Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԴԻՄԵԴՐՈԼԸ ՆԱԵՎ ՄԱՀԱԲԵՐ Է

Հասարակություն

Դեղատնից դիմեդրոլ, անալգին կամ նովոկային դեղերը գնելիս ձեզ հետ անպայման ունեցեք բժշկի դուրս գրած դեղատոմսը, քանի որ առանց դրա դեղատնից դուք ձեռնունայն դուրս կգաք:

Եթե մի որոշ ժամանակ առաջ վերոնշյալ դեղերն ազատ վաճառքում էին, ապա հիմա այդ արգելվել է:

Այս հարցով այցելեցինք Երեւանի մի շարք դեղատներ ու մի փոքրիկ հարցախույզ անցկացրինք վաճառողուհիների հետ: Նրանցից մեկը մեզ պատմեց, որ ինքը իմացել է մի դեպքի մասին, երբ 18-ամյա մի երիտասարդ դիմեդրոլի միանգամից 10 դեղահաբ էր կուլ տվել, որ երկու օր քնի ու այդ օրերին ազատվի իրեն տանջող խնդիրներից: Սակայն արդյունքը եղավ այն, որ, ըստ վաճառողուհու պատմածի՝ նա կամաց-կամաց սկսել էր խելքը կորցնել, «կոշմառներ տեսնել» ու ամեն մի դատարկ բանի համար վախենալ:

Մեկ ուրիշ վաճառողուհի էլ պատմեց, որ հաճախորդներից մեկը` 42 տարեկան մի տղամարդ երկար ժամանակ դիմեդրոլի դեղահաբեր էր գնում իր մոտից: Մի օր էլ իմանում է, որ տղամարդը միանգամից 30 դեղահաբ է կուլ տվել ու որոշել ինքնասպան լինել: «Հիմա, փառք Աստծո, ավելի է խստացվել դեղերի վաճառք: Նույնիսկ երբեմն առանց գլխավոր բժշկի կնիքի ու ստորագրության դեղ դուրս չենք տալիս»,- ասաց նա:

Վաճառողներից շատերը նաեւ խոստովանեցին, որ շատ հաճախ, այսպես ասած` «արգելված դեղերը» առանց դեղատոմսի վաճառում են` նայելով գնորդի արտաքինին: «Եթե նա նորմալ, կարգին մարդու տպավորություն է թողնում, ռիսկ ենք անում ու վաճառում դեղը: Իսկ եթե նույնիսկ մի փոքր իսկ կասկած է լինում, ապա խուսափում ենք այդ քայլից: Վստահություն ունեն նաեւ մեր մշտական հաճախորդները»,- նշեց մի վաճառող: Որոշ դեղերի էլ միայն ամպուլաներով վաճառքն է արգելված, իսկ դեղահաբերով շարունակվում է դրանց վաճառքը: Օրինակ՝ դա վերաբերում է անալգինին ու այդ կարգի դեղերին:

Փորձեցին հարցի առնչությամբ պարզաբանումներ ստանալ նաեւ ՀՀ Առողջապահության նախարարությունից: Սակայն ՀՀ նախարարի խոսնակ Ռուսլաննա Գեւորգյանը, նախ շատ վրդովվեց մեր հարցից, իսկ հետո՝ սկսեց պնդել, որ դեղատոմսով դուրս գրվող դեղերի ցանկը զետեղված է իրենց ինտերնետային կայքում: «Այդ պատճառով պետք չէ անհանգստանել համապատասխան վարչության աշխատակիցներիին նման հարցերով՝ նրանք առանց այն էլ շատ զբաղված են ընտրություններիների պատճառով: Մտեք կայք ու ինքներդ կարդացեք»,- խորհուրդ տվեց տիկին Գեւորդյանը մեզ:

Կայքում ընդամենը գտանք 1998թ. «Դեղերի մասին» ՀՀ օրենքը, որտեղ նշված էր, որ «դեղատներն ու դեղատնային կրպակները թմրադեղերի, հոգեմետ դեղերի շարքին դասված դեղերը բաց են թողնում միայն հաստատված ձեւի համապատասխան դեղատոմսերով»: Թե ինչու է միայն վերջերս այդ օրենքն այսպես խստացվել, ՀՀ ԱՆ-ից այդպես էլ չկարողացանք պարզել: «Գլխացավի, ջերմություն իջեցնող դեղերը թույլատրելի են, բայց մնացածը պետք է դեղատոմսով լինի: Կան դեղեր, որոնց նկատմամբ կարող ես դառնալ դեղակայուն, դրա համար էլ որոշ դեղեր առանց դեղատոմսի չենք տալիս: Շատ քիչ դեղեր են, որ առանց դեղատոմսի հնարավոր է տալ»,- ասաց տիկին Գեւորգյանը: