Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Տիգրան Ավինյանը Քաղաքաշինության կոմիտեին է ներկայացրել Վահագն Վերմիշյանին

Պաշտոնական

ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը Քաղաքաշինության կոմիտեի աշխատակազմին է ներկայացրել Կոմիտեի նորանշանակ նախագահ Վահագն Վերմիշյանին:   «Վահագն Վերմիշյանը աշխատել է տարբեր երկրներում, ունի մեծ փորձառություն և ստանձնելով Քաղաքաշինության կոմիտեի նախագահի պաշտոնը՝ կաշխատի այն բոլոր բացթողումները շտկելու ուղղությամբ, որոնք կան ոլորտում»,- ասել է փոխվարչապետը: Տիգրան Ավինյանը հատուկ ուշադրություն հրավիրեց քաղաքաշինության ոլորտի կարևորության վրա, խոսելով՝ Կոմիտեի դերի և նշանակության, գերատեսչության վրա դրված մեծ պատասխանատվության մասին:   Նա անդրադարձավ նաև կառավարության համար առաջնահերթություն հանդիսացող գործարար միջավայրի բարելավման, «Գործարարություն» (Doing Business) զեկույցում Հայաստանի դիրք առաջմղման գործընթացում Քաղաքաշինության կոմիտեի մասով կատարվելիք աշխատանքներին:   Փոխվարչապետն խոսեց նաև Կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 7-ի արտագնա նիստում ՀՀ վարչապետի՝ ոչ հիմնական շինությունների փաստագրման, դրանցում բնակվող ընտանիքների նկատմամբ պետական պարտավորությունների ծավալների ուսումնա­սիրման և դրանց իրականացման նպատակով ստեղծված աշխատանքային խմբի աշխատանքներն արագացնելու, արդյունքները սահմանված ժամկետում ամփոփելու անհրաժեշտության մասին:   Տիգրան Ավինյանը Կոմիտեի նորանշանակ նախագահին մաղթեց արդյունավետ աշխատանք, հաջողություն՝ ոլորտի առջև ծառացած խնդիրները լուծելու գործում:    Վահագն Վերմիշյանը, շնորհակալություն հայտնելով փոխվարչապետին, համոզմունք հայտնեց, որ Կոմիտեի փորձառու անձնակազմն ունակ է իրականացնել կառավարության կողմից իր վրա դրված պարտավորությունները և պատվով լուծել  գերատեսչության առջև դրված խնդիրները: