Միայն մեկ դեպքում ենք լուծում տեսնում. հայցերով մտնել դատարան. Փաստաբան (տեսանյութ)
«Արմավիր-Երևան» երթուղին սպասարկող «Գալակտիկա տրանս սերվիս» ՍՊԸ-ում աշխատող վարորդներն իրենց մեքենաներով դեռևս ՀՀ կառավարության շենքի դիմաց են։ Նշենք, որ մարտի 25-ից մեքենաներն այստեղ են՝ ի նշան բողոքի։ Նույն օրը ընկերության տնօրեն Շուշան Խաչատրյանն ասել էր, ինչ-ինչ շրջանակների կողմից անօրինական կերպով մարդատար մեքենաներ են դրվել «Արմավիր-Երևան» երթուղու սպասարկման համար և խանգարում են իրենց գործունեությանը: Մոտ 50 մեքենա անօրինական կերպով ներդրվել է սպասարկման մեջ: Իսկ ուղևորափոխադրմանը մասնակցող վերոնշյալ մեքենաները ֆինանսապես վնաս են հասցնում «Գալակտիկա տրանսսերվիս»-ին: «Մեր հիմնարկին հավասարեցրին հողին», – ասել էր տնօրենը՝ հավելելով, որ իրենց հանդիպել են կառավարության որոշ ներկայացուցիչներ՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի օգնական Նաիրի Սարգսյանի գլխավորությամբ՝ խոստանալով զբաղվել այս խնդրով, սակայն մինչև հիմա որևէ էական փոփոխություն չկա։ Այսօր «Ա1+»-ը զրուցեց ընկերության փաստաբան Գուրգեն Գրիգորյանի հետ։ Նա ասաց, որ բարձրացված խնդրին դեռևս լուծում չի տրվել։ «Միայն մեկ դեպքում ենք լուծում տեսնում. հայցերով մտնել դատարան՝ «ընդդեմ տրանսպորտի, կապի նախարարության և կառավարության» և «պայմանագրով պարտավորությւոնները չկատարելու», որի հատուցման վնասներն էլ սովորական հարկատուների գրպաններից են գնալու»,- ընդգծում է փաստաբանը՝ հավելելով, որ իրենց հաշվարկով մոտ 180 միլիոն դրամի մասին է խոսքը։ 55 միլոն դրամի մասով, Գրիգորյանի խոսքով, արդեն հայցադիմում ներկայացրել են, իսկ մեկ այլ հայցադիմումի հիմնական մասը պատրաստ է, մնում է միայն հաշվարկները վերջնական վիճակի բերել։ «Հիմնավորումներն էլ, ասեմ, տվել է հենց պետությունը, պետական լիազոր մարմինը՝ պետական հարկային տեսչությունն իր ակտերով և արձանագրված փաստերով, թե ինչքան ապօրինի գործունեություն է իրականացվել»,- շեշտում է նա։ Փաստաբանը հարցադրում է անում, եթե փոխադրողը կանգնած է, ինչու մեկը հարց չի տալիս՝ «Ո՞վ է սպասարկում գիծը»։ «Գոնե գնան հիմա հաշվարկեն, որ պետության հարկերը գանձեն։ Ո՞ւմից են գանձելու։ Հեչ, ոչ մեկի մոտ հարց չի առաջանո՞ւմ։ Բա ժողովուրդն ինչո՞ւ չի ասում՝ «Բա էս մեր սպասարկողն ո՞ւր ա»... Գոնե հարկային տեսչության մոտ էդ հարցը առաջանա»,- շարունակում է նա։ Գրիգորյանի խոսքով՝ այս հարցով մոտ 2 հատոր նամակ են գրել համապատասխան մարմիններին։ «Երբ դիմում ես, մեքենաներն ընդեղ ավելանում են, «Գալակտիկա տրանս սերվիսն» էլ տուգանվում ա»,- եզրափակեց նա։ Մանրամասն տեսանյութում.