Վահան Շիրխանյանի սենսացիոն նամակը Ռ. Քոչարյանին1in.am
ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանը «Առաջին լրատվական»-ի հրապարակմանն է տրամադրել բաց նամակ՝ ուղղված ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին. «Ռոբերտ, քանի որ դու ոչ մի կերպ չես ուզում տեսնել, հասկանալ, ըմբռնել քո իրական տեղը, արժեքն ու դերակատարումը հայաստանյան իրողությունում, ստերի հավաքածուն գիրք ես կոչում, ուզում եմ հիշողությունդ թարմացնել մի քանի դրվագներով. 1. 1992 թիվ, հունիս ամիս։ Ստեփանակերտի հրապարակը և մարզադաշտը լցված էր 35000 փախստականներով Շահումյանից և Մարտակերտից։ Ես եկա քեզ մոտ և ասացի, որ նրանց բոլորին պետք է տեղավորել Ստեփանակերտի շրջակայքում ազատագրված հինգ գյուղերում, Շուշիում և Խոջալուում, իսկ ես կպայմանավորվեմ Հայաստանի կառավարության հետ, որ ամեն ընտանիքին օգնություն տրվի, քանի որ երկրաշարժից, ադրբեջանահայ փախստականներից հետո Հայաստանում ոչ մի ազատ հանրակացարան, հյուրանոց, դպրոց չկար։ Ես մեկնեցի Լաչին, որտեղ հավաքված էր փախստականների ևս մեկ խումբ, գիշերեցի այնտեղ, իսկ առավոտյան վերադարձա Ստեփանակերտ։ Լիսագոռից նոր էի անցել, տեսա՝ ճանապարհը լցված է փախստականներով, բոբիկ, ցնցոտիավոր ծեր ու մանուկներով, սոված ու ծարավ։ Հարցիս, թե ո՞ւր եք գնում, պատասխանեցին՝ Քոչարյանը ասաց, որ գնացեք Հայաստան, Ղարաբաղում տեղ չկա։ Տեսարանը ահավոր էր։ Ես հասա Ստեփանակերտ, մտա քեզ մոտ և ասացի՝ «դու անասուն ես»։ Բռունցքներդ սեղանին, գլուխդ կախ՝ ոչինչ չկարողացար պատասխանել։ Արդյունքում Արցախը զրկվեց 35000 բնակչից, և Հայաստանի փախստականների թիվը համալրվեց նույնքանով։ Նրանց մեծամասնությունը հետագայում արտագաղթեց Հայաստանից։ Գուցե դա քո անթաքույց ատելության դրսևորո՞ւմն էր դաշտային արցախցիների նկատմամբ։ Ես այդ օրը համոզվեցի, որ մարդը քեզ համար արժեք չի ներկայացնում, որ դու զուրկ ես պետական մտածելակերպից։ Դե, իհարկե, Ստեփանակերտը, Լաչինը, Վանքը, Մարտունին, Սարսանգը, Քարինտակը, ֆիզուլին, Ջաբրայիլը, Կուբատլին և այլ բնակավայրերը, ուր ես եղել եմ հարյուրավոր անգամ, սահմանից «հեռու» են 50-100 կմ, ինչպես դու ես գրում քո «писулька»-ում։ Պարզվում է՝ դու Արցախի տարածքի աշխարհագրությունից պատկերացում չունես։ Միտումնավոր դեռևս բաց եմ թողնում մինչև 98-ը եղած մանրուքները, չնայած դրանք բոլորովին էլ մանրուքներ չեն։ 2. 1998 թ. 30 մարտի, նախագահական ընտրությունների 2-րդ փուլ։ Բացառապես Վազգեն Սարգսյանի խոսքին տրված 27 տոկոս քվեն դարձրիր քեզ համար 59% և քեզ հռչակեցիր ՀՀ նախագահ։ Իսկ 73 % ստացած Կարեն Դեմիրճյանին «մեծահոգաբար» տվեցիր 41%՝ խոստանալով նաև վարչապետի պաշտոնը՝ Վազգենի պահանջով։ Եվ, իհարկե, խաբեցիր, ինչպես միշտ։ 3. 