Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մարզպետարանը պալատին երեք աշխատասենյակ կտրամադրի

Հասարակություն
001-4

ՀՀ փաստաբանների պալատի և ՀՀ Արարատի մարզպետարանի միջև այսօր՝ 2019թ. մարտի 22-ին, կնքվել է համագործակցության հուշագիր, որը ստորագրել են ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը և Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը: Երկու կառույցների ղեկավարները ողջունել են մարզի համար այս կարևոր նախաձեռնությունը: «Այս նախաձեռնությունը կնպաստի մարզի բնակիչների իրավագիտակցության բարձրացմանը, ինչպես նաև կնպաստի նրանց իրավական խնդիրների լուծմանը: Մենք լավ գիտենք, որ այսօր մեր քաղաքացիները կառավարման մարմինների ներկայացուցիչներին դիմում են հիմնականում իրավական խնդիրներով և այդ առումով այս համագործակցության շահառուն լինելու է քաղաքացին»,-հուշագրի ստորագրումից հետո ընդգծել է Արա Զոհրաբյանը: Խոսելով հուշագրի կարևորության մասին՝ Գարիկ Սարգսյանը նշել է․ «Մեր ունեցած ռեսուրսները միշտ չէ, որ բավարար են: Մարզպետարանի իրավաբանական բաժնի աշխատանքը գրեթե եռակի ավելացել է և չի հասցնում պատշաճ իրավախորհրդատվություն ապահովել մեր քաղաքացիներին»: Հուշագրի ստորագրմանը ներկա էին նաև Արարատի մարզի փաստաբաններ, այդ թվում՝ Փաստաբանների պալատի Արարատի մարզային նորընտիր համակարգող Արթուր Սարգսյանը: Ըստ հուշագրի Արարատի մարզպետարանը վարչական շենքում անվճար տրամադրելու է տարածք  ՀՀ փաստաբանների պալատի հանրային պաշտպանի գրասենյակի Արտաշատ քաղաքի նստավայրը տեղակայելու համար: Կողմերի համաձայնությամբ տարածքից օգտվելու իրավունք ունեն նաև մարզի տարածքում գործունեություն իրականացնող այն փաստաբանները, ովքեր  չունեն փաստաբանական գործունեություն  իրականացնելու տարածք: Իր հերթին ՀՀ փաստաբանների պալատը պատրաստակամություն է հայտնել տարածքում ապահովել հանրային պաշտպանների և փաստաբանների բնականոն գործունեության համար անհրաժեշտ գույքով և տեխնիկայով։ Փոխըմբռնման հուշագրով նախատեսվում է նաև մարզի ավագ դպրոցներում սեմինարներ կազմակերպել աշակերտներին Մարդու իրավունքների մասին իրազեկելու և փաստաբանի մասնագիտության հիմունքներին ծանոթացնելու նպատակով: Հանրային պաշտպանների, ինչպես նաև տարածքը զբաղեցնող փաստաբանների միջոցով  յուրաքանչյուր ամիս առնվազն մեկ օր մարզի բնակիչների համար կազմակերպվելու է անվճար իրավաբանական խորհրդատվություն: Կողմերը պայմանավորվել են անվճար իրավաբանական խորհրդատվության և տարածքների տրամադրման հարցերը քննարկել նաև մարզի մյուս քաղաքների (Մասիս, Արարատ, Վեդի) համար։ Արարատի մարզպետը նախատեսել է մարզպետարանի շենքի առաջին հարկից փաստաբանների պալատին հատկացնել առնվազն երեք աշխատասենյակ: Մարզում գործում է հանրային 4 պաշտպան: Փաստաբանների պալատ