ԱՍՈՒՄ ԵՆ`ՀՀԿ-ԻՑ ՈՒ ԲՀԿ-ԻՑ ԵՆ / VIDEO /
Աջակցիր «Ա1+»-ինԼեւոն Տեր-Պետրոսյանի տան մոտ այսօր շարունակվում էր մի խումբ անձանց նստացույցն ընդդեմ ՀՀ առաջին նախագահի: Առանձնատան մոտ կար երկու վրան, որոնցից մեկը՝ դատարկ: Մյուս վրանում նստած էին երեք կին, որոնք ծխում էին, կատակներ անում: Իսկ վրանների շուրջ շատ քիչ մարդկանց տեսանք, որոնք կամ պտտվում էին վրանների շուրջբոլորը, կամ կանգնած սպասում: Դրսում էր նաեւ ակցիայի կազմակերպիչ, կենսաթոշակառու Սոկրատ Հովսեփյանը: Հիշեցնենք, որ 1988թ. եղել է Սպիտակ քաղաքի դատախազ, այնուհետեւ աշխատել է հանրապետության դատախազության քննչական վարչությունում, իսկ 1996թ.-ին, երբ նախագահ էր Լեւոն Տեր-Պետրոսյանը, Արդարադատության խորհրդի որոշմամբ դուրս է մնացել դատախազական համակարգից, իսկ 2,5 տարի հետո վերակագնվել է:
Կանանցից մեկը` մտածելով, թե իրենց ակցիայի մասնակիցներից մեկն եմ, ոչ թե լրագրող, հրավիրեց իրենց վրան:
Կանանցից մեկը պատմեց, որ Թոխմախից է, կուսակցական ու պարծեցավ, որ ինքն ու մյուսներն ունեն համապատասխան շարֆեր: Որպես ապացույց՝ անմիջապես բերեցին ՀՀԿ-ականների եռագույն շարֆը՝ «Առաջ Հայաստան» կարգախոսով: Կանայք ասացին, որ ՀՀԿ-ական են եւ հինգ օր է՝ գիշերում են Լեւոն Տեր-Պետրոսյանի առանձնատան մոտ:
Ի պաշտպանություն Սերժ Սարգսյանի ստացած քվեների ակցիայի մասնակիցները բողոքում էին, որ իրենք չունեն նավթավառ, ուտելիքի մեծ պաշար, ինչպես «Լեւոնի մարդիկ», որոնք ցույց են անում ի պաշտպանություն Տեր-Պետրոսյանի Ազատության հրապարակում:
Հետաքրքրվեցինք նրանցից, թե ի՞նչ միտք ունի իրենց այս ակցիան, եթե հավատացած են, որ իրենց թեկնածուն՝ Սերժ Սարգսյանը հաղթել է: «Ոչ, մենք, տուն-տեղ թողել ենք, եկել ենք եւ ուզում ենք ասել, որ մեր թեկնածուն անցել է: Մենք քիչ ենք, բայց հավատարիմ ենք»,- ասաց մյուս կինը, որը կես-լուրջ, կես-կատակ տեղեկացրեց,որ եթե մի քիչ էլ երկար մասնակցի այս նստացույցին, ապա նորից կամուսնանա:
Կանանց մի պահ սկսեց մտահոգել այն, որ ներքեւում՝ Հրազդան տոնավաճառի մոտերքում մի մեծ բազմություն է հավաքվել: «Կարո՞ղ ա Սումգայիթի համար են հավաքվել, էսօր էտ օրն է, չէ՞»,- ասաց կանանցից մեկը: Քիչ անց սկսեցին միմյանց հանգստացնել, որ «դրանք մերոնք են՝ միտինգ են գալիս անեն ու գնան»: Այդ նույն կինը խուճապի մատնվելով՝ ասաց. «Մտքերս թղթին գրեմ, որ չխառնվեմ իրար ելույթ ունենալուց»:
Եվ իսկապես՝ դեպի Լեւոն Տեր-Պետրոսյանի առանձնատուն մոտ հարյուր հոգանոց բազմություն էր բարձրանում՝ բաղկացած հիմնականում կանանցից: Մոտեցանք նրանց ու հարցրինք, թե ովքեր են ու ուր են գնում: Կանայք պատասխանեցին, որ իրենք «Հանրապետական» ու «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունների տարբեր շտաբերի անդամներ են ու եկել են իրենց ձայնին տեր կանգնելու:
Հրազդան տոնավաճառի շենքերից մեկի բնակիչներից մեզ ասացին, որ տեսել են, թե ինչպես այդ մարդկանց բերել են 22LO77 համարանիշով «Գազելով», որին առաջնորդում էր 06LO567 համարանիշով սպիտակ գույնի «Գազ 2410» մակնիշի մի մեքենա: Ականատեներից մեկը ճանաչել է այս մեքենան, որը, ըստ նրա՝ պատկանում է Հարկային պետական ծառայության մի աշխատակցի: Իսկ երթի մեջ այս նույն մարդը նույնպես տեսել է ՀՊԾ աշխատակիցների:
Մեկ ժամ հետո այս մարդիկ հեռացան` Լեւոն Տեր-Պետրոսյանի առանձնատան մոտ թողնելով նստացույց անող մոտ 5 կանանց եւ մեկ տղամարդուն: