Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Գրավատների և փոխանակման կետերի փակումը կարող է բերել ստվերային դաշտի մեծացմանը» (տեսանյութ)

Կարևոր լուրեր Հասարակություն
nkar

Գրավատների և տարադրամի փոխանակման կետերի աշխատակիցները, ՍՊԸ-ների տնօրենները կրկին հավաքվել են կառավարության շենքի դիմաց՝ պետական տուրքի բարձրացման խնդրով։ «Գևորգյան և ընկերություն» ՍՊԸ տնօրեն Մհեր Գևորգյանի խոսքով գրավատների և փոխանակման կետերի փակումը կարող է բերել ստվերային դաշտի մեծացմանը։ Մանր ու միջին բիզնեսների փակումը, ըստ Գևորգյանի, հակասում է իշխանությունների կողմից հայտարարված տնտեսական հեղափոխության սկզբունքներին։ Հիշեցնենք, որ պետական տուրքի վերաբերյալ «Պետական տուրքի մասին ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» նախագծով նախատեսվում է 60 անգամ, այն է՝ 6000 %-ով, ավելացնել նշյալ ոլորտների պետական տուրքը, ըստ որի գրավատների համար ներկայիս 100 000 դրամի փոխարեն կսահմանվի 6 միլիոն, փոխանակման կետերի համար՝ 50 000-ի փոխարեն 3 միլիոն դրամ պետական տուրք։ Տվյալ ոլորտների աշխատակիցների, ՍՊԸ-ների տնօրենների փոխանցմամբ՝ երկրում գործազրկության նոր ալիք կբարձրանա, գործազուրկ կդառնա 1 300 աշխատակից՝ մարզերում և Երևանում, տարեկան ավելի քան 900 միլիոն դրամ հարկ չի վճարվի պետական բյուջե։ Գրավատների և տարադրամի փոխանակման կետերի աշխատակիցների մի խումբ հանդիպել է վարչապետի օգնական Նաիրի Սարգսյանին։ Վերջինս հավաստիացրել է նրանց, որ երկուշաբթի օրը՝ մարտի 18-ին նրանց պատասխան կտրվի։