1998 թ. դեկտեմբերի 10. Վահրամ Խորխոռունու սպանությունը հնարավոր դարձրեց Հոկտեմբերի 27-ի ազգադավ ոճրագործության իրագործումը։ Ի դեպ, դու քո այս բազմաչարչար գործում հիշատակե՞լ ես քո և ԼՂՀ ՆԳ փոխնախարար, Հայաստանից գործուղված Վահրամ Խորխոռունու առավել քան լարված հարաբերությունների մասին։ Եթե մոռացել ես, ես կարող եմ հիշեցնել։ 4. Քո՝ նախագահ ինքնահռչակվելուց երկու ամիս անց Վազգենը ինձ հրավիրեց իր մոտ։ Նա առավել քան մտահոգ էր։ Ասաց՝ Շիրխանյան, էս ի՞նչ արինք։ Էս մարդը հայ չի, նա չի սիրում հային, Հայաստանը։ Զրույցի վերջում նա հանձնարարեց ընտրել ընդունելի գաղափարախոսությամբ կուսակցություն և սկսել այն ստեղծելու աշխատանքը։ Նա որոշել էր Հայաստանը քեզանից ազատել բաց ու ազնիվ քաղաքական պայքարի միջոցով, ոչ թե տեռորով։ 4. Խաբելով Կարեն Դեմիրճյանին՝ Վազգենին դրդեցիր վերջինիս հետ դաշինքի։ Դու սարսափում էիր այդ դաշինքից, որովհետև երկուսից էլ ահավոր վախենում էիր։ Քո վախկոտությունը, թե գոռոզությունը թույլ չտվեցին, որ մասնակցես «Միասնություն» դաշինքի՝ Օպերայում անցկացվող հիմնադիր համագումարին, ինչը Վազգենը և Դեմիրճյանն ընդունեցին քմծիծաղով։ 5. 1999թ. ՊՆ գարնանային կոլեգիայի նյութերը Վազգենը չուզեց ներկայացնել քեզ անձամբ, որովհետև չէր ուզում երեսդ տեսնել, և ուղարկեց ինձ։ Դու կատաղած էիր, եկար նիստի, ու քեզ ոչ ոք չդիմավորեց ՊՆ-ում։ Նման բան երբեք չէր եղել, որ Գերագույն գլխավոր հրամանատարին նախարարը անձամբ չդիմավորեր։ Բայց դու քո գոռոզ և կամակոր բնավորությամբ շարունակում էիր քեզ երևակայել Գերագույն գլխավոր հրամանատար։ 6. 1999 թ. ապրիլին Վազգենը կտրականապես հրաժարվեց քեզ հետ մեկնել Վաշինգտոն՝ ՆԱՏՕ-ի 50-ամյակի վեհաժողովին մասնակցելու համար, և ստիպեց ինձ գնալ։ Հայաստանի և Ադրբեջանի ինքնաթիռները ժամանեցին Վաշինգտոն նույն օրը։ Մեզ դիմավորեց ինքնաթափ ավտոբուսը, տեղափոխեց սրահ, որտեղ իմ, քո և Վարդան Օսկանյանի իրերը մանրակրկիտ ստուգեցին, թիկնապահներիդ զինաթափեցին։ Հաջորդ օրը «Վաշինգտոն պոստ»-ում ես տեսա, որ Ալիևին դիմավորել է անձամբ Օլբրայթը՝ ինքնաթիռի մոտ, կարմիր գորգի վրա։ Ես այդ թերթով մտա քո սենյակ և պահանջեցի վերադառնալ։ Հայությանը և Հայաստանի պետությանը հասցված էր խոր վիրավորանք, բայց դու սկսեցիր ինձ համոզել հակառակում՝ ասելով, որ ամբողջ աշխարհն է գալիս, ո՞ր մեկին դիմավորեն։ Դու ևս մեկ անգամ ապացուցեցիր, որ Հայաստանի և հայության հանդեպ դու պատասխանատվության, պատվախնդրության, հարգանքի որևէ զգացմունք չունես։ Հետաքրքիր է՝ այս դրվագը քո «գրքում» կա՞, նաև այն, թե ինչպես խայտառակվեցիր ապրիլի 24-ին հայության առաջ՝ եկեղեցում ունեցած քո «անգլերեն» ելույթով։ 7. 