Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՆՈՐԱՑՎԱԾ ԿՈՄՈՒՆԻՍՏՆԵՐԸ

Քաղաքականություն

Հայաստանի նորացված կոմունիստական կուսակցությունն իր կոնֆերանսում ջանք ու եռանդ չխնայեց մայր կուսակցության` «Հայկոմկուսի», քննադատության համար: Դրանից, իհարկե, չտուժեց Ռոբերտ Քոչարյանի գովքը :

Ու թեեւ կոնֆերանսի ընթացքում կարմիր թելով անցնում էր առաջիկա նախագահական ընտրությունների եւ դրանցում Քոչարյանին սատարելու թեման, բայց պաշտոնապես ՀՆԿԿ-ն չշտապեց հայտարարել գործող նախագահի թեկնածությունը պաշտպանելու մասին:

Հայաստանի Նորացված կոմունիստական կուսակցության կենտկոմի առաջին քարտուղար Յուրի Մանուկյանը անխնա քննադատեց ՀԿԿ կենտկոմի առաջին քարտուղար Վլադիմիր Դարբինյանին:

Ընդդիմադիր 16 կուսակցությունների միավորմանը մեղադրեց Խորհրդային Միությունը քանդելու, իսկ կոմունիսների առաջնորդին` նրանց հետ այսօր դաշինքի մեջ գտնվելու համար:

«Մենք շատ լավ հիշում ենք 16 ի բոլոր լիդերներին` Մանուչարյանին, Մանուկյանին, Սադոյանին, Գեղամյանին, դեմակրատ Արամ Սարգսյանին, Բազեյանին» : «1988 թվականին սոցիալիստական կարգերը տապալելու գործում քաղաքական ակտիվություն դրսեւորած անձանց» թվում Յուրի Մանուկյանը նշեց նաեւ միայն վերջերս մեծ քաղաքականություն մտած «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Արամ Սարգսյանին:

«Ինչ գործ ունի Դարբինյանը կոմունիստների երդվյալ թշնամիների հետ: Ֆինանսական շահագրգռվածությո՞ւն ունի, պաշտոննե՞ր են խոստացել, թե՞ այլ պատճառ կա: Կարող է պատասխանել միայն ինքը` Վլադիմիր Դարբինյանը» :

Կուսակացության նախագահին լուրջ մեղադրանքներ ներկայացնելուց հետո Յուրի Մանուկյանը սկսեց քննադատել կուսակցության գործունեությունը: Ըստ նրա, «երջանկահիշատակ Սերգեյ Բադալյանից հետո քանդվում է կոմկուսը : Տարածքային կազմակերպություններում անդամների թիվը նվազում է: «Իսկ կուսակցության համեմատաբար ազնիվ կատեգորիան ընդգրկվել է մեր կուսակցության մեջ»: Այպիսով, ընկեր Մանուկյանը անցավ ՀՆԿԿ-ի գովքին:

Ու թեեւ կուսակցությունը կոմունիստական է, դրա առաջնորդը գովերգում է այսօրվա լիբերալ արժեքները,ազատական մոտեցումները եւ դա արդարացնում հետեւյալ կերպ.

«Ստեղծված հասարակական կարգի գոյության պայմաններում` հեղափոխական լոզունգներով ժողովրդի կենսամակարդակը, սոցիալական կենսակերպը հնարավոր չէ բարելավել, եւ բռնի ուժով գործող կարգերը տապալելու կոչերը, երբ չկա հեղափոխական իրավիճակ, կհանգեցնեն միայն նրան, որ իշխանության կողմից կուսակցությունը կհայտարարվի օրենքից դուրս վիճակում»:

Վերջում, Յուրա Մանուկյանը մոտ 30 րոպե գովերգեց գործող իշխանություններին: