Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ներկայացում ու նրբերշիկ պատրաստելը նույնը չէ. Ռուբեն Բաբայան (տեսանյութ)

Մշակույթ
ruben-babayan

Թատերական աշխարհը պատրաստվում է մասնագիտական տոնին, որ նշվում է ամեն տարի մարտի 27-ին՝ «Թատրոնը որպես ժողովուրդների միջև խաղաղության և փոխըմբռնման միջոց» խորագրով։ Տոնի  նախօրեին «Ա1+»-ը զրուցել է Երևանի  պետական տիկնիկային թատրոնի տնօրեն, բեմադրող ռեժիսոր Ռուբեն Բաբայանի հետ: « Ունենք արդեն  ձևավորված ավանդույթ: Ամեն տարի հավաքվում և նշում ենք «Արտավազդ» մրցանակաբաշխությունը,որին հաջորդում է տարբեր թատրոններից, դերասանների  ռեժիսորների համատեղ  հավաքույթը: Թեև  ամենակարևորն այս  տոնի հիմքում ընկած սկզբունքն է. այն է՝ մարդկանց մեջ քարոզել խաղաղություն,  ստեղծագործական շփում: Կարծում եմ , որ մենք մեր ներկայացումներով փորձում ենք հասնել դրան»,- ասում  է  Ռուբեն Բաբայանը։  Թատրոնը երեկ է վերադարձել  Մագիլովից ( քաղաք Բելառուսում), որտեղ ներակայացրել են  Նարինե Գրիգորյանի «Իմ ընտանիքը իմ ճամպրուկում է» մոնոներկայացումը,որում ներկայացվում է  արցախյան պատերազմի տարիների մանկությունը:  «Այն կարևոր ազդակ ունի. մարդու կյանքը թեկուզ մեծ դժվարությունների մեջ, բայց   լուսավոր է, մարդն ամենամեծ արժեքն է, և  խաղաղությունից ավելի մեծ բան չկա»,- ասաց պարոն Բաբայանը: -Ինչպիսի՞  ընդունելության արժանացավ ներկայացումը:  -Ներկայացման ավարտին  հանդիսատեսը մոտ 15 րոպե հոտնկայս ծափահարում էր: Ես առաջին անգամ այն տեսա ռուսերեն  լեզվով, ինչը ոչ պակաս ազդեցիկ էր, թեև ղարաբաղյան բարբառն ավելի է ամբողջացնում ներկայացումը: Մյուս օրը  թատերագետների հետ հանդիպման ընթացքում տեղի ունեցավ մի արտակարգ դեպք: Հանդիսականներից մեկը  խոսք խնդրեց: Նա հայկական արմատներով մի աղջիկ էր, ով նոր է ծանոթանում հայոց պատմության, եղեռնի  հետ: Աղջկա արտահայտած միտքը հուզեց բոլորին: Ասաց. « Ծանոթանալով մեր պատմության հետ  ինչ-որ խորը, մութ զգացողություն  էր հայտնվել իմ մեջ. այս ներկայացումով դուք այն  լույսով փոխարինեցիք»:  Սա  խոսում է այն մասին,  որ իրական  ազգային արվեստը համամարդկային է, և հասկանալի  բոլորի համար, որովհետև մենք խոսում ենք մարդու մասին: Իսկ այս պիեսը տեսնելով՝ յուրաքանչյուրն իր պատմությունն է վերհիշում ՝ զուգահեռներ  անցկացնելով: -Ի՞նչ զարգացում է ապրում  այսօր հայ թատրոնն առհասարակ:   Հայ թատրոնն այսօր մի շարք խնդիրների առջև է կանգնած: Ամենամեծ խնդիրն այսօր կազմակերպչական է, համակարգային: Ցավոք, այն համակարգը, որի մեջ գործում է այսօրվա թատրոնը, չի նպաստում  նոր թատերախմբերի ստեղծմանն ու   զարգացմանը: Այն օրենքները, որի շրջանակներում մենք  գործում ենք,  բացարձակ հաշվի չեն առնում թատերական գործունեության յուրահատկությունը, ՝ ստեղծագործական բնույթը: Ի վերջո,  ներկայացում պատրաստելն ու նրբերշիկ պատրաստելը մի քիչ տարբեր գործողություններ են: Բացի դրանից այսօր թատրոնը մասնագետների պակաս ունի: Կարելի է ասել, բոլոր մասնագետներն, ովքեր աշխատում են թատրոնում, ինքնուս են: Փորձառություն ձեռք են բերում աշխատանքում՛ Մենք մասնագիտական կրթություն տալու անհրաժեշտություն ունենք։ -Ասացիք, որ թատրոնը կենդանի օրագանիզմ է, իսկ ի՞նչ է պետք թատրոնը ժամանակի մեջ պահելու համար:  Անհրաժեշտ է մի շատ կարևոր բան. զգալ ժամանակի զարկերակը: Չգիտեմ ով է ասել, բայց լավ է ասել. «Եթե Ռաֆայելը ստեղծագործեր 19-րդ դարի սկզբում և  20-րդ դարի վերջում, նա կլիներ  իմպրեսիոնիստ»: Ամեն    ժամանակ թելադրում է իր ձևը: Այն,  ինչ մենք անում ենք թատրոնում,  չի  կարող համարվել վերջնական արդյունք, եթե չկա շփում հանդիսականի հետ: Թատրոնը  չունի դասական ձև: Դասականը ձևը մեռած ձևն է: Նույն ներկայացումը երկրորդ անգամ, երբեք նույն ձևով չի կրկնվում, նույնիսկ եթե նույն հանդիսականին է ներկայացնում: Սա է թատրոնի և՛ գաղտնիքը, և՛ դժվարությունը, և՛ մեծ առավելությունը: -Ինչպե՞ս եք գնահատում հանդիսատես -թատրոն կապը:  Գիտեք, հանդիսատես-թատրոն կապը երկկողմանի ճանապարհ է: Չի կարելի գործը գնահատել հանդիսատեսի քանակով, այդ դեպքում արվեստը մի կողմ թողնելու և մասկուլտուրայով զբաղվելու վտանգ կարող է առաջանալ: Ի վերջո, հաղթում է ոչ թե այն ժողովուրդն, ով շատ նավթ ունի, այլ նա, ում որակն է բարձր: Իսկ  որակ տալիս է միայն ու միայն մշակույթը: Թատրոնի միջոցով է, որ մարդը կարող է  ճանաչել իրեն, իր շրջապատը՝ դառնալով ավելի խորաթափանց: - Որակական առումով  այսօր հուսալի ձեռքերու՞մ է թատրոնը: Կարծում եմ այո: Հենց մեր թատրոնում այսօր լավագույն ներկայացումներն անում են և՛ երիտասարդ  ռեժիսորները և՛ երիտասարդ  դերասանները: Սակայն այստեղ ուզում եմ մեկ կարևոր բան ընդգծել.  թատրոնում կարելի է լինել  տարիքով, բայց երիտասարդ, ու  երիտասարդ, բայց ծերացած: Երիտասարդությունը բաց  աչքերն ու սովորելու ցանկությունն են: Չեխովն ասում էր. ՝ «Խելոքը սիրում է սովորել, հիմարը ՝ սովորեցնել», և այստեղ կա՛մեծ ճշմարտություն: -Ոլորտում օպտիմալացումը կարո՞ղ է վտանգել  թատերարվեստի հետագա զարգացումը:   Մեր երկրում, ցավոք սրտի, չկա մշակութային  քաղաքականություն, և չկա շատ վաղուց: Մենք անգամ չենք որոշել  ՝ ինչ է տալիս մշակույթը, ինչի համար է մեզ պետք:Եվ անգամ չգիտենք՝ քանի թատրոն պետք է լինի Հայաստանում, և ով դա կարող է որոշել: Արդյո՞ք այն իշխանության որոշելիքն է, իհարկե ոչ. ՝ այն  պետք է որոշի հանդիսատեսը: Այստեղ կարևորն այն է, թե ինչպիսի  մեխանիզմներ կստեղծենք, որպեսզի թատրոնն առանց պետական կառավարման ազատ ապրի,  աշխատի: Պետք է լինի պետության մասնակցությունն առանց կառավարման: Այնինչ մեր պարագայում հակառակն է:  Նախ և առաջ պետք է հասկանանք,  մենք պարտավո՞ր ենք պահպանել այս մշակույթը, որը ժառանգաբար ստացել ենք,  թե՞ոչ:  Որովետև եթե   ես ժառանգություն եմ ստացել Կոմիտաս և Եկմալյան, բայց  պահպանում եմ ռաբիզ,  Կոմիտասն ու Եկմալյանը ծանր բեռ են դառնում: -Եթե նկարագրելու լինեք թատրոնը/  երեք բառով ինչպե՞ս կնկարագրեք:  Կասեմ այն,  ինչ ասացի 21 տարի առաջ, երբ դարձա թատրոնի ղեկավար: «Ես չգիտեմ՝ ՝ ինչպիսին պետք է լինի թատրոնը , բայց գիտեմ՝  ինչպիսին այն չպետք է լինի: Այն չպետք է լինի մեռած,  ձանձրալի,  անհետաքրքիր:  Թատրոնը միշտ պետք է երկխոսության մեջ լինի հանդիսատեսից յուրաքանչյուրի հետ:  -Կարելի՞ է եզրակացնել, որ լավ ներակայացման երաշխիքը հանդիսատեսի մեջ զգացմունք արթնացնելն է: Ոչ միայն զգացում,  այլ՝ երևակայություն: Ավելին, լավ ներկայացումն այն է,  որը հանդիսատեսին  դարձնում է ներկայացման համահեղինակ: -Ի՞նչ նախագծեր կան առաջիկայում:  Հիմա աշխատում ենք երկու մանկական ներկայացման վրա ՝ մեկը ոզնիի մասին, մյուսը ՝ թումանյանական մի քանի հեքիաթների  միավորումն է՝ ՝ մեկ ներկայացման մեջ: Շուտով ՝ ապրիլին, Գոգոլի «Վհուկ»-ն  կտանենք միջազգային փառատոնի, Լեհաստանի Կրակով քաղաք: Հունիսին հրավիրված ենք մասնակցելու  Մոսկվայում Չեխովյան փառատոնին՝   Տաթևիկ Մելքոնյանի  «Я здесь»  ներկայացմամբ: Շուտով ներկայացնելու ենք նաև «The best of Shakespeare» շարքը:    Զրուցեց Նորա Հայրապետյանը