1999թ. հունիսին՝ կառավարությունը Վազգեն Սարգսյանին հանձնելու ժամանակ, հայտարարվեց, որ բյուջեն ունի 37 մլրդ դրամի ճեղքվածք, սակայն մեկ շաբաթ հետո պարզվեց, որ բյուջեի ճեղքվածքը… 137 մլրդ դրամ է։ Ո՞ւր կորավ քո երկամյա կառավարման ժամանակ այդ հսկա գումարը։ Մեկ շաբաթ անց պարզվեց, որ կորել է նաև 400 մլն դոլար, ՌԴ-ի կողմից Հայաստանին՝ գազամատակարարման ցանցի դիմաց տրված գազի գումարը, որը պետք է մուտքագրվեր բյուջե, բայց բյուջեն մեկ լումա էլ չէր ստացել։ Եվ դու խոսում ես խաբեբայության և խաբեբաների մասի՞ն։ 8. 1999թ. հունիս. Վազգեն Սարգսյանը կառավարության նիստում հայտարարեց, որ արգելում է նախարարներին շփվել քեզ հետ առանց իր թույլտվության: Այս կարգադրությունը կատարում էին բոլոր նախարարները՝ բացի մեկից՝ Սերժ Սարգսյանից, որը արագորեն զրկվեց սուպերնախարարի կարգավիճակից, և ՆԳՆ-ն հանձնվեց Սուրեն Աբրահամյանին։ 9. 1999 թ. հուլիս. Վազգեն Սարգսյանի կարգադրությամբ ստեղծվեց հանձնաժողով, որը պետք է ստուգեր «Հայոսկի», «ԱրմենՏել» և Կոնյակի գործարան ձեռնարկությունների վաճառքի օրինականությունը։ Այս երեքի վաճառքի հեղինակը եղել ես դու և Հայաստանին, միայն այս երեքով, հասցրել ես 1.5 մլրդ $-ի վնաս։ Այս առուծախի գործողություններում բացահայտվեցին բազմաթիվ խարդախություններ, որոնց հիման վրա դու, նվազագույնը, պետք է պաշտոնանկ արվեիր, նորմալը՝ դատվեիր, սակայն 27-ը կանխեց աշխատանքների ավարտը։ Քո և Վազգենի հարաբերությունները օր օրի ավելի էին լարվում: 10. 1999 թ. օգոստոսից Վազգենը իր վրա վերցրեց հանգուցային բոլոր կադրերի նշանակումը։ 11. 1999 թ. սեպտեմբեր. Վազգենը վերադարձավ ամերիկյան գործուղումից կատաղած (ի դեպ, մեկնելուց առաջ նա վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար նշանակեց ինձ, ինչպես և այլ դեպքերում, երբ նա գործուղման մեջ էր լինում), հրավիրեց իր մոտ և բառացի ասաց հետևյալը. «այս տականքը (քո մասին է) համաձայնել է Մեղրին փոխանակել Լաչինի հետ։ Ալբերտ Գոռը նշեց, որ շատ ուրախ է, որ Ղարաբաղյան խնդիրը վերջապես կկարգավորվի: Ես նրան ասացի, որ նման փոխանակում երբեք չի լինի։ Զրույցը շատ ծանր ավարտվեց»։ Նույն Մեղրու խնդրով քեզ վրա գոռացել է Կարեն Դեմիրճյանը բոլորովին ոչ դիվանագիտական լեքսիկոնով և, դուռը շրխկացնելով, դուրս եկել քո աշխատասենյակից։ 12. 1999 թ. սեպտեմբերին Վազգենի կառավարական բնակարանում հայտնաբերվեցին 8 ժուչոկներ։ Հետևությունը դու արա, թե ինչպե՞ս էին նրանք հայտնվել այնտեղ։ Լսող սարքեր հայտնաբերվեցին նաև վարչապետի աշխատասենյակում։ 13. 1999 թ. սեպտեմբեր. ԱՄՆ այցը Վազգենին մտահոգել էր ևս մեկ խնդրով։ Նրան հրամցրել էին մի ցուցակ, որում տարբեր բանկերում անհայտ ծագումով լուրջ գումարներ ունեցող հայ պաշտոնյաներ էին եղել։ Այն, որ նման մարդիկ Հայաստանում կային, ամբողջ ժողովուրդը գիտեր, բայց այն, որ այդ մասին ասել էր օտարը, նրան խորը վիրավորել էր։ Նա ինձ զգուշացրեց, որ ուղարկելու է ինձ մոտ մարդկանց, որոնք «կամավոր» ներդրումներ են անելու արդյունաբերության մեջ։ Եկան քո ամենամտերիմ մարդիկ, որոնցից մեկը պարտավորվեց ներդնել 200 մլն դոլար՝ Սերժ Սարգսյանը, մյուսը՝ 70, հաջորդը՝ 20։ Նրանք գալիս էին վարչապետի մոտից քրտնած ու վախվորած։ Վազգենը սկսել էր թալանաթափության պրոցեսը, որը հասնելու էր նաև քեզ, բայց այն նույնպես խափանվեց Հոկտեմբերի 27-ով։ Հարցին, թե ո՞ւմ էր պետք թալանած փողերի հետգանձման պրոցեսը ձախողել, միգուցե ի՞նքդ պատասխանես։ 14. 1999 թ. հոկտեմբերի 27-ից մի քանի օր առաջ ես և Վազգենը քեզ մոտ էինք՝ «Շողակն» գործարանի վաճառքը քննարկելու համար։ Քո՝ Հայաստանի շահերին վնասող առաջարկը և պնդումը նրան այնքան զայրացրեց, որ նա քեզ ուղղակի հայհոյեց և ասաց՝ «ի՞նչ ես ուզում էս երկրից, ասա՝ տանք պրծնենք», ձեռը գցեց սեղանին, որ շուռ տա քեզ վրա, բայց զսպեց իրեն։ Քո տեսքը չնկարագրեմ, «միակ տղամարդուն» բոլորովին չէր սազում։ Դու գրում ես, որ Վազգենը քո ընկերն էր։ Մարդկության պատմությունում չի եղել դեպք, որ գոռոզ ու ինքնահավան մարդը ընկեր ունենա, նրա շրջապատում կարող են լինել միայն քծնողներ, խլուրդներ, արժանապատվությունից զուրկ մարդիկ։ Ասում ես՝ Լեոնարդը քո ընկերն էր, այդ դեպքում ինչո՞ւ և դու, և Սերժը արհամարհեցիք նրա իմաստուն խորհուրդը, աղերսանքը՝ չգնալ նախագահական պաշտոնի վրա՝ ճշգրիտ կանխատեսելով, որ դա կբերի խորը հակասությունների հայության երկու հատվածների միջև, ինչին մենք բոլորս ականատես և վնասների, կորուստների կրողներ եղանք։ 15. Հոկտեմբերի 27-ին ես ԱԺ-ում էի, երբ դեռ լսվում էին կրակոցներ։ Դահլիճում գտնվող Սմբատ Այվազյանից ճշտեցի իրավիճակը և անմիջապես զանգեցի քո օգնական Ալիկին՝ հայտնելով, որ այդ տականքը դահլիճը կազատի միայն անձամբ քեզ հետ հանդիպելուց հետո։ Այնուհետև զանգել եմ ևս չորս անգամ, քանի որ դու չէիր գալիս։ Վերջապես եկար երեքուկես ժամ ուշացումով։ Քո ուշացումը պայմանավորված էր հետևյալով. 1. Վախենում էիր, որ Վազգենի թիմը քեզ կոչնչացնի։ Շարունակությունը կարդալ սկզբնաղբյուր կայքում.