Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՄԱՀԱՑԵԼ Է ՄԱՆՈՒԿ ԳԱՍՊԱՐՅԱՆԸ

Քաղաքականություն

Այսօր առավոտյան 58 տարեկան հասակում հանկարծամահ է եղել հասարական-քաղաքական գործիչ, «Ժողովրդավարական ուղի» կուսակցության նախագահ, ՀՀ 2-րդ եւ 3-րդ գումարումների ԱԺ պատգամավոր Մանուկ Գասպարյանը: Մահվան պատճառը սրտի սուր անբավարարությունն է. նա երկու անգամ սրտի վիրահատություն էր տարել:

«Դադարեց բաբախել մի մարդու սիրտ, ով անմնացորդ, մինչեւ իր կյանքի վերջին վայրկյանը պայքարում էր ստի, կեղծիքի, երեսպաշտության, անարդարության, չարի եւ անօրինականության դեմ` հույս տածելով, որ Հայաստանում վերջապես կհաղթի ժողովրդավարությունը, բարին, մարդկանց դեմքին կրկին կթագավորի ժպիտն ու արժանապատվությունը»,-ասվում է «Ժողովրդավարական ուղի» կուսակցության վարչության գույժում:

«Ա1+»-ը ցավակցում է Մանուկ Գասպարյանի ընտանիքին, ընկերներին, հարազատներին:

ՄԱՆՈՒԿ ՀՈՎՀԱՆՆԵՍԻ ԳԱՍՊԱՐՅԱՆ

«Ժողովրդավարական ուղի» կուսակցության անդամներն ու մեր երկրի բազմահազար ազնիվ սրտի տեր մարդիկ ծանր կորուստ կրեցին:

2008թ. հունվարի 10-ին, 58 տարեկան հասակում, հանկարծամահ եղավ հասարակական-քաղաքական հայտնի գործիչ, «Ժողովրդավարական ուղի» կուսակցության նախագահ, ՀՀ երկրորդ եւ երրորդ գումարումների Ազգային ժողովի պատգամավոր, Ժողովրդի կողմից սիրված եւ նրա անգնահատելի համակրանքը վայելող ՄԱՆՈՒԿ ՀՈՎՀԱՆՆԵՍԻ ԳԱՍՊԱՐՅԱՆԸ:

Դադարեց բաբախել մի մարդու սիրտ, ով անմնացորդ` մինչեւ կյանքի վերջին վայրկյանը, պայքարեց ստի, կեղծիքի, երեսպաշտության, անարդարությունների, չարի ու անօրինականությունների դեմ, մեծ հույս տածելով, որ Հայաստանի Հանրապետությունում վերջապես կհաղթանակի Ժողովրդավարությունը, կհաղթի բարին եւ մարդկանց դեմքերին կրկին կթագավորի ժպիտն ու արժանապատվությունը:

Մանուկ Գասպարյանը ծնվել էր 1949թ. սեպտեմբերի 16-ին, Ապարանի շրջանի Քասախ գյուղում: Նույն տարում ընտանիքը տեղափոխվել էր Երեւան:

1976թ. ավարտել էր Մոսկվայի ինժեներաշինարարական, 1989թ`. Բելգորոդի սպառողական կոոպերացիայի ինստիտուտները: Տնտեսագետ էր եւ իր ողջ գիտելիքները ներդրեց հասարակության բարորության ու բարեկեցության բարձրացմանը:

Խորհրդային բանակում ծառայելուց հետո, 1971թ-ից մինչեւ 1990թ., աշխատել էր Խորհրդային Հայաստանի առեւտրի նախարարության համակարգում, որպես գլխավոր հաշվապահ, սննդառի տնօրեն: 1990- 1999թթ. հիմնադրել ու եղել է «Օրիոն» ՍՊԸ-ի անփոփոխ նախագահը, ընկերություն, որը հայտնի ու ընդունված էր ազգաբնակչության կողմից:

1997-99թթ. իր գիտելիքներն ի սպաս դրեց Երեւանի Քանաքեռ-Զեյթուն թաղապետարանի ֆինանսական բաժնի պետի պաշտոնում:

Ամենուր ցուցաբերած մարդկային, բարյացկամ մոտեցումների համար, արժանացել էր համայնքի ազգաբնակչության համակրանքին ու սիրուն: Դրա վառ արգասիքն էր 1999թ. ստացած վստահության քվեն, որով ընտրվեց Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի պատգամավոր, փաստորեն դարձավ ժողովրդի ձայնի մունետիկը, չդավաճանեց նրան անարդարությունների, ապօրինությունների դեմ մղվող պայքարում:

1999-2003թ.թ. եղելէ ԱԺ ֆինանսավարկային, բյուջետային եւ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի, «Ժողովրդի ձայն» պատգամավորական խմբի անդամ:

2003-2007թ.թ. անկախ պատգամավոր էր, ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ:

2005թ. օգոստոսին մի խումբ համախոհների հետ ստեղծեց «Ժողովրդավարական ուղի» կուսակցությունը, որի հիմնադիր նախագահն էր:

Բոլոր տեղերում, որտեղ աշխատել էր Մանուկ Գասպարյանը, իր անմնացորդ նվիրումով ու բարձր գիտելիքների շնորհիվ, վայելում էր գործընկերների սերն ու համակրանքը, բայց այդ սերը ոչ ոքի չեր ազատում նույն նվիրումով էլ աշխատելու պատասխանատվությունից:

Նա անմնացորդ նվիրվեց Ժողովրդին ծառայելու գաղափարին, երազում էր տեսնել մեր երկիրը իրոք անկախ ու ժողովրդավար, Հայ մարդուն` ուրախ ու ժպտերես, արժանապատիվ ու բարեկեցիկ, ազատ ու երջանիկ…

Մենք` նրա գործընկերներն ու բոլոր ճանաչողները, երբեք չենք մոռանա մեր սիրելի Մանուկ Գասպարյանին եւ միշտ վառ կպահենք նրա ազնիվ անունն ու հիշատակը, ամեն ջանք կգործադրենք, որ նրա կիսատ թողած գործը, երազանքները հասցնենք հաղթական ավարտի:

«Ժողովրդավարական ուղի» կուսակցության վարչություն