Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՊՊԾ գնդի գրավման օրոք անհետացել է 336 հազար դրամ գումար. պնդել է տուժող ոստիկանը

Հասարակություն

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում տեղի ունեցավ «Սասնա ծռեր» խմբի տասն անդամների գործով հերթական նիստը՝ դատավոր Մեսրոպ Մակյանի նախագահությամբ։ Տեղի էր ունենում գործով տուժողների հարցաքննությունը։ Գործով մեղադրյալ, «Սասնա ծռեր» խմբի անդամ Պավլիկ Մանուկյանի փաստաբան Վահե Եփրիկյանը հիմնվելով ոստիկանության ծառայակից Փայլակ Մնացականյանի  ցուցմունքի վրա, ըստ որի՝ կրակոցները լսվել են ՊՊԾ գնդի տարածքից՝ ուղղեց հետևյալ հարցը. «Եթե ենթադրել եք, որ գնդի տարածքից էին, ի՞նչ հիման վրա եք ենթադրել, որ գնդի տարածքից էին»։ Մնացականյանը պատասխանեց, որ ոտքի շրջանում մեծ ցավ է զգացել և չէր կարող շարունակության վերաբերյալ ինչ-որ ռեալ, ճիշտ ենթադրություններ անել ու տվյալ պահին իրեն հետաքրքիր էլ չի եղել։ Հավելելով, որ իր հիշողություններով ենթադրում է, որ կրակոցը գնդից պետք է լիներ, որովհետև մյուս կողմում սեփական տան պարիսպ էր, որտեղից անհնարին կլիներ կարակոցը և, որ ինքն այդ պատի տակով էր քայլում, իսկ մյուս կողմում կային ոստիկանության  աշխատակիցներ, որոնք զինված չեն եղել։ Ի պատասխան Եփրիկյանի այն հարցին, թե կարելի է եզրակացնել, որ միայն ենթադրության հիման վրա է եղել, որ ՊՊԾ գնդի կողմից են հնչել կրակոցները, ոստիկանության աշխատակիցը պատասխանեց. «Ես հայտնում եմ իմ կարծիքը։ Իսկ իմ կարծիքը առաջանում է իմ ենթադրություններից»։ Իսկ Փոստանջյանի հարցին, թե արդյո՞ք հնարավոր է, որ գնդի կողմից կրակոցները ոստիկանները կատարած լինեին, Մնացականյանը պատասխանեց, որ չգիտի և չի կարծում՝ այդպես կարող էր լինել։ Դատավոր Մեսրոպ Մակյանի այն հարցին, թե արդյո՞ք տեղյակ է գնդի գրավման ընթացքում հրաձգության ընթացքում վիրավորված ու զոհված ոստիկաններ Յուրի Տեփանոսյանի, Արթուր Վանոյանի մահվան, հրազենային վիրավորում ստացած, մի քանի օր հետո հիվանդանոցում մահացած Գագիկ Մկրտչյանի մահվան հանգամանքներից, Փայլակ Մնացականյանը պատասխանեց, որ իրեն որևէ բան հայտնի չէ՝ հավելելով, որ մեղադրյալ կողմին ուղղված որևէ բողոք, պահանջ չունի։   ՊՊԾ գնդի գրավման օրերին հրամանատարի անձնակազմի գծով տեղակալ, ներկայումս ոստիկանության մարտական և ֆիզիկական պատրաստականության բաժնի պետի տեղակալ  Հրաչ Հայրապետյանը նշեց, որ իր աշխատասենյակից գնդի գրավման օրոք անհետացել է 336 հազար դրամ գումար, որը եղել 1-02 շաբաթաթերթի գումարը, սակայն տեղյակ չէ, թե ով էր կարող գումարը հափշտակած լինել։