյան դիսպետչերական կետից է սկսում իր երթուղին,ու այնտեղ դիսպետչերը ստուգում է` արդյո՞ք վարորդը սափրված է , մեքենան մաքուր վիճակում է, թե ոչ, եւ վարորդն ի վիճակի է մեքենա վարել:
«Կան եւ խելացի եւ անգրագետ վարորդներ, բայց մեր վարորդները լավն են, եւ նրանց էլ պետք է հասկանալ, քաղաքում խցանումներ են եւ ամբողջ օրը նրանք ներվային վիճակում են»,- ասաց Սուրեն Հակոբյանը:
Բայց բոլոր դեպքերում, ըստ Սուրեն Հակոբյանի, վարոդները եթե սխալներ են թույլ տալիս, պատժվում են՝ ընդհուպ մինչեւ աշխատանքից ազատում: