Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Ես չեմ կարողանում ազատագրել գյուղի չարքաշ ժողովրդին էդ գազանի ձեռքից».փաստաբանը համայնքապետի մասին

Հասարակություն

Ուրցաձորցիները Գլխավոր դատախազության շենքի մոտ էին։ Ուրցաձոր  համայնքի բնակիչ Արտակ Սաֆարյանը մեղադրում է համայնքապետ  Ռաֆիկ Անդրեասյանին  իր այգու անօրինական  վաճառքի  մեջ։  Գլխավոր դատախազության շենքի մոտ  նա պնդում էր, որ 2006 թվականին, երբ Ռուսաստանում էր եղել, իրեն պատկանող այգին համայնքապետը աճուրդով անօրինական ճանապարհով վաճառվել է ինչ-որ ամերիկացու։ Իսկ վաճառքի մասին իմացել է միայն 2010 թվականին և անմիջապես դիմել դատարան՝ շարունակելով այգու  մշակումը։ «2013 թվականից պայքարում եմ։ Ես չեմ կարողանում ազատագրել գյուղի չարքաշ ժողովրդին էդ գազանի ձեռքից։ Ինչո՞ւ, որովհետև մարզի դատաքննչական մարմինն ատամներով պաշտպանում է դրան»,-   հավելում է  նրա պաշտպան Տարիել Քիշմիրյանը։  Նրանց լսեց ՀՀ  գլխավոր դատախազության կոռուպցիոն և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության պետ Արսեն Սիմոնյանը։  «Եվ ես խնդրում եմ գլխավոր դատախազությունից մի բան։ Հարգելի՛ գլխավոր դատախազություն, Դավիթ Սանասարյանի գործողությունները վերցրե՛ք հսկողության տակ։ Նա պատահական անձնավորություն է։ Քաղաքական, չգիտեմ ինչ։ Վերցրեք նրա գործողությունները ձեր բարձրագույն վերահսկողության տակ»,- կոչ արեց Քիշմիրյանը Սիմոնյանին։  «Որևէ պաշտոնատար անձի հետ կապված։ Որևէ, անկախ նրանից, թե ով ա, ինչ դիրք ա զբաղեցնում։ Ունե՞ք կոնկրետ փաստեր, միանշանակ հաղոդում կարող եք ներկայացնել ու միանշանակ ընթացք կստանա»,- եղավ պատասխանը։ Հիշեցնենք, որ փետրվարի 25-ին ցուցարարների կրկին ակցիա էին անում ուղղված Ռաֆիկ Անդրեասյանի դեմ։ Նրանց համար նաև անհասկանալի էր, թե ինչու է պետական վերահսկողության ծառայության պետ Դավիթ Սանասարյանը դադարեցրել Ուրցաձորում կատարվող ուսումնասիրությունները։ Նրանք նաև կառավարությանն էին փոխանցել Անդրեասյանի ունեցվածքի և, իրենց խոսքով,  կատարած չարաշահումների վերաբերյալ որոշ նյութեր։ Այնուհետև ցուցարարները շարժվել էին ազգային անվտանգության ծառայության շենքի դիմաց՝ իմանալու, թե ինչ փուլում են իրենց կողմից Անդրեասյանի դեմ ԱԱԾ ներկայացրած հաղորդումները։ Այնտեղ նրանց հանդիպել էր ԱԱԾ աշխատակիցը և ասել, որ Ռաֆիկ Անդրեասյանի վերաբերյալ նյութերն ուղարկվելու են Արարատի մարզային վարչություն։